Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լույսը պետք է տեսնես»,- ասում է Նորվեգիայի ճանաչված հայերից մեկը

Հուլիս 27,2015 12:21

Լուսանկարիչ Հովսեփ Նազարյանն այս տարի Հայաստան էր եկել ապրիլի 24-ին: «Եթե ապրիլի 24-ին չգայի, չէի կարող ինձ ներել , որ հարյուրամյակին Հայրենիքում չեմ»,-ասում է նա:

Նա կրկին Հայաստանում է, հասցրել է լինել նաեւ Արցախում:

Հովսեփ Նազարյանը պատմում է, որ ծնվել է Բեյրութում, ապա փոխադրվել է Նորվեգիա, ամուսնացել նորվեգուհու հետ, ունի Շանթ անունով զավակ:

Մանկության տարիներին գծանկարներ է արել, իսկ տասներեք տարեկանում առաջին նկարը՝ հարսանեկան նկարն է եղել:

Hovsep Nazaryan Hovsep Nazaryan (2) Hovsep Nazaryan (3)Ծիծաղելով հիշում է, որ «պսակի նկարը» կատարել է փոքրիկ ֆոտոխցիկով, ու այդ օրվանից մտադրվել է զբաղվել լուսանկարչությամբ:

«Լիբանանում դժվար էր պատերազմի ժամանակ ֆոտասարք գնելը, ընտրելը, լուսանկարչությամբ զբաղվելը: Չնայած աշխատել եմ մեծ խմբերի հետ՝ թատերական: Եկամուտ ապահովելու համար անհրաժեշտ էր նկարել կնունքներ, պսակներ: Լուսանկարիչների պահանջը հատկապես մեծ էր մահմեդական ընտանիքների շրջանակներում»,-վերհիշում է նա:

Ըստ նրա, Լիբանանի մթնոլորտը եւ մտածելակերպը տարբեր է. «Ես կաշխատեի թատրոնի համար, իսկ լիբանանանցու համար կարեւոր չէր, թե ով է թատրոնի նկարիչը: Լիբանանում ես ինձ տան մեջ չէի զգում: Ազատ չէի զգում: Միշտ մտածել եմ, որ իմ մտածելակերպը եվրոպական է, ոչ Միջին Արեւելքի»:

Իսկ այսօր Նորվեգիայում Հովսեփն ունի «Փրո -Ֆայլ» ստուդիան, որը լավագույններից մեկն է:

Այն, ինչին հասել է, պատմում է, որ ինքնուրույն որոնումների արդյունք է:

Մասնակցել է լուսանկարիչների համաշխարհային առաջին սեմինարին, Լոնդոնում՝ 2006 թվականին: Արժանացել է մի շարք մրցանակների. 2008 թվականին արդեն իսկ համաշխարհային մրցանակաբաշխության է մասնակցել, 6000 լուսանկարիչների մեջ եղել ուժեղագույններից:

«Ինչո՞ւ ընտրվեց «պսակի թեման», հարցին էլ պատասխանում է, որ հարսանեկան կամ պսակի նկարչությունը այն պարզ նկարչությունը չէ, ինչպես որ այն ընկալվում է. «Իմ հասկացողությամբ, եթե արվեստ չկա, իմաստ չունի նկարել նման թեմաներով»:

Հովսեփ Նազարյանի նկարները անուններ չունեն, նա հիմնականում նկարում է դիմանկարներ, եւ նախընտրում է դիմանկարների միջոցով ցույց տալ մարդուն, նրա ներսը. «Հայկական տեսարաններն են հետաքրքրական, որովհետեւ հայ եմ»:

Hovsep Nazaryan (5)Hovsep Nazaryan (1)Որոշ լուսանկարներ նայելիս մտածում էի՝ արդյոք, ֆոտոշոփ չի՞, եւ մի քանի ֆոտոխցիկներով չի՞ աշխատել զրուցակիցս:

«Կամեռան չգիտի մեր մտածածն ինչ է: Մեկ հայացք, եւ լուսանկարը պատրաստ է»,-ասում է նա:

Հայաստանում իր իմացած լուսանկարիչներից անձնապես ճանաչում էր Գերման Ավագյանին, սիրելիների մեջ հիշատակում է Ավստրալիայից՝ Երվանդ Զանազանյանին:

Հայաստանյան լուսանկարներից իմ մոտ տպավորվեց նրա վերջին երկու նկարներից «Սեւանի արծվի», որը ներկայացվում է ստորեւ, եւ Խոր Վիրապը, ասես երրորդ գագաթ՝ Փոքր եւ Մեծ Մասիսների ֆոնի վրա:

Hovsep Nazaryan (4)Լուսանկարիչը հանդիպել էր Դանիայում Հայաստանի դեսպանի հետ՝ շախմատի օլիմպիադայի ժամանակ: «Ծանոթացանք: Դեսպանը հարցրեց, ինչո՞ւ Հայաստանից վերադառնալուց հետո Նորվեգիայում ցուցահանդես չես բացում, որպեսզի ծանոթացնենք մեր մշակույթը, մեր եկեղեցիները: Գաղափարը լավն էր: Երբ գնացել էի Վենետիկ , արդեն իսկ մտադրվել էի… Մեր քաղաքը, որն ունի ամենամեծ ֆոտոակումբը, տնօրենը ներկայացավ, ասաց, եթե կարելի է ցույց տամ Հայաստանի նկարները: Նայեց: Գալիք տարի, մայիսին հնարավոր է Հայաստան հետս գա 8-10 լուսանկարիչ, որպեսզի ներկայացնենք Հայաստանը»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Լուսանկարչին հանդիպելուց հետո վախեցա անգամ նրան լուսանկարել. ախր, ամենքս ֆոտոխցիկ ունենք, բայց ինչպես ենք նկարում:

«Ոչինչ, աշխարհն է փոխվել, տեխնիկան, բարեբախտաբար, ամենքը զբաղված են նկարչությամբ, կուզեն հիշատակ ունենալ, ամեն տեղ, ամեն մի րոպե, մեկին չեն գտնում, իրենք իրենց են նկարում: Ասել է, թե ամեն մարդ սիրում է նկարել:

Դժբախտաբար, որակը քիչ է, գեղարվեստ չկա: Այսօրվա նկարները չեն տպվում, ամենքը զբաղված են ֆեյսբուքով: Վաղը, որ ֆեյսբուքը քո հաշիվը կփակի, բոլոր նկարները կանհետանան: Ես ծանոթներ ունեմ, որոնք հազարներով նկարներ ունեն, ու չգիտեն որտեղ է, որովհետեւ օդի մեջ են «գցվել» դրանք»-ասում է նա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031