Այսօր «Գրանդ սպորտում» անցկացված ԶԼՄ-ների միջեւ սքվոշի սիրողական 1-ին առաջնության ավարտից հետո մասնակից բոլոր լրագրողները միաբերան նշում էին, որ այս մարզաձեւը իրենց շատ դուր եկավ: Այնքան, որ առաջարկ եղավ այն ընդգրկել ՀԱՕԿ-ի եւ «Առավոտ» օրաթերթի համատեղ անցկացվող ԶԼՄ-ների միջեւ սպարտակիադայի ծրագիր եւ այդ նպատակով դիմել վերոնշյալ կազմակերպությունների ղեկավարներին, մարզաձեւի ազգային ֆեդերացիա եւ վերջինի համաձայնություն ստանալու դեպքում, նրանց հետ ճշգրտել պայմանները:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Աստղիկ Աղաբաբյանն Aravot.am-ին ասաց. «Նախաձեռնությունը կազմակերպվել է զուտ այն բանի համար, որ ԶԼՄ-ները խաղալով գործնականորեն ծանոթանան մեր երկրում այս նոր մարզաձեւին եւ նրանց օգնությամբ, ու աջակցությամբ սքվոշը հասանելի դարձնենք հայ հասարակությանը»:
Աստղիկ Աղաբաբյանը եւ «Գրանդ սպորտ» մարզաառողջարարական համալիրի փոխտնօրեն Հայկ Բունիաթյանը լրագրողներին խոստացան, որ նրանց այս ցանկությունն անպայման կփոխանցեն ֆեդերացիայի նախագահ Միքայել Վարդանյանին եւ հույս հայտնեցին, որ լրատվամիջոցների հետ գործնական համագործակցությունը մշտական կլինի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև