Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստվերային կառավարում ապահովելու եւ պատասխանատվությունը լղոզելու մոդել

Հուլիս 27,2015 14:00

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը`
սահմանադրական բարեփոխումների նախագծի մասին

– Սահմանադրական բարեփոխումների նախագծի հրապարակված 7 գլուխները հակասականորեն ընկալվեցին քաղաքական դաշտի ընդդիմադիր եւ իշխանական հատվածների կողմից: Առաջինները քննադատում են` դա համարելով իշխանության վերարտադրության միջոց, երկրորդները հակադարձում են՝ ասելով, որ գնալով սահմանադրական բարեփոխումների եւ անցում կատարելով խորհրդարանական կառավարման համակարգին՝ իշխանությունն ընդառաջ է գնում ընդդիմության ծրագրային դրույթներին, որոնք բարձրաձայնվում էին անցած նախագահական ընտրությունների ժամանակ, մասնավորապես՝ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից: Ծանո՞թ եք նախագծին, ո՞ր կողմի փաստարկներն եք առավել իրատեսական համարում:

– Այդ փաստաթղթի շուրջ առարկայական քննարկում ծավալելու իմաստը չեմ տեսնում: Իմ համոզմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում իրական կյանքը թղթի վրա գրված օրենքների հետ կապ ունի միայն այն ժամանակ, երբ այդ օրենքների պահանջները հնարավոր է կիրառել քաղաքացու ու հանրության կենսական շահերի դեմ: Հիշում եմ, թե ինչպես որոշ ժամանակ առաջ Սերժ Սարգսյանը խոսում էր երկրի ղեկավարի պաշտոնում պատահական մարդու հայտնվելու վտանգը կանխելու անհրաժեշտության մասին: Ըստ էության, երկիրը 100% համամասնական ընտրակարգով ձեւավորվող խորհրդարանական կառավարման եղանակին փոխադրելով է, որ փորձ է արվում այդ հարցը լուծել: Անհատը զրկվում է ինքնուրույն՝ առանց կուսակցական մանր մաղով անցնելու ստորացուցիչ ու, այսօրվա դրությամբ, հակասահմանադրական պրոցեդուրային ենթարկվելու՝ քաղաքական կյանքին ու գործընթացներին լիարժեքորեն մասնակցելու հնարավորությունից: Մեծ հաշվով, ներկայիս Հայաստանի պայմաններում այս «բարեփոխումները» կուսակցապետերին են բացառիկ մենաշնորհը տալիս որոշելու, թե ով է «պատահական» մարդ մեր քաղաքական կյանքում, իսկ ով՝ արժանի «մուզիկանտ»:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է իշխանությունը գնում սահմանադրական փոփոխությունների, այն էլ այս պահին, երբ դրա խիստ պահանջը կարծես չկա:

– Իմ կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնման իրական դրդապատճառը ոչ թե երկրի ներքաղաքական կյանքի կարգավորումն ու կառավարչական մեթոդների կատարելագործումն է, այլ համապետական ու համազգային կարեւորագույն հարցերի լուծման համար պատասխանատվության լղոզումը: Սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչվելուց հետո մենք, օրինակ, չենք գտնի այն պատասխանատու պաշտոնյային, ում համաձայնությամբ Արցախի տարածքները կհանձնվեն Ադրբեջանին՝ դրա համար պատասխանատու կլինի անդեմ կուսակցական զանգվածը, որի իրական կառավարիչներն աներեւույթ կմնան հանրության համար:

– Նման վտանգ կա՞ այս պահին:

– Նման վտանգ եղել է 2005 թվականից, երբ ասվեց, որ Աղդամը մեր հայրենիքը չէ:

– Բավական քննարկման առարկա դարձավ խորհրդարանի ձեւավորման կարգը: Իշխանությունը խոստանում է վիճելի հարցերին կարգավորումներ տալ Ընտրական օրենսգրքով: Ընտրական գործընթացների մեր փորձը վստահություն ներշնչո՞ւմ է գործող իշխանության հետագա քայլերին վստահելու առումով:

– Հայաստանում ընտրական գործընթացները քաղաքացիների իրական կամարտահայտության ապահովման միջոց կդառնան միայն այն բանից հետո, երբ երկրում ձեւավորվի լիարժեք, կարողունակ քաղաքական վերնախավ: Մենք դեռեւս այդպիսին չունենք, եւ, ցավոք, այդպիսի վերնախավ հնարավոր չէ ձեւավորել հեղափոխական ճանապարհով: Քանի դեռ վիճակն այս է, պետք չէ ակնկալել, որ իշխանության լծակներին ու դրամական միջոցներին (այդ թվում նաեւ՝ երկրի բյուջեին) տիրացած խմբավորումներն իրենց կամ իրենց տերերի շահերին հակասող ընտրություն թույլ տան:

– Եթե սահմանադրական փոփոխությունները վերարտադրության միջոց էին, ու արդեն իսկ ակնհայտ է, որ այն անցնելու է կեղծիքով, ոչ վստահության մթնոլորտում, ի՞նչն էր ՀՀԿ-ին խանգարում գործող Սահմանադրությամբ վերարտադրվել:

– Կարծում եմ, որ վերը ասածներիցս արդեն իսկ հասկանալի է դառնում, որ այս միջոցով լուծվում է ոչ թե իշխանության վերարտադրելիության, այլ դրա անպատասխանատվության մակարդակն ավելացնելու ու «պատահական» մարդկանցից ազատվելու խնդիրը: Սա ստվերային, այդ թվում նաեւ արտաքին քաղաքական կառավարում ապահովելու համար արդյունավետ մոդել է:

– Նախագահը հայտարարեց, որ եւ «այո»-ի, եւ «ոչ»-ի կողմնակիցներին լիարժեք արտահայտվելու հնարավորություն է տրվում: Ընդդիմադիր քաղաքական գործիչները հայտարարում են, որ նաեւ «ոչ» ասողներն են լեգիտիմացնելու Սերժ Սարգսյանի սկսած գործընթացը: Այլընտրանքը ո՞րն է:

– Ինչ խոսք, բոլորն էլ, հավանաբար, արտահայտվելու իրավունք կունենան: Տարբերությունը միայն այն կլինի, որ դեմ արտահայտվողների իրական լսարանը էապես սահմանափակ կլինի՝ իմ դիտարկմամբ, հատկապես Հայաստանի հանրային կոչված հեռուստատեսությունը այս կարգի խնդիրներն իշխանահաճո դիրքերից լուծելու մեծ փորձ է կուտակել տարիների ընթացքում:

– Դուք որեւէ կերպ դրսեւորելո՞ւ եք Ձեզ այս գործընթացում: ԱԻՄ-ը բողոքի ակցիաներ է սկսում եւ քաղաքական ուժերին, գործիչներին հրավիրում է համատեղ պայքար տանել կեղծիքի դեմ: Ձեզ տեսնո՞ւմ եք այդ շարքերում:

– Անելիքներս ճշտելու համար ժամանակը դեռ բավարար է՝ անպայման կտեղեկացնեմ հանրությանը, եթե որոշեմ հատուկ գործողությունների դիմել:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
25.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031