Մայրաքաղաքի կանաչ գոտիների, պուրակների և այգիների տարածքների ընդլայնման, նորերի ձևավորման ծրագրի համատեքստում Շենգավիթ վարչական շրջանում շարունակվում են Կարմիր բլուր հնավայրին հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները: Համաքաղաքային գարնանային ծառատունկի աշխատանքների ընթացքում մաքրվել և փորվել է այգու տարածքը , ավելացվել է անհրաժեշտ քանակության բուսահող:
Ներկայում ընթացքի մեջ է և շուտով կավարտվի բարեկարգման աշխատանքների առաջին փուլը: Զուգահեռաբար նախանշվել են ապագա զբոսայգու ճեմուղիները, սիզամարգային հատվածները: Առաջիկա ամիսներին կձևավորվեն նաև հանգստի գոտիները, խաղահրապարակները, այգին կկահավորվի և կներկայանա հարմարավետ ու գեղեցիկ տեսքով: Շուրջ 3000 քմ տարածքով այգին նախատեսվում է երևանցիներին հանձնել հոկտեմբերին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն