Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերեն չըմ գինը»՝ ֆիլմ Սասունի հայերի մասին

Հուլիս 27,2015 10:55

Արևմտյան Հայաստան ասելիս հայերիս մեծամասնությունը պատկերացնում է մի երազային վայր, կորուսյալ հայրենիք, որը պետք է հետ բերել: Քչերը գիտեն, թե ովքեր են ներկայումս բնակվում Հայաստանի այդ մասում և ինչով են զբաղվում: Սակայն ավելի քան իրական է այն, որ Արևմտյան Հայաստանում դեռևս շարունակում են ապրել հայեր, որոնց անցած ճանապարհի մասին հազվադեպ է հիշատակվում: Լրագրող Սոֆյա Հակոբյանի ուշադրությունից չեն վրիպել այս խնդիրները: Արևմտյան Հայաստանում նրա փնտրտուքների արդյունքում էլ ծնվել է մի ֆիլմ՝ «Հայերեն չըմ գինը», որտեղ ներկայացված է հայ մարդու առօրյան Սասունի լեռնային գյուղերում:  Սոֆյա Հակոբյանը սիրով կիսվեց Սասունի և տեղի հայերի մասին որոշ տեղեկություններով, իսկ ֆիլմը YouTube-ում կլինի օրերս:

Ինչպե՞ս ծնվեց «Հայերեն չըմ գինը» ֆիլմի գաղափարը:

– Սասուն առաջին անգամ ցանկացա գնալ պարզապես որովհետև պապիկիս գյուղն էլ է Սասունում: Բայց, որպես լրագրող, հանդիպելով ինձ համար չափազանց հետաքրքիր կերպարների, պատմությունների, չէի կարող անտարբեր անցնել: Ցանկացա ավելի մոտիկից ճանաչել դեռևս այնտեղ ապրող հայերին: Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ,որ Արևմտյան Հայաստանում դեռ կան հայեր: Դուրս գանք այդ շրջանակից: Վաղուց ժամանակն է,որպեսզի դադարենք նրանց վերաբերվել որպես ինչ-որ եզակի նմուշ կամ ցեղասպանության խորհրդանիշ: Ինձ հետաքրքիր էին ճակատագրերը, յուրահատկությունները,նրանց դիմադրությունը… Այդպես առաջինին հաջորդեց երկրորդ ճանապարհորդությունը,երրորդը և այդպես շարունակ….
Ֆիլմը պրոֆեսիոնալ չէ: Որպես լրագրող գրառումներին կից լուսանկարների շարք էի պատրաստում անցյալ տարի Սասունում: Սակայն ընթացքում եղան դրվագներ,որոնք պետք է փոխանցել տեսանկարահանման միջոցով… Կյանքումս առաջին անգամ սկսեցի վիդեո նկարել,պարզապես արխիվի համար: Սակայն երբ Երևան եկա,վերանայեցի,հասկացա,որ մեղք գործած կլինեմ եթե քնեցնեմ այդ նյութը. պետք էր փոխանցել, պատմել: Որոշ զուգահեռներ անցկացրեցինք Հայաստանի սասունցիների հետ նաև:

Շաբաթներով ապրելով նրանց հետ՝ հասկացա մի բան: Մենք՝ հայերս, պետք է նախ մեր մեջ փնտրենք մեր բուժումը: Այս ֆիլմը հայ-թուրքական հարաբերությունների մասին չէ, հայերի և հայերի հարաբերությունների մասին է: Մի անգամ ընկերներիցս մեկին ասացի. «Դե որ լսում ենք էսպես գաղթեցինք,էսպես եկանք, սա էլ նրանք են , ում բախտը չբերեց …ովքեր չեկան չհասան»: Նա էլ ասաց. « Դա դեռ հարց է՝ ում բախտն է բերել» : Իրականում մի բան հասկացա, մենք պահպանել ենք մեր կրոնը, լեզուն, սակայն բոլորիս պապերը մահացել են հայրենիքի կարոտով: Մինչդեռ նրանք կորցրել են մշակույթ, հաճախ կրոն և լեզու, բայց նրանց բոլորի պապերը թաղված են հենց այդ հողում, որտեղի մասին մենք այդքան երազել ենք: Իրականում երկու կողմն էլ « կիսատ » է: Նրանք ունեն այն, ինչ չունենք մենք,մենք ունենք այն,ինչ չունեն նրանք: Այս երկու կողմերը միավորվելու դեպքում կարող ենք բուժվել՝իրար լրացնելով: Ֆիլմի հիմքում այս միտքն է ընկած:

