Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Ղուկասյան. Սաքունցը հաստատել է մեր հետազոտության արդյունքները

Հուլիս 25,2015 16:05

«Միջազգային հումանիտար զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանը քաղաքացիական հասարակության մասին իրենց գիտահետազոտական աշխատանքը ներկայացնելիս՝ հայտարարել էր, որ պետական մակարդակով վերահսկողություն է  պետք իրականացնել հասարակական կազմակերպությունների վրա: Նա ասել էր, որ տասնյակ կազմակերպություններ կան, որոնց ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն են ֆինանսավորում, եւ որոնք ուզում են Հայաստանում հեղափոխություն իրականացնել:

Այդ հասարակական կազմակերպությունների շարքում էր նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Aravot.am-ը զրուցել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հետ: Վերջինս ասել էր, թե «Միջազգային հումանիտար զարգացման» հասարակական կազմակերպությանը լուրջ չի ընդունում. «Ավելի շատ լուրջ է նրանց թիկունքում կանգնած կազմակերպությունը, որը ռուսական կառույց լինելով հանդերձ, նաեւ իմ սուբյեկտիվ կարծիքով, ռուսական պետական կառույցի ներկայացուցիչն է՝ ФСБ-ի»:

Այս մասին Aravot.am-ը զրուցեց Արման Ղուկասյանի հետ:

«Զարմանալի է այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, եթե դեմ է ինչ-որ հ/կ-ների գործունեությանը, որոնք ստանում են դրամաշնորհներ Եվրոպայից, Արեւմուտքից, ԱՄՆ-ից եւ անում են գործունեություն, որը մեր սուբյեկտիվ կարծիքով մեր արժեքներին, արժեքային համակարգին այնքան էլ օգուտ չի տալիս եւ ի նպաստ մեր երկրի չէ, մեր սուբյեկտիվ կարծիքով, ուրեմն՝ այդ քաղաքացիները համարվում են ФСБ-ի գործակալներ, կամ էլ նրանց հետեւում կանգնած է ինչ-որ ուժային կառույց: Դա ինձ համար, իհարկե՛, զարմանալի է»,- ասաց նա:

Արման Ղուկասյանը ընդգծեց, որ Արթուր Սաքունցը հաստատել է իրենց կատարած հետազոտության արդյունքները՝ նշելով, որ եթե հնարավորություն ունենա, ապա անպայման գունավոր հեղափոխություն կանի. «Իր խոսքերից ես կարող եմ հասկանալ, որ մեր հետազոտության արդյունքները բավականին ճշգրիտ են: Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել անկեղծության համար»:

Ըստ նրա՝ նաեւ զարմանալի է այն հանգամանքը, որ իրենք չեն նշել Ռուսաստան, ռուսական շահեր բառերը, խոսել են բացառապես Հայաստանի Հանրապետության շահերի մասին. «Մենք ասում ենք՝ չենք ընդունում դա եւ հետազոտություն ենք ընդամենը անցկացրել: Եվ մեր տոլերանտ դեմոկրատական սկզբունքներով պայքարող գործընկերները միանգամից անվանում են, որ եթե մենք Եվրոպայի արժեքներին ենք դեմ, ուրեմն՝ Ռուսաստանի արժեքներին ենք կողմ, կամ էլ Ռուսաստանին ենք կողմ: Մեր խոսքերի մեջ ընդհանրապես չի եղել Ռուսաստան բառը, մենք ընդհանրապես նման բան չենք ասել, ես ընդհանրապես չեմ հասկանում այն մեկնաբանությունները, որոնք տեղի են ունենում, եւ չեմ ուզում արդեն մեկնաբանել այդ ամենը»:

Արման Ղուկասյանը հավելեց, որ իրենց աշխատանքը շարունակական է լինելու. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ այն կազմակերպությունները, ես հիմա չեմ նշում որեւիցե մի կազմակերպություն, որոնք որ պատրաստ են Հայաստանի Հանրապետությունում հնարավորության դեպքում գունավոր հեղափոխություն իրականացնել, գոյություն չունենան մեր երկրում: Եվ դրանով պետք է զբաղվի Ազգային անվտանգությունը, որպեսզի հասկանանք՝ ինչո՞ւ են գալիս այդ դրամաշնորհները եւ ի վերջո ինչ նպատակ ունեն մեր երկրում, որ այդպիսի դրամաշնորհներ են գալիս»:

Լուսանկարը՝ Արման Ղուկասյանի ֆեյսբուքյան էջի:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարդան says:

    տենաս էդ տղու կազմակերպությունը ինչի հաշվինա գոյատևում, կարողա դրմաշնորհներ չեն ստանում ռուսաստանից….կամ էդ ինչու է զարմացած երբ ռուսական հպատակ են համարում, հենա սաղ գորշունեությունը ռսալպստման մեջ է կայանում էդ Արմանի…քանի կար անկապ անիմաստ բաց նամակներ էր հղում քաղաքացիական հասարակությանը, պատգամավորներից ինչ որ բան պահանջելով, իբր էդ պատգամավորիկներին սերժիկ ձյաձյան չի նշանակել, հիմա էլ մայդանի հետքերա փնտրում, հայ մարդկանց արդար բողոքի մեջ արևմտյան հետք է որոնում, ճիշտ սովետական չեկիստների գործելաոճ….իհարկե դրան լուրջ պետք չէ ընդունել, դրա տերերին է պետք լուրջ ընդունել

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031