Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է անձնական պատասխանատվություն ունենան ու պահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը». Դավիթ Սանասարյանը՝ «Ոչ թալանի»-ի մասին (Տեսանյութ) 

Հուլիս 28,2015 12:20

«Գիշերը հանգիստ է անցել բախում չի եղել: 30-ից ավելի երիտասարդ է եղել այստեղ: Քննարկումներ են եղել, մարդիկ զրուցել են, նորմալ ժամանակ են անցկացրել: Ինչ վերաբերում է, թե որքան ենք այստեղ մնալու, հիմա հայտարարության տեքստ ենք մշակում, մենք նշել էինք՝ առնվազն յոթանասուն ժամ, հնարավոր է՝ փոփոխություններ լինեն»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության համակարգող Դավիթ Սանասերյանը: Նա նշեց, որ մարզերում եւս իրազեկման ակցիաներ են լինելու՝ ավտոերթ, քայերթ:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ իրենց ակցիաները նպատակ ունեն նաեւ ոստիկաններին իրավական դաշտ բերելու:

«Այսօր նորից փորձեր է արվելու գնալ, նստել այնտեղ,- ասաց նա՝ նկատի ունենալով Հանրապետության հրապարակի գորգը,-Միգուցե ավելի շատ փողոցներ փակվեն՝ Հրապարակ, Հրապարակից դուրս, դա կերեւա ավելի շատ մարդկանց հավաքվելուց հետո: Կարծում եմ՝ երեկվանից հետո ավելի շատ մարդ կհավաքվի, մարդիկ տեղյակ չեն: Այս քայլերով նաեւ իրազեկում ենք: Սպասում ենք նաեւ ամսի 30-ին. այդ օրը կառավարության նիստ է լինելու, հուսով ենք՝ այս հարցին կանդրադառնան, եթե չէ, ուրեմն քաղաքացիները թող վստահ լինեն, որ օգոստոսի մեկից վճարելու են թանկացված սակագնով»,- ասաց նա:

police

Aravot.am-ը հիշեցրեց, որ նախաձեռնության անդամները նշել էին, որ ընդդիմադիր քաղաքական ուժերն իրենց համակրանքն են արտահայտել նախաձեռնությանը եւ ողջունել են մշակված քայլերը: Մեր հարցին՝ ինչպե՞ս են պատկերացնում քաղաքական ուժերի համագործակցությունը իրենց նախաձեռնությանը, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Իրենց միանալը պատկերացնում ենք հայտարարություններով, մարդկային ռեսուրսներով, այլ ռեսուրսներով, զուտ խոսքեր պետք է չլինեն:

Որ քաղաքական ուժերը ներկայացնում են, որ խնդիրը սպառված է, շարժումը մարվել է, այդ քաղաքական ուժերը թող գիտակցեն, որ իրենք իրենց վրա են վերցնում պատասխանատվությունը այն որոշմամբ, որ Սերժ Սարգսյանն է ընդունել ու նրա թիմը, իրենք համակերպվում են եւ ընդունում են Սերժ Սարգսյանի որոշումը:

Թող քայլ անեն, եթե համաձայն չեն մեր հետ, թող իրենց քայլը անեն, իրեն գործողություններն անեն: Եթե քայլեր չեն արվում, ուրեմն օգոստոսի մեկից իրավական ակտը ուժի մեջ է մտնելու»:

police-(1)

Մեր հարցին, թե ինչպես են վերաբերում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների որոշմանը՝ «Ոտքի, Հայաստան»-ին միայն որպես քաղաքացիներ, Դավիթ Սանասարյանն ասաց, որ իրենց որոշումն է, նպատակահարմար չեն համարել միանալ այս փուլում, իրենք կարծում են, որ ավելի նպատակահարմար է քաղաքացիների բողոքի միասնական ակցիան: «Ակնհայտ է, որ մի քանի նախաձեռնություն գործի մեջ չեն: Մենք հետեւողական առաջ ենք շարժվում, այդ թվում, բացի այն, որ մեր պահանջները պաստառների վրա գրված են. նաեւ մենք իրականացնում ենք քայլեր, որ ոստիկաններին բերենք իրավական դաշտ»,- ասաց նա:

Անդրադառնալով իրենց բարձրացրած հիմնախնդիրներին, որոնք սոցիալական են, իրավական, տնտեսական եւ այլն՝ հիշեցրեց, որ ի սկզբանե ասել են, որ այս պայքարի արդյունքում քաղաքական հիմնախնդիր պետք է լուծվի:

Մեր այն դիտարկմանը, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը միշտ խուսափել է խնդիրը քաղաքականացնելուց, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Իրենք էլ հայտարարություն են արել տարբեր հայտարարությունների տեսքով, որ եթե մեր պահանջները չկատարեն, իշխանափոխության ենք գնում, Սերժ Սարգսյանի հրաժարականը կպահանջենք, համացանցում կան նման հայտարարություններ: Ես կարծում եմ՝ դրանք սոցիալական խնդրի վերաբերյալ հայտարարություններ չեն, կոնկրետ քաղաքական հարցեր են բարձրացնում: Օգոստոսի 1-ին իրենց հայտարարությունը չի լինելու, ըստ իս, պետք է անձնական պատասխանատվություն ունենան ու պահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց դա իրենց գործն է, մենք մեր գործը անում ենք, իրենք որպես քաղաքացի այստեղ են: Լավ կլինի, որ ավելի համախմբված, կոչով հանդես գան»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031