2 1

Ինչքանո՞վ են տարբեր բնակավայրերում ապրող հայերը տարբերվում իրենց կենցաղով, մտածելակերպով, սովորույթներով:

– Արևմտյան Հայաստանում Ցեղասպանությունից հետո հայկական բնակչության բեկորները սփռված են եղել գրեթե երկրի ամբողջ տարածքով. մահմեդականների կողմից կնության առնված կանայք, որպես ստրուկ գնված որբեր և անգամ ամբողջական տոհմեր: Հետագա կյանքի զարգացումներն,անշուշտ, կապված էին տեղանքի և մի շարք այլ գործոնների հետ: Բնականաբար, շատ քիչ տարածքներում հայերին հաջողվեց առաջիկա երկու երեք տասնամյակում ամբողջությամբ չձուլվել քրդերի, թուրքերի կամ արաբների հետ: Օրինակ՝ Էրզրումում կարող ենք գտնել բազմաթիվ ընտանիքներ, որոնք ունեն հայ տատ, բայց միայն այդքանը: Ինչու՞: Էրզրումի տարածքը, նոր բնակչությունը, և այն հանգամանքը, որ այդ տարածքում տղամարդկանց մեծ մասը ոչնչացված էր ու մնացել էին միայն անպաշտպան կանայք ու որբերը, թույլ չէին տալիս, որպեսզի հայկական տարրը շարունակի ապրել տվյալ տարածքում: Մինչդեռ, օրինակ, Դերսիմում զազա բնակչության շնորհիվ, որոնք ալևիներ են և շատ սերտ կապերով են կապված հայերի հետ,պաշտպանել ու թաքցրել են հազարավոր հայերի:
Պահպանվել և բազմանալ հիմնականում հաջողվեց ամբողջական տոհմերով իսլամացած և մյուս իսլամացած հայերի հետ ամուսնություններ կազմակերպող խմբերին: Այս իրավիճակը շատ հատուկ էր հենց Սասունին, որտեղի լեռնային անառիկ դիրքը թույլ էր տալիս բարձրադիր լեռնային գյուղերում ծպտյալ կյանք վարել ու միմյանց մեջ պահպանել ավանդույթները:
Այստեղ շատ մեծ դեր է խաղացել զինված ինքնապաշտպանությունը: Թեև այն կարողացան կոտրել, բայց այն չէր կարող ապարդյուն անցնել:

Զեյթունի օրինակը նույնպես ցույց է տալիս, որ այն տարածքներում, որտեղ կարողացել են դիմադրել, հայկական տարրը քիչ թե շատ պահպանվել է:

4
Զինված ինքնապաշտպանությունից հետո այն սասունցիները, որոնք չգաղթեցին, երկար ժամանակ մնացին պատսպարված լեռներում կամ մնացին թաքնված իրենց պաշտպանող կամ հայերին որպես ստրուկ գնած քրդական ու արաբական աշիրեթներում, և միայն 1920-ականների երկրորդ կեսին դուրս եկան, սկսեցին նոր տներ կառուցել: 90 տոկոսը իրենց գյուղերում չեն մնացել, այլ տեղափոխվել են այն վայրերը, որտեղ ավելի ապահով էր թաքնվել ու պաշտպանվել: Պատահական չէ, որ այսօր Սասունի այն գյուղերը,որտեղ դեռ հայեր են ապրում, Սասունի ամենաանառիկ, բարձրադիր գյուղերն են, հիմնականում Մարաթուկ լեռան ստորոտին, որտեղ մինչ օրս անգամ մեքենայի ճանապարհ չկա:

