Լրահոս
Օրվա լրահոսը

«Փարկինգ Սիթի Սերվիսը» գումարը ստացել է Երեւանի քաղաքապետարանից, սակայն իրեն տեղեկատվության տնօրինող չի համարում

Հուլիս 25,2015 11:00

ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանի նախագահությամբ երեկ բավական բուռն ընթացավ եւ ավարտվեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» (ԻԱԿ) հասարակական կազմակերպության՝ ընդդեմ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանի, վարչական գործով դատական նիստը:
Դատական ակտը կհրապարակվի օգոստոսի 14-ին:

Մինչ դատական նիստը՝ կողմերից սերվիսի ներկայացուցիչ Դավիթ Կարապետյանն առարկեց, որպեսզի «Ազատություն» ռադիոկայանի լրագրողները նկարահանեն դատական նիստը, սակայն չհիմնավորեց, իսկ դատավորը լրատվամիջոցի ներկայացուցիչներից պահանջեց փաստաթուղթ: Դատարանը մերժեց տեսանկարահանումը, սակայն չարգելեց ձայնագրելը:

ԻԱԿ-ի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Կարեն Մեժլումյանը (լուսանկարում) անդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի` դատարանի մերժումը համարեց ոչ իրավաչափ` նկատելով նաեւ, որ կողմը չհիմնավորեց, թե ինչպես կարող է տեսանկարահանումը խանգարել իրենց իրավունքներին:

Կարեն Մեժլումյանը ներկայացրեց իրենց պահանջը:

Նա ասաց, որ դիմել է վերոհիշյալ կազմակերպությանը` խնդրելով պատասխանել հետեւյալ հարցերին եւ տալով տեղեկատվություն.
1. 20.11.2013թ.-ի դրությամբ Երեւան քաղաքի ո՞ր փողոցներում եւ ո՞ր փողոցների ո՞ր հատվածներում են առկա օրենքին եւ ՀՀ կառավարության որոշումներին համապատասխանող` առանձնացված վճարովի ավտոկայանատեղիներ:
2. Ավտոկայանատեղիի տուրքի վճարման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար նկարահանող սարքերը Երեւան քաղաքի ո՞ր փողոցների ավտոկայանատեղիներում են տեղադրված:

3. Խնդրում ենք տրամադրել Երեւան քաղաքի վճարովի ավտոկայանատեղիներում տեղադրված յուրաքանչյուր նկարահանող սարքի տեղադրման համար հիմք հանդիսացած իրավական ակտի (օրենք, որոշում, կարգադրություն եւ այլն) պատճենը:
Ըստ նրա` ստացվել էր ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանի 25.11.2013թ. պատասխանն այն մասին, որ «ՓԲԸ-ն, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն, տեղեկատվության տնօրինող չէ, եւ այդ օրենքն ընկերության վրա չի տարածվում, ուստի հայցվող տեղեկատվությունը չի կարող տրամադրվել»:

Ի դեպ, երեկ էլ դատարանում տնօրենի ներկայացուցիչը, որը երբեմն հանդես էր գալիս նաեւ ընկերության անունից հայտարարություններով, ասաց, թե իրենք պահանջվող տեղեկատվությանը տիրապետում են, այո, սակայն օրենքի իմաստով տեղեկատվության տնօրինող չեն հանդիսանում:

Ըստ նրա` քանի որ օրենքը տարածվում է «բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների եւ դրանց պաշտոնատար անձանց վրա, իրենց վրա չի տարածվում, քանի որ ՓԲԸ-ն բյուջեից չի ֆինանսավորվում, այլ գումարները ստանում է քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա: Մենք ծառայություններ ենք մատուցում, դրա համար ենք գումար ստանում Երեւանի քաղաքապետարանից»:
Տեղեկատվության ազատության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Սույն օրենքի գործողությունը տարածվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունների եւ դրանց պաշտոնատար անձանց վրա»:

