Լրահոս
Օրվա լրահոսը

Երազանքների մասին

Հուլիս 26,2015 12:02

Ես գրում եմ 8 տարեկանից: Տանը ես տեսնում էի, որ ծնողներս էլ են ինչ-որ բան գրում՝ այն ժամանակ չէի հասկանում, թե ինչ: Դրանից եզրակացրեցի, որ գրելը լավ բան է: Դեռահասության տարիներին երազում էի գրող դառնալ՝ իմ սիրելի հեղինակներ Դիքենսի, Սոմերսեթ Մոյեմի նման: Բայց հետո հասկացա, որ բավականաչափ գեղարվեստական երեւակայություն չունեմ` «սյուժեի գյուտ» անելու համար: Իսկ առանց սյուժեի ես գրականություն չեմ պատկերացնում՝ թող ինձ ներեն տարբեր տեսակի «մոդեռնիստները» եւ նրանց երկրպագուները: 15-16 տարեկանում երազում էի դիրիժոր դառնալ, բայց այս դեպքում էլ արագ գիտակցեցի, որ տվյալ մասնագիտության համար պահանջվող  բավականաչափ լավ երաժշտական լսողություն չունեմ:

Իսկ դուք, սիրելի ընթերցող, ունեի՞ք պատանեկան երազանքներ: Եթե դուք իմ հասակակիցն եք, ապա գուցե երազում էիք դառնալ ցեխավիկ կամ Կենտկոմի քարտուղար: Բայց հուսով եմ, որ ավելի լավ բաների եք ձգտել՝ տիեզերագնաց, նկարիչ, շինարար, քիմիկոս…  Բոլոր դեպքերում շատ հնարավոր է, որ ձեր երազանքները չեն իրականացել կամ, ինչպես իմ դեպքում, իրականացել են մասամբ: Դա այնքան էլ կարեւոր չէ: Իսկ ի՞նչն է կարեւորը: Իմ կարծիքով, մի քանի բան:

– Որ մանկության եւ պատանեկության տարիներին մարդն այդ երազանքն ունենա, եւ այն լինի որոշակի, ոչ թե՝ «երազում եմ հարուստ լինեմ», կամ՝ «երազում եմ պաշտոն ունենամ»:

– Որ այդ երազանքը լինի դրական, ոչ թե՝ «երազում եմ, որ իմ դասարանցի Վարդուշը մաթեմատիկայից «երկուս» ստանա»:

– Որ մենք ոչ մեկին չմեղադրենք այդ երազանքի՝ իրականություն չդառնալու համար:

– Որ մենք հասուն տարիքում հիշենք այդ երազանքի մասին:

– Որ մենք հասուն տարիքում նույնպես ունենանք երազանքներ:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031