Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր պատասխանը «The Telegraph»-ին՝ միակ երկիրն ենք, որտեղ տուրիստը կարող է ուշ ժամի անվտանգ զբոսնել

Հուլիս 27,2015 19:40

«The Telegraph»-ը Հայաստանը առանձնացրել է որպես տուրիստական խարդախություններով երկիր: Այս հրապարակման մեջ տուրիստական խարդախությունների մակարդակով Եվրոպայի վատագույն երկրների ցանկում Հայաստանն ու Կիպրոսը կիսել են 9-րդ հորիզոնականը:

Հետազոտության հեղինակները, որպես խարդախություն են առանձնացրել գողությունը, գրպանահատությունը, հյուրանոց ժամանելիս թաքցրած տուրիստական հարկ պահանջելը, ավտոմեքենաների վարձույթի շատ բարձր գինը, համառ փողոցային առեւտրականներին, բարձր գին պահանջող տաքսիստներին եւ փողոցային հանցավորությունը:

Հայաստանի կառավարությունը քիչ գումարներ չի ծախսում մեր երկիրը դրսում գովազդելու համար, ընդ որում, Հայաստանը ներկայացնելով որպես անվտանգ երկիր զբոսաշրջիկների համար, սակայն միջազգային կազմակերպությունը մի հրապարակմամբ կարող է կառավարության տարիների աշխատանքը ջուրը գցել:

Aravot.am-ի հետ զրույցում Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը «The Telegraph»-ի նշած` Հայաստանին վերաբերող խարդախության գրեթե բոլոր կետերի հետ համաձայն չէ: Ապրեսյանի խոսքերով՝ երեւի 5 տարին մեկ մի տուրիստից գողություն արվի՞, թե ոչ, սա հազվադեպ երեւույթ է մեր երկրում:

«Հայաստանի մասին լավագույն գնահատականը տվել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը: Նա մի առիթով ասել է՝ ես մինչ Հայաստան գալը չգիտեի ինչ իրավիճակ է այստեղ, բայց հիմա պատասխանատվությամբ ասում եմ՝ Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրներից է, որտեղ կինը կեսգիշերին Երեւանի մի ծայրից մյուսը ոտքով կարող է գնալ, եւ եթե որեւէ մեկը մի բան ասի, դա միայն կոմպլիմենտ կլինի»,- ասաց Ապրեսյանը:

Ինչ վերաբերում է տաքսիների ծառայությունների եւ մեքենաների վարձակալության բարձր գներին, ապա Ապրեսյանն ասաց, որ գուցե որոշ մեքենաների գները բարձր են,բայց դա խարդախություն չէ. «Մենք հիմա աշխատանքներ ենք տանում մեքենանների վարձակալության հարկման առանձնահատկությունների շուրջ, որ ավելի բարենպաստ միջավայր լինի եւ օբյեկտիվ ցածր գին առաջարվկի»:

Ինչ վերաբերում է փողոցային համառ առեւտրականներին, այս մասով էլ Ապրեսյանն ասաց՝ այն, ինչ կա Եվրոպայում, որտեղ այդ տեսակի առեւտրականները մոտենում են տուրիստներին ժամացույց եւ այլ բաներ են առաջարկում, մեզ մոտ նման երեւույթ չկա, բացառիկ վայրերում առեւտրականներ կան, բայց նրանց որպես համառ ներկայացնել ու երկրի նկարագիրը դրանով տալ, ճիշտ չէ. «Փողոցային հանցավորության մասին էլ նրանց գնահատականի հետ համաձայն չեմ: Նախ` զբոսաշրջիկները հիմնականում փաթեթներով են գալիս, եւ տուրօպերատորները ավտոբուսներով շրջում են նրանց հետ, այնպես որ փողոցային հանցավորությունը, կարելի է բացառել»:

Պարոն Ապրեսյանը հիշեց մի դեպք, երբ բրիտանացի լրագրողները, որոնք համագործակցում են տուրիստական համաշխարհային կազմակերպության հետ, իրենց կարծիքն էին հեռուստատեսությամբ արտահայտել Հայաստանի մասին. «Նրանք պատմեցին, որ ցանկացած տուրիստի մոտ կա «ոսկե պահ» զգացողությունը, որը ամենատպավորիչ պահն է որեւէ երկրում: Այս բրիտանացիների ներկայացմամբ, իրենք այդ «ոսկե պահնը» ունեցել են «Վերնիսաժում», երբ շրջում էին երեկոյան, ու առեւտրականներն արդեն իրենց իրերը հավաքում էին, մի 2 առեւտրական նրանց կանչել են իրենց մոտ, բրիտանցիները կարծել են, թե կանչում են ինչ-որ ապրանք վաճառելու համար, սակայն զարմացել են, որ հայ առեւտրականներն ուղղակի նրանց հյուրասիրության էին կանչել, ու նրանք հայերի հետ հաց են կիսել, 2 շիշ օղի են խմել, ու նշել են, որ սա բացառիկ երեւույթ է, որեւէ երկրում նման բանի չեն հանդիպել»:

Aravot.am-ի այն հարցին, արդյոք նախարարությունը չի՞ պատրաստվում պաշտոնապես արձագանքել «The Telegraph»-ին, քանի որ, ըստ էության, Հայաստանի վարկանիշի մասին է խոսքը, Ապրեսյանն ասաց, որ կքննարկեն՝ հասկանալու՝ արժե՞, թե՝ ոչ, կամ ինչպես արձագանքել:

«Սկայ-տուր» զբոսաշրջային գործակալության ներգնա տուրիզմի օպերատոր Նելլի Ավագյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ «The Telegraph»-ի նշած խարդախությունների մասին առաջին անգամ է լսում, համենայնդեպս իրենց գործակալության միջոցով Հայաստան ժամանած զբոսաշրջիկներից երբեք նամն դժգոհություններ չեն լսել. «Գուցե որոշները դժգոհեն գիդի ոչ պատրաստակամությունից, կամ ասենք՝ մեքենան լավը չլիներ, բայց ընդհանուր Հայաստանը զբոսաշրջության համար անվտանգ երկիր է: Բայց որ գողության, գրպանահատության, փողոցային հանցավորության մասին տուրիստները դժգոհեն, նման բան չկա: Նրանք նույնիսկ գիշերվա շատ ուշ ժամի հանգիստ կարող են զբոսնել քաղաքում: Որոշ տաքսիներ, հնարավոր է 1000 դրամի փոխարեն 2000 դրամ ուզեն, բայց սա ամբողջ երկրի վատ նկարագրի առիթ չի կարող լինել:

Ինչ վերաբերում է փողոցային համառ առեւտրականներից, ես մեր փորձից կարող եմ օրինակ բերել՝ իրենց նշած համառ առեւտրականները մոտենում էին տուրիստներին՝ հյուրասիրության համար: Առաջակում էին համտեսել իրենց ձեռքի պատրաստածը, հույս ունենալով, որ հետդարձին գուցե տուրիստը գնի, բայց այդ հյուրասիրության ձեւը տուրիստներին շատ է դուր գալիս, չեն դժգոհում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031