Իսկ 3-րդ հոդվածի համաձայն՝ տեղեկատվություն տնօրինող են տեղեկություններ ունեցող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները… բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները… եւ դրանց պաշտոնատար անձինք:
Կարեն Մեժլումյանը հղում կատարեց նաեւ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղիների տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքին, համաձայն որի` «Ավտոկայանատեղիի համար գանձվող տուրքը ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղիում կայանելու համար սույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից հաստատված չափով եւ սույն օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է: Ավտոկայանատեղիի գործունեությունը կազմակերպում է համայնքի ղեկավարը կամ համայնքային ենթակայության կազմակերպությունը:

Համայնքի ավագանու որոշմամբ` ավտոկայանատեղի կազմակերպելու իրավասությունը կարող է վերապահվել նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, որոնք իրականացնում են տուրքի գանձումը` համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրի համապատասխան»:
Նշվեց նաեւ, որ ավտոկայանատեղիի նկատմամբ հսկողության իրականացման ձեւերը որոշում է տվյալ համայնքի ավագանին:

Նա դատարանին ներկայացրեց Երեւանի քաղաքապետարանի 04.04.2013թ.-ին կնքված պայմանագիրը, որը կնքվել էր սերվիսի հետ: Սերվիսը կամ «Կազմակերպությունն» էլ ստանձնել է Երեւան քաղաքում ավտոկայանատեղիների կազմակերպման ծառայությունների մատուցման պարտավորությունը: Քաղաքապետարանը դրա համար հավաքագրված տուրքի ու գանձված վարչական տուգանքի հանրագումարի 70%-ը տվել է սերվիսին:

Դատարան ներկայացվեց նաեւ 14.07.2015թ.-ին Երեւանի քաղաքապետին արված հարցման պատասխանը. «Երեւան քաղաքի վարչական սահմաններում կազմակերպված համայնքային վճարովի ավտոկայանատեղիներում ավտոտրանսպորտային միջոցները կամ դրանց կցորդները կայանելու համար գանձվող տեղական տուրքն ամբողջությամբ մուտքագրվում է Երեւան համայնքի բյուջե»:
Հետեւաբար, ըստ լրատվական իրավապաշտպան կազմակերպության, եթե սերվիսը իրեն հասանելիք 70% գումարը ստանում է Երեւան համայնքի բյուջեից, օրենքով էլ տեղեկատվության տնօրինող է: Նա պետք է վարչական պատասխանատվության ենթարկվի 50.000 դրամի չափով, քանի որ հրաժարվել է տրամադրել պահանջվող տեղեկատվությունը:

Երեկ վեճ ծավալվեց «կազմակերպություն» եզրույթի շուրջ:
Սերվիսի ներկայացուցիչ Դ. Կարապետյանը կարծում էր, որ իրենց ընկերությունը «կազմակերպություն» չէ, իսկ ԻԱԿ-ի ներկայացուցիչն էլ պնդեց. «Նշված փաստարկն անհիմն է, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը «կազմակերպություն» եզրույթը օգտագործում է ցանկացած տիպի իրավաբանական անձի, այդ թվում` առեւտրային կազմակերպության համար, որպիսին է փակ բաժնետիրական ընկերությունը»:
Ի դեպ, «կազմակերպություն» եզրույթն իր հոլովաձեւերով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում 47 անգամ է օգտագործվում:

Դատավորը փորձեց կրկին ճշտել, թե սերվիսը ինչ գումար է ստանում քաղաքապետարանից:

Սերվիսի ներկայացուցիչն ասաց. «Գումար է, էլի, կարող է բյուջեից, կարող է արտաբյուջեից, ստանում ենք մատուցած ծառայությունների համար»:
Ընկերության ներկայացուցիչը մինչեւ վերջ համոզված էր, որ տեղեկատվության տնօրինողը Երեւանի քաղաքապետարանն է:

Իսկ պահանջվող տեղեկատվությանը «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» սպասում է ուղիղ երկու տարի:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

25.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031