Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն անցած շաբաթ ասել էր, թե անցած մեկ տարվա կտրվածքով Հայաստանում փակված փոքր ձեռնարկությունների քանակը ահաբեկող է եւ անցնում է 10.000-ի սահմանը։ Այս շաբաթ արդեն այս հայտարարության վերաբերյալ ցանկացավ իր մեկնաբանությունները տալ էկոնոմիկայի նախարարությունը, եւ այդ խնդրի շուրջ զրուցեց վարչության ՓՄՁ- ների զարգացման վարչության պետ Արամ Օհանյանը։
– Պարոն Օհանյան, Դուք համաձա՞յն չեք Գագիկ Մակարյանի այն հայտարարության հետ, թե մեկ տարվա ընթացքում 10.000-ից ավելի փոքր եւ միջին ձեռնարկություններ են փակվել։
– Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով, որտեղ հաշվառված են իրենց գործունեությունը դադարեցրած տնտեսվարող սուբյեկտները, 2014թ. փակված անհատ ձեռներեցների եւ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հանրագումարը կազմել է 8870: Այսինքն՝ դրանք տասը հազար չեն։ Իսկ 2015թ. առաջին կիսամյակին այդ թիվը եղել է 4709: Նաեւ պետք է հասկանալ, որ փակված ընկերությունների մի մասն են փոքր եւ միջին ձեռնարկություններ։ Այսինքն՝ փակված ՓՄՁ-ների թիվն էլ իր հերթին փոքր է այդ 8870-ից։ Եվ այն պնդումը, թե 2014թ. 10.000 ՓՄՁ է փակվել, չի կարող համապատասխանել իրականությանը։
– Իսկ տարբերակվա՞ծ է, թե գործունեությունը դադարեցրած 8870 ընկերությունների մեջ որքան են ՓՄՁ-ները, որքան՝ խոշոր ընկերությունները։
Կարդացեք նաև
– Տարբերակված չէ, քանի որ լուծարման դիմում ներկայացնելու կամ գործունեությունը դադարեցնելու ժամանակ նման վիճակագրություն, հաշվառում չի տարվում, թե այդ ընկերությունն իրենից ինչ է ներկայացնում եւ որքան ակտիվներ կամ շրջանառություն է ունեցել։ Բայց հասկանալի է, որ մեր ընկերությունների գերակշիռ մասը ՓՄՁ-ներ են։ Եվ դժվար փակվեն այն ընկերությունները, որոնք իրենց ծաղկման շրջանում են։ Ընկերությունները փակվում են այն դեպքում, երբ տեսնում են, որ իրենց գործունեությունը, ցուցանիշները վատ են։
– Ամեն դեպքում, Ձեր ներկայացրած տվյալներով՝ մեկուկես տարվա ընթացքում փակված ընկերությունների թիվը կազմում է 13.770: Չե՞ք կարծում, որ դա մեծ ցուցանիշ է։
– Ճիշտ չէ առանձին դիտարկել լուծարված ընկերությունների թիվը, քանի դեռ մենք չունենք ընդհանուր տնտեսվարողների քանակը։ Եվ հարց է առաջանում, թե արդյո՞ք 8870 թիվը մեծ է։ Դա կարելի է դիտարկել համեմատության մեջ՝ մի պատկեր է, երբ մենք ունենք մեկ մլն ընկերություն, որից 8000-ը փակվում է, եւ մեկ այլ բան է, եթե մենք ունենք ընդամենը 80.000 ընկերություն, եւ կրկին այդքան ընկերություն է փակվում։ 2013թ. փակված ընկերությունների թիվը եղել է 10.845, 2012՝–ին՝ 18.369: Ընդ որում՝ այս դեպքում օրենսդրական փոփոխության խնդիր է եղել, վերակազմակերպման խնդիր է դա եղել։
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում