ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ցավում է, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումները նախագծի հիմնական 7 գլուխների հրապարակումից հետո էլ նույն մակարդակի վրա են, ինչ երեք ամիս, 6 ամիս առաջ՝ «ուզում եմ, չեմ ուզում», «սիրում եմ, չեմ սիրում»…
-Բովանդակային լուրջ բանավեճ չեմ տեսնում. քննարկումները հիմնականում քաղաքական հարթության վրա են։ Գուցե պատճառն այն է, որ արձակուրդային շրջան է, մարդիկ հանգստանում են, շատերը չեն էլ կարդացել փաստաթուղթը, չեն խորացել մանրամասների մեջ, համեմատություններ չեն արել գործող սահմանադրության հետ, մինչդեռ ժամանակն է բովանդակային քննարկումներ ծավալելու առաջարկվող կոնկրետ դրույթների, կոնկրետ լուծումների վերաբերյալ։
Ե՛վ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը պարտավոր են ժողովրդին բացատրել՝ ինչին են դեմ, ինչին են կողմ, ինչ ենք անում, ինչի համար, ինչ ունեինք, ինչ է առաջարկվում, եւ ինչ կփոխի նոր սահմանադրությունը մեր կյանքում։
-Ոմանք «նեղվում» են, որ նախագիծը ամբողջությամբ չի ներկայացվել հանրությանը. ասում են՝ կիսատ-պռատ մի փաստաթուղթ են դրել սեղանին, դրա ի՞նչը քննարկենք։ Այդ հանգամանքը ձեզ չի՞ խանգարում գնահատական տալու առաջարկվող փոփոխություններին։
-Ո՛չ, որովհետեւ նախագծի 70-80 տոկոսը արդեն հրապարակվել է՝ հիմնական 7 գլուխները, որոնց շուրջ առ այսօր ընթացել է քաղաքական բանավեճը։ Այսինքն՝ հիմնական դրվագները՝ կառավարման համակարգի, իշխանության տարբեր թեւերի միջեւ հարաբերությունների, հակակշիռների եւ զսպման մեխանիզմների, վիճաբանությունների տեղիք տված առանցքային այլ խնդիրների վերաբերյալ։
Կարդացեք նաև
Այնուամենայնիվ սեպտեմբերին, երբ ամբողջական տեքստը հրապարակված կլինի, կարծում եմ, քննարկումները կմտնեն ակտիվ փուլ, պետությունն էլ միջոցներ կձեռնարկի, այդ թվում՝ քարոզչական բնույթի, որոնք հնարավորություն կտան լայն հասարակությանը մասնակից դարձնելու բարեփոխումների գործընթացին, ներկայացնելու բարեփոխումների տրամաբանությունը, նպատակահարմարությունը եւ այլն։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում