Լրահոս
Օրվա լրահոսը

Ուխտագնացություն Ս. Թադեոս (Թադե) Առաքյալի վանք

Հուլիս 27,2015 18:11

Հուլիսի 24-25-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Ատրպատականի հայության օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակում, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Ատրպատականի թեմի առաջնորդարանի, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության աջակցությամբ, «Իրան-Հայաստան բարեկամության միություն» հասարակական կազմակերպության հրավերով կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Իրանի Ատրպատական նահանգի Սուրբ Թադեոս Առաքյալի վանք, որը 2008 թվականից ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Ուխտագնացությանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները՝ նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանի ղեկավարությամբ, Սփյուռքահայ ուսանողների խորհրդի, Հայ կանանց միջազգային ընկերակցության, «Հայֆիլմի» ներկայացուցիչները,  կինոօպերատորներ, այլ մասնակիցներ:

Իրանական կողմից ուխտագնացությանը մասնակցում էին  Թեհրանի Հայոց  թեմի առաջնորդ Տ.Սեպուհ արք. Սարգսյանը, Ատրպատականի նահանգապետը, Չալդրանի կուսակալը, իրանահայ երեք թեմերի ազգային իշխանությունների ներկայացուցիչները: Եռօրյա ուխտագնացության առիթով մատուցվեց սուրբ պատարագ և կատարվեց Ջրօրհնեքի արարողություն՝ Ս.Թադեոս առաքյալի աջով: Սուրբ պատարագի երգեցողությունը կատարեց «Կոմիտաս» երգչախումբը՝ երաժիշտ Վարդան Վահրամյանի խմբավարությամբ:

Այցը  Ատրպատական վերածվեց Իրանում «Հայ մշակույթի օրերի»: Ազգային, կրոնական ուխտին մասնակցելու էին եկել հազարավոր հայ, ասորի և կաթոլիկ ուխտավորներ, ովքեր բազմամյա ավանդույթի համաձայն՝ համախմբվել էին Իրանի Ատրպատական  նահանգում գտնվող Սուրբ Թադեոս Առաքյալի վանքի տարածքում:

Ուխտագնացների Խումբն այցելեց նաև Դարաշամբի Սուրբ Ստեփանոս Նախավկա վանք (նաև՝ Մաղարդավանք), որի պատկերաքանդակներն իրենց գեղարվեստական բարձր արժանիքների ու ինքնատիպ առանձնահատկությունների շնորհիվ դասվում են ուշ միջնադարի գլուխգործոցների շարքին։

Այնուհետև խումբն այցելեց Արաքս գետի ափին գտնվող Հին Ջուղայի Հովվի մատուռ կամ Անդեորդիի եկեղեցի, որը բացառիկ դիրք ունի, երեք կողմից շրջապատված է ժայռերով և կառուցվել է թեք ձորալանջի վրա: Վերանորոգված Հովվի մատուռը վկայում է, որ ի տարբերություն Արաքս գետի մյուս ափին գտնվող Ադրբեջանին, որը մշակութային ցեղասպանության և վանդալիզմի իր քաղաքականությունը կիրառելով՝ ոչնչացչել է Հին Ջուղայի խաչքարերը, Իրանը վերանորոգում է մեր պատմական եկեղեցիները:

Հովվի եկեղեցին ևս 2008թ. գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, որից հետո Իրանի եկեղեցիների կենտրոնը, որը Իրանի մշակութային ժառանգությունների հարակից բաժիններից է, վերանորոգել է եկեղեցին: Վերանորոգումը նվիրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Վերականգնող մասնագետները՝ Մարտին և Արմենակ Չոլաքյանները հրավիրվել են Հայաստանից:

2015թ. տեղի ունեցած ուխտագնացությունը 61-րդն էր, այն համընկավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, ուստի այդ առիթով հուլիսի 24-ի երեկոյան Սուրբ Թադեոս Առաքյալի վանքի տարածքում տեղի ունեցավ «Սասունցի Դավիթ» երաժշտականացված թատերական ներկայացումը, որը նախաձեռնել էր Թավրիզի ՀՕՄ-ի մասնաճյուղը՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Ատրպատականի թեմի առաջնորդ Տ.Գրիգոր եպս.Չիֆթճյանի և Թեմական խորհրդի հովանավորությամբ: Այս տարի եռոօրա ուխտագնացության ավարտին՝ Սուրբ Թադեոս Առաքյալի վանքի ներսում՝ հազարավոր ուխտավորների մասնակցությամբ բոցավառվեց  և օրհնվեց Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը:

Ջահը վառելու և օրհնելու արարողությանը մասնակցեցին Հայաստանի եւ Իրանի պետական այրեր, իրանահայ երեք թեմերի ազգային իշխանությունների ներկայացուցիչներ:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031