Հուլիսի 31-ին՝ ժամը 14:00-ին, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա Գրիգոր Նարեկացուն նվիրված գիտական, գեղարվեստական ցերեկույթ:
«Նարեկացու լույսը» խորագրի ներքո կներկայացվեն գիտական, գեղարվեստական մեկնաբանություններ Նարեկացու և նրա մատյանի՝ Նարեկի հրաշագործությունների մասին:
«Գրիգոր Նարեկացին մեզ համար ոչ միայն աստվածաբան է, այլև փիլիսոփա և մեծ գիտնական,- ասում է նախագծի հեղինակ Անահիտ Դավթյանը,- և այդ համատեքստում ևս մեկ անգամ փորձ կարվի մեկնաբանել Նարեկացու վարդապետական ուսմունքն ու խոսքը»:
Անահիտ Դավթյանի խոսքով՝ միջոցառման ընթացքում կհնչեն նարեկյան ընթերցումներ՝ Սոս Սարգսյանի կատարմամբ:
Նախատեսված է նաև Նարեկացու մասին պատմող գիտական ֆիլմի դիտում:
Նախագծի շրջանակներում հանդես կգան Դանիել Երաժիշտը, Գևորգ Դաբաղյանը, օպերային թատրոնի մենակատար Հովիկ Նազարյանը, երգչուհի Սոնա Գևորգյանը և ուրիշներ:
Իսկ կենտրոնի ժամանակավոր ցուցադրությունների սրահում կներկայացվեն հայ նկարիչների ու քանդակագործների՝ Նարեկացուն նվիրված գեղանկարներ և քանդակներ:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