Ի դեպ այս տարածքի հայերը, ի սկզբանե ձևական ընդունելով Իսլամ, հետագայում դեռ երկար տարիներ կարողացել են պահպանել քրիստոնեական ավանդույթները: Սասունի հայերը ցեղասպանությունից միայն 60-70 տարի անց 1970-80-ականներին, նոր ճնշումների ենթարկվելով են կամ գաղթել գյուղերից մեծ քաղաքներ կամ պարտադրաբար ընդունել Իսլամ: Այսօր այն մահմեդական հայերը, որոնց կհանդիպեք Սասունում, ամենաշատը 30-40 տարվա իսլամացածներ են և ունեն բազմաթիվ քրիստոնյա ազգականներ Թուրքիայի այլ քաղաքներում, հիմնկանում՝ Ստամբուլում:
Ի՞նչ խնդիրների առաջ են կանգնել և կանգնում են Արևմտյան Հայաստանում ապրող հայերը ցեղասպանությունից հետո:

– Դրանք բազմաթիվ էին՝ կրոնականից մինչև սոցիալական: Այսօր , օրինակ, ընդհամենը մեկ ամիս առաջ Սասունի Կոմեկ գյուղում վերջապես ասֆալտապատում էին իրականացնում, սակայն ամբողջ գյուղում միայն մեկ թաղամաս էին բաց թողել՝ հայկականը: Այդ գյուղում դեռ 3 քրիստոնյա ընտանիք է բնակվում, նրանց տան ճանապարհը առանձնացված է, տարրական պայմաններ չկան: Երեխաները ժայռերի միջով են դպրոց գնում: Նրանց համար այսօր առաջնայինը կրթության և մկրտության հարցերն են: Արևմտյան Հայաստանի տարածքում ընդհանրապես չեն գործում հայկական դպրոցներ 1915թ.-ից ի վեր: Մինչև 1960-ականները Մարդինում և Տիգրանակերտում դեռ գործող եկեղեցիներից քահանաներ էին գալիս Սասունի գյուղերը, պսակ և կնունք իրականացնում: 1970-ականներից տեղի մահմեդականների կրոնական ճնշումների հետևանքով վիճակը լարվեց, իսկ 1980 թ.-ի զինվորական հեղաշրջումից հետո սկսեց իսլամացման նոր ալիքը: Սասունում մոտ 7-8000 հայեր փրկվել են ցեղասպանությունից հետո, այսօր նրանց սերունդները 50 000-ը անցնում են: Գիտակցաբար 10 երեխայից պակաս չէին ունենում: Սակայն պատկերացրեք, որ այսօր այս մարդկանց միայն մոտ 30 տոկոսն է մնացել Սասունում, մնացածը Ստամբուլ են գաղթել հիմնականում: Պատճառները նույնն էին՝ հայկական կրթօջախների բացակայությունը գյուղում, եկեղեցի,կրոնական առաջնորդ չունենալու հարցերը, նաև շատ մեծ խնդիր են ունեցել աղջիկներին քրդերից և արաբներից փրկելու: Սասունում հայ աղջիկներին 10-12 տարեկանում ամուսնացրել են, տվել մեկ այլ հայ ընտանիքին հարս, քանի որ եթե հասներ 14-15 տարեկանի մահմեդականները կառևանգեին: Նաև ամուսինը մահացած հայ կանայք ստիպված ամուսնացել են ամուսնու եղբայրներից մեկի՝ հիմնականում ավագի հետ, քանի որ այրի հայ կինը համարվում էր քրդի «բաժին»:

Սակայն ամենածանրը նրանց համար եղել է հայկական գերեզմանների վրա հարձակումներն ու իրենց մեծերին քրիստոնեական ավանդույթներով թաղելու արգելքները:

Այսօր երիտասարդների մեծ մասը արտագաղթել է, գյուղում մնում են ծերերը: Սա էլ է խնդիր, երիտասարդները գյուղում չեն կարողանում մնալ, իսկ մեծերը գյուղը լքել չեն ուզում: Արդյունքում ընտանիքները պառակտվում են հաճախ:

