Քաղաքտն ամփոփում է խորհրդարանական անցած նստաշրջանըագե
«Ընդդիմադիր քաղաքական ուժերը գոյատեւման խնդիր են լուծում, Հայ ազգային կոնգրեսն այդ խնդիրն էլ չկարողացավ լուծել: Ըստ էության, ընդդիմությունը բավական լուրջ խնդրի առաջ է կանգնած, ընդ որում՝ ընդդիմադիր բոլոր ուժերը: Քայքայման գործընթացի մասին եթե խոսենք, ոչ միայն կարելի է ԲՀԿ-ին նկատի ունենալ, նրա հետ տեղի ունեցածը, այլ նաեւ «Ժառանգությանը», ՀԱԿ-ին, պարզապես այստեղ մասշտաբների հարց կա»,- «Առավոտի» խնդրանքով խորհրդարանական այս նստաշրջանում քաղաքական ուժերի աշխատանքի մասին իր դիտարկումներն է անում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա կարծում է, որ միայն Դաշնակցությունն է այժմ բոլոր ընդդիմադիր կուսակցություններից ամենակայուն վիճակում. «Ավելին ասեմ, որ այս սահմանադրական բարեփոխումների հետ կապված՝ նրանք ստացան այնպիսի սահմանադրական նախագիծ, որին ձգտում էին: Նախ՝ խորհրդարանական համակարգը կամ համամասնական ընտրակարգը մշտապես եղել է Դաշնակցության քաղաքական պայքարի բաղկացուցիչների մասը: Ըստ էության, ստացել են այն, ինչ սպասում էին: Հիմա կտեսնենք, թե ինչպես կարող է դրսեւորել իրեն Դաշնակցությունն այս իրավիճակում. արդյոք նա կգնա՞ իշխանությունների հետ համագործակցության, թե՞ ոչ: Որքան ես եմ տեղյակ՝ քաղաքական դաշտում բավականին ակտիվ է քննարկվում Դաշնակցության՝ քաղաքական կոալիցիա կազմելու հնարավորությունը: Իշխանության որոշակի լծակներ ձեռք բերելու տեսակետից սա կարող է արդյունավետ լինել նրա համար, բայց միեւնույն ժամանակ հնարավոր է՝ դժգոհություններ լինեն Դաշնակցության նկատմամբ: Այստեղ ՀՅԴ-ն լուրջ խնդրի առջեւ է կանգնելու. կկարողանա՞ արդյոք իր լծակները ճիշտ օգտագործել՝ բացասական երեւույթները վերացնելու տեսակետից»,- ասում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Խոսելով «Օրինաց երկիր» կուսակցության մասին՝ քաղաքագետը նշում է, որ այն քաղաքականության մեջ չի եղել. «Ակտիվ չէր, խնդիր չէին լուծում, այլ ավելի շատ փորձում էին օգտագործել հարմար պահը ինչ-որ քաղաքական կշիռ հավաքելու համար, բայց չի հաջողվել»:
Անդրադառնալով քաղաքական օրակարգ մտած սահմանադրական փոփոխություններին, որոնց մասին առավել ակտիվ քննարկումները լինելու են սեպտեմբերից, պարոն Մելիք-Շահնազարյանը նկատում է. «Հիմնական անելիքն այդ փոփոխությունների տրամաբանությունը հասկանալն է եւ առաջարկվող փոփոխությունների շուրջ ինչ-որ դիսկուրս ձեւավորելը: Այսօր մենք տեսնում ենք, որ դիսկուրս չկա: Ավելի շատ գերիշխում են էմոցիաների վրա հիմնված քննարկումներ, մասնագիտական քննարկումներ չկան: Եթե կան իսկապես դժգոհողներ, որոնք դժգոհում են Սահմանադրության փաթեթից, ապա իրենց դիրքորոշումը պետք է ավելի հիմնավորված ներկայացնեն՝ արդյունքների հասնելու համար: Եթե այդպիսի մասնագիտական մոտեցում ցուցաբերվի, եւ նույն ընդդիմադիր քաղաքական ուժերը կարողանան հասարակությանը ներկայացնել դժգոհության պատճառները, ապա կարող են նաեւ հաջողության հասնել Սահմանադրության այդ հայեցակարգը փոփոխելու կամ չեղարկելու հարցում: Բայց մինչեւ այդ չլինի, վախենում եմ՝ ականատես լինենք միայն մամուլում հերթական աղաղակող վերնագրերին, բայց ոչ մի քայլ չտեսնենք»:
Կարդացեք նաև
Քաղաքագետը համաձայն է մեր դիտարկմանը, որ այս շրջանում առավել ակտիվ էր քաղաքացիական հասարակությունը, երկրի համար տնտեսական կարեւոր խնդրի բարձրաձայնման հարցում քաղաքական ուժերը հիմնականում ստվերում էին մնացել, ասում է, որ մեր երկրում քաղաքացիական ակտիվիզմը Բաղրամյանով չսկսվեց ու չավարտվեց: Կարծում է, որ եթե ընդդիմությունն ունենար այդ շարժումն ուղղորդելու պոտենցիալ, կփորձեր անել դա: «Տեսան, որ չունեն, ընդ որում՝ չունեին ոչ միայն քաղաքական տեսակետից, այլ նաեւ կադրային: Շատ ընդդիմադիր ուժեր այդչափ կրթված կադրեր չունեին, ինչքան կային ակտիվիստների շրջանում: Չունենալով այդ պոտենցիալը՝ կարծում եմ, որ ճիշտ արեցին, որ չխառնվեցին, քանի որ կարող էր շատ հետաքրքիր ավարտ ունենալ դա, եւ հետաքրքիր՝ հասարակության համար, ողբերգական՝ այդ կուսակցությունների համար,- ասում է պարոն Մելիք Շահնազարյանը եւ ավելացնում:- Ես պարտադիր չեմ համարում քաղաքացիական հասարակության համագործակցությունը քաղաքական ուժերի հետ: Ամեն մեկն իր գործառույթն ունի, եւ ամեն մեկը պետք է փորձի իր գործառույթը լիակատար, լիարժեք իրականացնել»:
Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասում է, որ քաղաքացիական ակտիվիզմը մեծ ձեռքբերում է Հայաստանի համար եւ լուրջ դեր ունի հասարակական եւ քաղաքական զարգացումների վրա. «Ես շատ հույս ունեմ, որ այդ շարժումները ավելի համակարգային բնույթ կունենան, ավելի հետեւողական կլինեն իրենց պահանջներում եւ ավելի մեծ ազդեցություն կունենան քաղաքական կուսակցությունների, հատկապես իշխանությունների վրա»:
Ամփոփելով թեման՝ քաղաքագետը ասում է. «Այս խորհրդարանական նստաշրջանն ինձ համար անհետաքրքիր էր, ինչը չէր կարելի ասել հասարակական զարգացումների մասին: Բայց տեսանք, որ այդ շրջանում լուրջ հարցեր կուտակվեցին՝ թե քաղաքական, թե տնտեսական բնույթի, որոնց քննարկումները ապագայում նոր քաղաքական դաշտ կձեւավորեն կամ կձեւափոխեն այն, միանշանակ՝ ազդեցություն կունենան»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.07.2015