Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ շեշտեց, որ իրականությանը չի համապատասխանում այն, որ «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային հին համալիրը խիստ վթարային վիճակում է. «Այն վերանորոգման, ամրացման կարիք ունի, բայց խիստ վթարային վիճակում չէ»,- ընդգծեց նա:
Նշենք, որ Հանրային խորհուրդը դրական է գնահատել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի (Կոնցեսիոներ) նոր առաջարկությունը, այն է՝ պահպանել «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի կենտրոնական աշտարակը՝ միաժամանակ վերահաստատելով, որ կառույցի ամբողջական տեսքի պահպանումը, հատկապես մասնագետների հավաստմամբ, հնարավոր է մասնաշենքի նպատակային օգտագործման և ճարտարապետական արժևորման տեսանկյունից:
«Հանրային խորհրդում վերջին հանդիպման ժամանակ մենք բացատրեցինք, որ կարելի է շենքն օգտագործել, պահպանել մասնակի փոփոխություններով, բայց ոչ այնքան ակնառու, որ շենքը դառնա անճանաչելի, իսկ շենքի միայն մի մասի պահպանումն անընդունելի է»,- ասաց Մ. Մինասյանը:
Նրա համոզմամբ՝ եթե Կոնցեսիոներն զգա, որ պետությունը, իշխանավորները, նրանք, ովքեր կոչված են պահպանելու մշակութային հուշարձանները, նշանակություն չեն տալիս, պետական հսկողություն, վերաբերմունք չկա, «իր վեջն էլ չի լինի». «Մենք անփույթ ենք մեր հարստության նկատմամբ: Մտածում ենք՝ ի՞նչ է եղել որ, 40 տարվա շենք է, կարելի է և նորը կառուցել: Մեր պետության համար կարծես թե դժվար է պահպանելը, բայց հեշտ է քանդելն ու նորը կառուցելը»,- ասաց Ճարտարապետների միության նախագահը՝ ընդգծելով, որ պետք է լուծումներ գտնել շենքն ամբողջությամբ պահպանելու համար:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ մոտավոր հաշվարկներով, «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային հին համալիրի ամրացման համար անհրաժեշտ է 10 միլիոն դոլար:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