1960-1980-ականներին ամբողջ Արևմտյան Հայաստանի տարածքից հայերի գաղթ սկսվեց դեպի Ստամբուլ, Սեբաստիայից, Խարբերդից, Դերսիմից, Բիթլիսից, Մուշից… Սասունցիները ամենավերջինը դուրս եկան, 1980-ականների երկրորդ կեսին միայն: Ոմանք անգամ մինչև 1990-ականների կեսեր մնացել են Սասունում: Դեպի քաղաք գաղթը շատ բան փոխեց, վերացման եզրին է բարբառը: Նաև երիտասարդներին արդեն չեն կարող պարտադրաբար ամուսնացնել իրենց ծանոթ հայերի հետ, փոխվել են ժամանակները, պայմանները: Սկսել են նշմարվել խառն ամուսնություններ, որոնք շուտով էլ ավելի կշատանան:
Որքանո՞վ են նրանք մասնակցում Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքին:

– Առհասարակ ավելի փակ կյանք են նախընտրում վարել: Չխառնվել քաղաքականությանը, չխառնվել ոչնչին… « Թող մեր երեխաները միայն հայերի հետ ընկերություն անեն, ամառը հայկական ճամբար գնան, իրար հետ մեծանան,իրար հետ ամուսնանան» և այլն… Թեև երիտասարդների մեջ սա արդեն փոխվում է: Իրենց կապանքների մեջ են զգում, և դա բնական է. ապրում ես մի երկրում, որտեղ ստիպված ես միշտ քեզ մեկուսացած զգալ, բարդույթներ ես ունենում: Երեխաներն արդեն որոշակի գիտակցական մակարդակի գալուց հետո սկսում են ազատ շփվել թուրքերի հետ, քննարկել անցյալը: Հրանտ Դինքի օրինակը շատ ուժեղ ազդեցություն ունեցավ, ցանկանում են ավելի շատ լսելի դառնալ, քան նախկինում:
Այստեղ առաջինը բանակում ծառայելու հարցն է: Թուրքիայում անձը հաստատող փաստաթղթում նշվում է քաղաքացու կրոնը: Դա երբեմն կարող է խնդիրներ ստեղծել հասարակական կյանքում, և ավելի շատ բանակում: Այսինքն, ընտանիքներում ամենամեծ վախը սա է: Սակայն կարող եմ ասել, որ քաղաքական առումով պասիվ երիտասարդները ոչ մի խնդրի չեն հանդիպել: Այսինքն, բանակում և ամենուր ամենալավ հայը Թուրքիայում նա է, ով շատ «չի աղմկում»:
Մինչ Ստամբուլ տեղափոխվելը, այսինքն՝ մինչև եկեղեցով մկրտվելը անձը հաստատող փաստաթղթում քրիստոնյա գրել չէին կարող, կնունքի թուղթը պարտադիր է: Սասունի գյուղերում, տեղի պատասխանատուները երբեմն դիտավորյալ մարդկանց կամքին հակառակ գրում էին «մահմեդական» : Գնում երեխային գրանցում ես,ասում ես «քրիստոնյա» գրում է «մահմեդական»,ասում ես «Հարություն», գրում է «Հուսեյն» : Բայց այս հանգամանքը հաճախ փրկել է տղաներին, շատերը բանակում ծառայությունը վերջացնելուց հետո վերադարձել են դատարանի միջոցով փոխել գրությունը ու գրանցվել որպես քրիստոնյա: Ցավոք, այսօր Պոլսի պատրիարքարանի սահմանած գները մկրտության ծեսի համար այնքան բարձր են, որ ամեն մեկի գրպանին հասու չէ քրիստոնյա լինելը:

Անկախ ամեն ինչից, հայերը՝ քրիստոնյա, թե մահմեդական պետության կողմից վերահսկվում են, հասարակության այլ մահմեդական հայերին հատկապես գյուղերում միշտ էլ «հայ» բառով են հայհոյել: Նրանք երկու քարի արանքում են. հայերը նրանց ասում են թրքացած, թուրքերն ասում են՝ «հայի ծնունդ»:

 

 https://aratta.am/?p=7298

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031