Լրահոս
Օրվա լրահոսը

Հնագիտության ինստիտուտի տնօրենը՝ սենսացիոն գտածոյի մասին. «Կարող է ես շպրտել եմ, ինքը ջրի տակից հանել է»

Հուլիս 27,2015 16:00

Aravot.am-ը ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանից մեկնաբանություն խնդրեց Սևանի հատակը ուսումնասիրող Ստորջրյա հետազոտությունների եւ սուզումների հայկական կենտրոնի անդամ Վահե Մելքոնյանի սենսացիոն հայտարարության վերաբերյալ: Պարոն Մելքոնյանն ասել էր, որ Սեւանա լճի 18,5 մ խորությունից գտնվել է հինավուրց քարե ըմպանակ, իսկ Շորժայի հատվածի 8 մետր 40 սանտիմետր խորությունից՝ ուղտի գանգ: Նույն կենտրոնի հիմնադիր Ստեփան Կոջայանն էլ նշել էր, որ իրենց արշավախումբը համագործակցում է ԳԱԱ ինստիտուտների հետ:

Aravot.am-ի հետ զրույցում Պավել Ավետիսյանը հայտնեց. «Ամենայն հավանականությամբ դրանք նոր բաներ են, անձամբ ես չեմ տեսել: Այո, ժամանակին նրանք եկել մեզ հետ շփվել են ու մի քանի տարի է՝ գալիս են: Նաեւ նավակի մնացորդներ ու այլ իրեր էին գտել, որոնք հնագիտական առումով հետաքրքիր չեն, այսինքն` կարող է մի 100 տարվա վաղեմություն ունեն, բայց հնագիտական տեսանկյունից հետաքրքիր չլինեն:

Ինչ վերաբերում է վերջին գտածոներին, նախ պետք է տեսնել դա ի՞նչ է, որքանո՞վ է ձեռակերտ, մարդո՞ւ ստեղծած է, թե՞ փոս ընկած քար է: Մենք դա չենք տեսել: Կարծեմ թե ֆեյսբուքում տեսա, որ իբր մասնագետների հետ նայել են: Այդ մասնագետները մենք ենք ու չենք տեսել: Իրենք հաճախ իրենց ձեռքի տակ եղածը բերում ցույց են տալիս, առայժմ ինչ-որ լուրջ բան չկա: Իսկ այդ ուղտի գանգը, բնականաբար հետաքրքիր է, բայց ոչ հնագիտական առումով, կենսաբաններին գուցե հետաքրքրի»:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենի ձեւակերպմամբ. «Ամեն ինչը պահանջում է երկարատեւ եւ մանրակրկիտ ուսումնասիրություն, ջրի տակից ինչ-որ բան հանելը դեռեւս բացարձակ չափանիշ չէ սենսացիաների, պետք է ուսումնասիրվի, արդյոք հի՞ն է, այդ գտածոն իրենից ինչ-որ բան ներկայացնո՞ւմ է, նոր խոսվի դրա մասին: Թե չէ, կարող է ես երեկ շպրտել եմ, ինքը այսօր ջրի տակից հանել է: Ուզում եմ շեշտել, որ դա լուրջ աշխատանք է պահանջում, եւ ես չգիտեմ, այդ աշխատանքը որեւէ մեկն արե՞լ է, թե՞ ոչ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    “Հայ մեծ մասնագեթի” տիպիկ պահվածք – // Այդ մասնագետները մենք ենք ու չենք տեսել//
    Եղբայր, եթե քեզ մոտ չեն բերել գտածոն, ինքդ գնա գտնողի մոտ, ինչ է եղել? Եթե իսկական գիտնական եք, ապա պագոններդ չեն վնասվի: Հնարավոր է որ լուրջ բան չլինի իսկապես, սակայն հակառակն էլ է հնարավոր, ինչու բացառել ու հեգնանքով վերաբերվել? Հենց միայն փաստը, որ հայ մարդը կյանքը վտանգելով լճի հատակն է իջնում հետաքրքրասիրությունից դրդված, արդեն իսկ հարգանք է ներշնչում: Ինչու հայերս ձգտում ենք ինքնահաստատվելու համար անպայման ուրիշին զրոյացնել?

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031