Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վիրտուալի եւ իրականության համեմատություն

Հուլիս 25,2015 10:14

Ընկերներիցս մեկը ֆեյսբուքյան իր գրառմամբ ընդվզել էր՝ ինչու են մարդիկ վիրտուալ տարածքում իրար հասցեի զզվելի բաներ գրում, մի՞թե կարծում են, որ դրանով կարող են ստիպել ընդդիմախոսին «հանձնվել» եւ հրապարակավ ընդունել, որ նա սխալ էր: Իսկապես, համացանցի զարգացմանը զուգահեռ մարդիկ դարձել են ավելի «դուխով» եւ այլեւս չեն վարանում ինքնահաստատվել՝ իրար ամենադաժան ձեւով «քլնգելով»: Կա նաեւ նոր մասնագիտություն՝ ֆեյսբուքյան եւ կայքային մեկնաբան, որի համար մարդիկ աշխատավարձ են ստանում:

Սովորաբար իշխանության տարբեր օղակների ներկայացուցիչներն են «իրար վրա գործ տալիս»` աշխատեցնելով համացանցային ֆեյքերին եւ նույնիսկ իրական մարդկանց, որոնց հիմնական (երբեմն միակ) գործն է այդ պատվերների շրջանակներում «սեւ PR» իրականացնելը: Բայց կան նաեւ համոզված, «ինքնաբուխ» ստատուսագիրներ, որոնք համացանցային «թույնութարախի» միջոցով արտահայտում են իրենց անձնական կամ կուսակցական հայացքները:

Առաջ՝ 90-ականների առաջին կեսին, ամեն ինչ ավելի պարզ էր՝ «Երկիրը», «Ազատամարտը» (մինչեւ որ 94-ի վերջում ներկայիս խոշոր դեմոկրատներն այդ լրատվամիջոցները փակեցին), «Իրավունքը», «Գոլոս Արմենիին», «Այժմը» «քլնգում էին» իշխանություններին՝ գուցե ավելի խիստ, քան հիմա դա արվում է ֆեյսբուքում: Բայց այդ թերթերն ունեին խմբագիրներ, լրագրողներ՝ իրական, ոչ վիրտուալ մարդիկ, որոնք պատասխան էին տալիս իրենց խոսքի համար, իսկ տեղեկատվական միավորը հոդվածն էր, լուրը, ոչ թե «ստասուսը», մեկնաբանությունը, like-ը, share-ը կամ «սմայլիկը»: Հոդվածներն ընթերցողները կարդում էին, նաեւ կտրում էին, պահում էին թղթապանակների մեջ, նորից էին անդրադառնում: Հիմա մի թեմայով ֆեյսբուքյան գզվռտոցը 2-3 ժամից ավելի չի տեւում, բայց շատ արագ մեկ այլ տեղում բռնկվում է մի նոր գզվռտոց:

Կարեւոր տարբերությունը նաեւ այն է, որ թղթային տարածքում լեզվին տիրապետելու, գրագիտության մակարդակն ավելի բարձր է, քան համացանցում:
Եթե խոսք գնաց զուգահեռների մասին, ապա չեմ կարող չհիշել, որ այն ժամանակ ասվում էր՝ Սահմանադրությունը (1995 թվականի) Լեւոն Տեր-Պետրոսյանի բռնապետությունը հավերժացնելու միջոց է: Բայց ի տարբերություն այսօրվա՝ այն ժամանակ ընդդիմադիր 6 կուսակցություններ մշակել էին Հիմնական օրենքի այլընտրանքային տարբերակ՝ ցույց տալու համար, թե ինչպիսին պետք է լինի ժողովրդավարական Սահմանադրությունը: Բռնապետական («լեւոնական») Սահմանադրության այլընտրանքը… այո, խորհրդարանական կառավարումն էր, որն այսօր պարզվում է, նույնպես բռնապետական է, եւ գլխավոր դիկտատորը լինելու է Ազգային ժողովի նախագահը:

Հիմա այդ վեճերը տեղափոխվել են համացանց եւ դարձել են ավելի անձնական ու, թույլ տվեք ասել՝ ավելի մանր: Դրա միակ «հակաթույնը» թարախին թարախ, հայհոյանքին հայհոյանք, վիրավորանքին վիրավորանք չհակադրելն է, այլ հակառակը՝ փորձել բոլորին հասկանալ եւ նայել երեւույթներին այն մարդկանց աչքերով, որոնք քեզ հետ համաձայն չեն: Այդ դեպքում դիմացինին «ջախջախելու» ցանկությունը գուցե կպակասի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031