Լրահոս
Օրվա լրահոսը

Սոս Գիմիշյանը հերքում է Լեւոն Զուրաբյանի վարկածը՝ ՀԱԿ դաշինքի փլուզման պատճառների մասին

Հուլիս 27,2015 15:08
Sos Gimishyan

«Լեւոն Զուրաբյանը սուտ է ասում եւ դա իր համար սովորական բան է: Ինձ համար Լեւոն Տեր-Պետրոսյանն է եղել որոշումներ կայացնողը, ոչ թե Լեւոն Զուրաբյանը: Նա ֆունկցիոներ է եղել, կանոնակարգող էր, չգիտեմ ինչ էր, խորհրդի անդամ էլ չէր: Պրոբլեմն էլ այդպես չի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը` անդրադառնալով Լեւոն Զուրաբյանըի հրապարակած վարկածին` ՀԱԿ դաշինքի փլուզման մասին:

Levon Zurabyan«Ցավոք, փորձը ցույց տվեց, որ 18 կուսակցությունների խորհրդի անդամներից շատերը խաղադրույք էին դրել ՀԱԿ-ի վրա»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել էր ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` պատասխանելով լրագրողի հարցին`մինչեւ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները բոլորը ՀԱԿ դաշինքի կողքին էին. ի՞նչ եղավ, որ հենց այդ ժամանակ սկսվեց պրոբլեմը:

«Ամենամեծ փորձությունը, որը անցնում է ցանկացած քաղաքական ուժ, ընտրական ցուցակի կազմումն է: Երբ միավորումը գնում է ընտրությունների, հարց է ծագում` իսկ ով պիտի լինի ավելի բարձր, որովհետեւ բոլորը հասկանում են, որ իշխանությունները կեղծելու են ընտրությունները: Պետք է կազմվեր միասնական ցուցակ, ընդ որում, ամեն մեկն իրեն պատկերացնում է ցուցակի վերևում: 18 քաղաքական ուժերը, մեկ ամիս վեճերից հետո, երբ որ չկարողացան այդ հարցը լուծել` դիմեցին Տեր-Պետրոսյանին, որ նա կազմի ցուցակը: Երբ որ ցուցակը կազմվեց, պարզվեց որ շատերը զգացին, որ իրենք լավ չեն գնահատվել կամ այն տեղում չեն, որ իրենք իրենց պատկերացնում էին: Ու այդտեղ սկսվեց այն պրոցեսը, որ շատերը ուղղակի նեղացած` իրենց ստացած տեղից, սկսեցին կոնֆրոնտացիայի մեջ մտնել ՀԱԿ-ի հետ: Իսկ երբ իշխանությունների կեղծիքների հետեւանքով ընդամենը 7 պատգամավոր մտավ խորհրդարան, բավականին մեծ չափով մարդիկ մտածեցին, որ խաղադրույքը իրեն չարդարացրեց»,- հայտարարել էր Լեւոն Զուրաբյանը:

Սոս Գիմիշյանը մեզ հետ զրույցում որոշ մանրամասներ բացահայտեց` տարիներ առաջ կատարված իրադարձություններից: Ըստ այդմ, երբ հերթը հասել է ՀԱԿ դաշինքի նախընտրական ցուցակը կազմելուն, քաղխորհրդի նիստում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ինչ առաջարկ համաձայնեցնեն կուսակցությունները` ընտրացուցակի ձեւավորման վերաբերյալ, ինքը դա միանշանակ կընդունի: ՀԱԿ անդամ 18 կուսակցություններից 13-ը համաձայնության են գալիս նրա շուրջ, որ ՀԱԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորելու են կուսակցությունների առաջին դեմքերը` արանքներում էլ Լեւոն Տեր-Պետրոսյանին հնարավորություն էր տրվում մարդկանց մտցնել: Ընդ որում, ստորագրվել էր փաստաթուղթ, որը, ըստ Սոս Գիմիշյանի մինչ այժմ Վաղարշակ Հարությունյանի մոտ է:

«Ես, որպես Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության անդամ, ասում էի` պատրաստ եմ լինել վերջինը, որ որեւիցե խոսակցություն չլինի, բայց ես գտնում էի, որ ցուցակի սկզբում պետք է 18 քաղաքական ուժերի առաջին դեմքերը լինեին»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ բանակցություններին ի սկզբանե 13 կուսակցություն էլ մասնակցել են, քանզի Արամ Զ. Սարգսյանը ի սկզբանե էր հրաժարվել ցուցակ մտնելուց, մի խումբն էլ կրավորական կեցվածք ուներ, այդ թվում Ստեփան Դեմիրճյանը:

Միակ կուսակցությունը, որը դեմ է եղել այդ կարգին, Լեւոն Տեր Պետրոսյանի կուսակցությունն էր`ՀՀՇ-ն: «Պարզ է, որ ինքն էր ասել` դեմ կլինեք, որ տապալվի: Ես խոսել եմ եւ Ստեփան Դեմիրճյանի եւ Արամ Սարգսյանի հետ, նրանք նորմալ էին համարում 13 կուսակցությունների տարբերակը, պարզապես չէին ուզում խառնվել այդ ամենին, դրա համար չեն մասնակցել քննարկումներին: Միակը, որ դեմ էր` Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, որովհետեւ ուզում էր ինքը կազմեր ցուցակը` չնայած հրապարակավ ասում էր` կուսակցությունները ինչ որոշեն…Էո սեփական կուսակցությանը պարտադրեիր, իրենք էլ կողմ կլինեին, կլիներ համերաշխություն: Չէ, ինքն այդ ճանապարհով չգնաց»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ ՀՀՇ-ի դեմ լինելու պատճառով որոշվեց ժողով հրավիրել ու մեկ գիշերում 13 կուսակցություններից 4-ը մնացին սկզբունքային` համաձայնեցված տարբերակի շուրջ` չհամաձայնելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախընտրական ցուցակ կազմի: Դրանք իր, Վաղարշակ Հարությունյանի, Գառնիկ Մարգարյանի ղեկավարած կուսակցություններն էին եւ Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած կազմակերպությունը:

«Ժողովում մեծ ճնշումների, համոզմունքների, հիմա կարեւոր չի թե ինչի արդյունքում, համաձայնեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կազմի ցուցակը: Ու ինքը կազմեց: Ինքը ուզում էր այդպես, եթե չուզենար, ուզենար համերաշխություն պահպաներ, միայն ՀՀՇ-ին կհամոզեր` ասելով, ոնց է, որ մյուսները կարողացել են աշխատել, լեզու գտնել, դուք մենակ եք մնացել: Գոնե մեկին էլ գտնեք, որ ձեզ հետ համաձայն լինեին: Իսկ եթե այդքան ապաշնորհ եք` համաձայնեք, թող կազմվի: Այսպես է եղել: Ժողովի ժամանակ մի քանիսն ասել են` կեցցե Լեւոն Տեր-Պետրոսյանը, թող ինքը կազմի ու կազմել է: Կազմած ցուցակի որակն էլ տեսնում ենք` վեց մասի է բաժանվել»,- ասաց մեր զրուցակիցը:

Իսկ ՀԱԿ-ի պառակտման պատճառը նա համարում է ԲՀԿ-ի հետ համագործակցության որոշումը, քանզի մինչ այդ, ՀԱԿ դաշինքը դեռ պահպանվում էր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031