Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի հայտնաբերման նպատակով շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին, վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում 7 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հսկողությունը՝ ակտիվ համագործակցելով ոստիկանության հետ:
Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 84 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է այս հարցում լինել ավելի խիստ ու հետևողական:
«Ինչպես բազմիցս եմ ասել, սա մեզ համար ինքնանպատակ չէ: Ի վերջո Երևանում պե՛տք է ձևավորվի այն մշակույթը, որ ոչ սահմանված վայրում նախ աղբ չթափեն, նաև գիտակցելով, որ դրա համար օրենքով սահմանված կարգով պատժվում են: Ու սա վերաբերում է ոչ միայն կենցաղային, այլև շինարարական աղբին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն