Արաբկիր, Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում որոշվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի «ճակատագիրը»: Մինչ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշելու նրա խափանման միջոցի հարցը, Տիգրան Խաչատրյանի ճակատագրով հետաքրքրվող մի շարք անձինք նրան սպասում են դատարանում:
Պարբերաբար մոտենում են դատական նիստերի դահլիճին ու ականջ դնում: Մեր հարցին՝ մարզպետի ազգականնե՞րն եք, թե՞ Տիգրան Խաչատրյանի ընկերները, Նրանք ասացին՝ որեւէ կապ չունեն Տիգրան Խաչատրյանի հետ:
Այստեղ է նաեւ մարզպետի հորեղբոր որդին՝ «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը: Նա նույնպես անհանգիստ էր ու պարբերաբար մոտենում էր դատական նիստերի դահլիճին:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին` Տիգրան Խաչատրյանի ազգակա՞նն եք, ասաց՝ ոչ. «Դատավորին եմ սպասում», բայց չմանրամասնեց՝ ինչու ու զայրացավ, որ լուսանկարում էինք իրեն:
Պահանջեց հեռացնել լուսանկարը, իսկ բացասական պատասխան ստանալուց հետո, հանեց հեռախոսն ու ասաց՝ ես էլ ձե՞զ նկարեմ հիմա: Հետո զայրացած հեռացավ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