Այսօր Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն հ/կ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց «Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատում 2014» թեմայով հրապարակումը:
«Աշխարհում չկա մի երկիր, որտեղ կոռուպցիա չլինի, այդպիսի երկիր գոյություն չունի, խնդիրն այն է, թե որքանով է այդ երեւույթը տարածված: Որոշ դեպքերում այն կրում է համակարգային բնույթ, այսինքն` կոռուպցիան դառնում է համակարգի մաս, առանց այդ երեւույթի այդ համակարգը չի կարողանում գործել: Իհարկե, տարբեր գնահատումներ կան մակարդակի մասին, մակարդակը չափել չի լինի, բայց հնարավոր է չափել կոռուպցիայի ընկալման մակարդակը, այսինքն` քաղաքացիները ինչպես են մտածում կոռուպցիայի մասին եւ ոչ միայն քաղաքացիները, փորձարարները եւ այլն: 0-100 սանդղակ է, 0-ն բացարձակ կոռումպացված, 100-ը՝ բացարձակ մաքուր, բացարձակ 2014 թվականի դեկտեմբերի տվյալներով, լավագույն երկրները Դանիան են, Նոր Զելանդիան եւ Սինգապուրը: Այդ երկրներն ավելի քիչ ընկալումը ունեն կոռումպացվածության: Հայաստանի թիվը 37 է, ու ընդհանրապես 50-ից ցածրը համարվում է, որ երկրում լուրջ հիմնախնդիր է, ընդհուպ մինչեւ վտանգ, որ դա համակարգային բնույթ ունի», -ասաց բանախոսը: Վերջինս մեջբերեց Սինգապուրի ու Վրաստանի օրինակը, որտեղ մեծ կամք դրսեւորվեց կոռուպցիայի նվազեցման:
Հիշելով Սինգապուրի վարչապետին, որը կոռուպցիայի դեմ պայքարեց ոչ միայն աշխատավարձերի բարձրացմամբ, այլ մոտ ընկերներին պատժելով, Վարուժան Հոկտանյանն ասաց. «Անպատժելիության մթնոլորտ, եթե կա, ուրեմն իմացեք, որ կոռուպցիան երբեք չի հաղթահարվի: Այսինքն` պատժելիությունը եւ այդ պատժելիության հետ կապված կոռուպցիայի բացահայտելիություն պետք է լինի, եւ օրենքի կիրարկման անխուսափելիություն: Եթե կա կոռուպցիա, համապատասխան իրավապահ մարմինները պետք է տիրապետեն այն բոլոր գործիքներին, որ հնարավոր լինի այդ կոռուպցիան բացահայտել: Հետո իրենք պետք է ունենան սանկցիա վերեւներից դա անեն, ոչ թե վերեւներից ասեն՝ էս մարդկանց չբռնեք: Երրորդը՝ երբ որ բռնվում են, հետագայում դատարաններն այդ մարդկանց պատժեն: Ես նման տենդենց եմ տեսնում մեր մոտ, որ նայում եմ վիճակագրությունը, շատ ու շատ գործեր ընդհակառակը կարճվում են: Անկախ նրանից պաշտոնյան ինչքան բարձր պաշտոն ունի, նա պետք է պատժվի, եթե կոռուպցիայի մեջ բռնվել է»:
Վերջինս նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում կարեւոր է հանրային աջակցությունը, օրինակ՝ Սինգապուրում եթե մեկը ծխախոտ նետի փողոցում, ով տեսնի, կհայտնի ոստիկանությանը, իսկ մեզ մոտ դա կոչվում է գործ տալ: Ըստ Վարուժան Հոկտանյանի, քաղաքական կամք է անհրաժեշտ կոռուպցիայի նվազեցան համար: Նրա ասելով, կոռումպացված լինելու առումով Հայաստանը հարեւաններից Ադրբեջանի ու Իրանի հետ համեմատ ավելի լավ վիճակում է, բայց ավելի վատ վիճակում է, քան Թուրքիան ու Վրաստանը: «Ժամանակին՝ վարդերի հեղափոխության նախօրյակին՝ 2003 թվականի տվյալներով, այդ ժամանակ Վրաստանը աշխարհի հինգ ամենակոռումպացված երկրներից մեկն էր, խայտառակ արդյունք էր: Այնտեղ կարելի է ասել՝ պետություն չկար, այդ վիճակն էր, իսկ մենք այդ ժամանակ նրանց հետ համեմատ լավ վիճակում էինք, 2006 թվականին նրանք հավասարվեցին Հայաստանին, իսկ հիմա նրանց մոտ 52 է, մեր մոտ 37»:
Կարդացեք նաև
«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» -ի կողմից Հայաստանում 13 ինստիտուտներ են գնահատվել՝ խորհրդարանը, նախագահը, գործադիր իշխանությունը, դատական համակարգը, քաղաքացիական ծառայությունը, իրավապահ մարմինները, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մարդու իրավունքների պաշտպանը, վերահսկիչ պալատը, կուսակցությունները, լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակությունը, բիզնեսը: Ըստ բանախոսի, հետազոտությունները ցույց են տվել, որ առավել կոռումպացվածը դատական համակարգը, պետական պաշտոնյաներն ու առողջապահական համակարգն են: Ըստ նրա, ինչքան էլ ռեսուրսներ տաս, բարձրացնես դատավորների աշխատավարձը, եթե անկախ չէ դատական համակարգը, արդյունք չի տալիս: «Եթե դու աշխատավարձ ես բարձրացնում, բայց միեւնույն ժամանակ չկա հսկողություն դատավորի նկատմամբ, նա կշարունակի նույն ապահովությամբ, նույն եռանդով ուտել»:
Վերջինս նշեց, որ Հայաստանում կոռուպցիայի բարձր մակարդակը պայմանավորված է թույլ տնտեսության ու միջին խավի բացակայության, մրցակցության պակասի, քաղաքական ոլորտում մեկ կուսակցության գերիշխանության ուժեղացման, տնտեսական ոլորտում մոնոպոլիզացիայի, անպատժելիության մթնոլորտի տարածված լինելու, ընտրությունների կեղծման, հասարակության ցածր իրավագիտակցության հետ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