Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը

Հուլիս 25,2015 18:29

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով այսօր ձերբակալվել է Տիգրան Խաչատրյանը:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Տ.Խաչատրյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք, այն է` Հարություն Զաքարյանին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ:

Ավելի վաղ հայտնել ենք, որ նախաքննությամբ ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները, շարժառիթը, միջադեպին ներկա գտնված, մասնակցություն ունեցած մի շարք անձանց ինքնությունը։

Ձեռք բերված ապացույցների համաձայն`  նշված տարածքում մայիսի 2-ին՝ ժամը 17-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետևանքով վնասվել էր  Մ.Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։ Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետևանքով Մ.Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս:

Կատարված քննչական գործողությունների արդյունքում նախկինում 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ Մ.Զաքարյանին ծեծելու, միջին ծանրության վնաս պատճառելու համար:

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031