Լրահոս
Օրվա լրահոսը

Հավերժական թշնամիներ

Հուլիս 27,2015 12:00

«Չկան հավերժական թշնամիներ եւ հավերժական բարեկամներ. կան շահեր»: Չգիտեմ՝ ով է այս բացարձակ ճշմարտության իրական հեղինակը, բայց որ բացարձակ ճշմարտություն է՝ կասկած չունեմ: Չնայած, ըստ ամենայնի, այս իմաստությունն իր մեջ քաղաքական էություն ու ենթատեքստ է պարունակում, այդուհանդերձ՝ կիրառելի է մեր կյանքի բոլոր բնագավառներում: Առեւտրի, բիզնեսի, արվեստի եւ այլն:

Այսուհանդերձ, այս բացարձակ ճշմարտությունը կիրառվում է հիմնականում քաղաքական ենթատեքստով եւ հատկապես քաղաքական իրադարձությունների թեժության ու լարվածության ժամանակ: Եթե հիշում եք՝ Ղարաբաղյան շարժման տարիներին մեզանում այս ասույթն առաջին անգամ հնչեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանի բերանով, եւ ընդունելի էր գրեթե բոլորի համար:

Քաղաքականության մեջ ոչ միայն երկրներն են շահերով առաջնորդվում, ոչ միայն այդ երկրների իշխանություններն են շահերով առաջնորդվում, այլեւ ընդդիմությունը: Որովհետեւ ընդդիմադիրներն էլ են մարդ ու մահկանացու՝ մսից ու արյունից: Եվ, բնականաբար, իրենց շահերն ունեն՝ ինչպես բոլոր իշխողներն ու իշխվողները, ինչպես բոլոր պետություններն ու մարդիկ:

Արդյոք մեր ընդդիմության շահն ա՞յն էր, որ մեզանում այսօր ընդհանրապես ընդդիմություն գոյություն չունենա: Նույնիսկ թույլ ընդդիմություն: Չեմ կարծում: Նույնիսկ իշխանությունների շահը դա չէր պահանջում, որովհետեւ ուժեղ ընդդիմությունն իշխանությունների լավագույն խորհրդատուն ու գլխավոր շարժիչ ուժն է: Չնայած մերոնք տրամադրված չեն սա հասկանալ, բայց սա հայտնի ու բացարձակ ճշմարտություն է: Իհարկե, ժողովրդավարության պայմաններում: Բայց քանի որ մենք իրական ժողովրդավարությունից բավական հեռու ենք, էդ բացարձակ ճշմարտություններն ի վիճակի չենք հասկանալ:

Բայց վերադառնանք մեր հավերժական եւ ոչ հավերժական թշնամիներին ու բարեկամներին:
Աշխարհի բոլոր ժողովուրդներն ու երկրներն էլ ունեցել են ու ունեն թշնամիներ, բայց այդ թշնամիներից որեւէ մեկը հավերժական չէ: Նույնիսկ Հիրոսիման ու Նագասակին պատճառ չդարձան, որպեսզի Ճապոնիան ու Միացյալ Նահանգները հավերժական թշնամիներ դառնան: Շատ ու շատ հարցերում նրանք դաշնակիցներ եւ նույնիսկ բարեկամներ են: Համենայնդեպս, այդպես են ցույց տալիս:

Ի տարբերություն ճապոնացիների ու գրեթե շատերի՝ հայերս ունենք հավերժական թշնամի, ավելի ճիշտ՝ թշնամիներ:

Չէի ասի, թե խորհրդային տարիներին ադրբեջանցիների հետ երդվյալ թշնամիներ էինք, բայց Ղարաբաղի հարցից ու ղարաբաղյան պատերազմից հետո երդվյալ թշնամիներ դարձանք, ու մեր թշնամության վերջն ու ավարտն էս պահի դրությամբ չեն նշմարվում եւ մոտ ու նույնիսկ հեռավոր ապագայում դժվար էլ նշմարվեն, որովհետեւ ղարաբաղյան հարցի վերջն ու ավարտն էլ տեսանելի ապագայում չեն նշմարվում: Հաղթել ենք, ճիշտ է, բայց ադրբեջանցիները դժվար թե համակերպվեն մեր հաղթանակի հետ: Եվ եթե նույնիսկ համակերպվեն, վերստին կլինենք եւ կմնանք հավերժ թշնամիներ: Որովհետեւ այդպես ենք ցանկանում: Որովհետեւ մեր թշնամությունը հոգեւոր սննդի պես բան է դարձել, եւ որեւէ Մինսկի խումբ ի վիճակի չէ մեր հավերժական թշնամության դեմն առնել: Առանձնապես շատ չեն էլ ցանկանում: Իրենց համար հարմար աշխատանք են գտել՝ զբաղվում են: Ինչքան երկար մեր թշնամությունը շարունակվի, էնքան իրենք աշխատանք ու զբաղմունք կունենան: Փաստորեն, մենք մեր հավերժական թշնամությամբ Մինսկի խմբի անդամներին հավերժական աշխատանքով ենք ապահովում: Ուրիշ շատ «խաղաղասերներ» էլ կան, որոնց զբաղվածությունն ապահովում ենք՝ մեր հավերժական թշնամությունը մեզ համար նույնպես զբաղմունք դարձնելով:

Հենց այսպես էլ ապրում ենք: Եվ ով ավելի է ադրբեջանցիներին ատում, նա ավելի լավ հայ է համարվում: Եվ ով ավելի է ադրբեջանցիներին ատում, նա ավելի լավ է ապրում: Այսինքն՝ մեր հավերժական թշնամու գոյությունն ապահովելու հարցում ավելի քան շահագրգռված ենք:
Բայց մեր թշնամությունը չպիտի ադրբեջանցիների վրա սպառենք: Որովհետեւ թուրքերն ու Թուրքիան էլ կան, եւ չնայած մենք ադրբեջանցիներին էլ ենք թուրք անվանում, այնուամենայնիվ, դրանք տարբեր են: Այլապես կունենայինք ընդամենը մեկ հավերժական թշնամի, այլ ոչ թե երկու: Եվ դրանից մեր գործունեությունն ու ինքնագործունեությունը զգալիորեն կնվազեին: Ինչպես նաեւ՝ մեր հայրենասիրությունը զգալիորեն կնվազեր: Որովհետեւ մեզանում հայրենասերի համարում ունեն առաջին հերթին նրանք, ովքեր առավել սրբորեն են պահում ու պահպանում մեր հավերժական թշնամյաց հանդեպ մեր հավերժական թշնամությունը:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
25.07.2015

 Շարունակությունը կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031