Ես չգիտեի, նաեւ հանդգնություն ունեմ մտածելու, որ դուք էլ չգիտեք, թերեւս ոչ մեկս էլ չգիտեինք, թե ինչքան դժվար է, երբ կատարվում է մարդու մանկության երազանքը:
Տառաճանաչ ես դառնում, լսում ես ուսուցիչներիդ, սկսում ես գրքեր կարդալ եւ ծեփը թափած դպրոցի պատերի ներսում լսում ես, որ դու հնագույն ժողովրդի զավակ ես, լսում ես ու Րաֆֆի ես կարդում եւ հանկարծ ուշացումով հասկանում ես, որ դու ու քո՝ արդեն գրաճանաչ դասարանցիները հայրենիք եք կորցրել:
Տուն ես գնում, լսում ես տատիդ ու պապիդ թառանչը.
– Ա՜խ, Էրզրում, հալբաթ մի օր նորեն կտեսնե՞մ:
Երջանկահիշատակ Նազիկ տատս, ում երեք եղբայրներին որպես դաշնակցականների գնդակահարել էր Ստալինը, ախ էր քաշում ու երգում՝ Գնդակ որոտաց նոյեմբեր ամսին կամ՝ Կարկուտ տեղաց Խանասորա դաշտումը:
Այդպես ապրում ու մեծանում էինք: Դասագրքերում մեզ չէին ասում, որ մենք ցեղասպանված ժողովուրդ ենք: Եվ տատիս երգերի մեջ մենք քաջ էինք, մենք ֆիդայի էինք, մենք Գեւորգ Չաուշ ու Աղբյուր Սերոբ էինք, մենք հաղթում էինք երգերի մեջ, բայց ցեղասպանությունը տեղի էր ունեցել:
Կարդացեք նաև
Տեր Աստված, իսկապես ինչքան դժվար է, երբ կատարվում է մարդու մանկության երազանքը: Իսկ ես մանկությունից երազում էի տեսնել Արեւմտյան Հայաստանը: Բազմաթիվ առիթներ ունեի ոչ որպես զբոսաշրջիկ տեսնելու մեր Մայր հայրենիքը, սակայն վերջին պահին, չգիտեմ ինչու, վախենում էի գնալ ու հրաժարվում էի:
Բայց օրերս Համահայկական խաղերի ջահավառության առիթով որպես խորհրդի անդամ գնացի:
Եվ կատարվեց իմ մանկության երազանքը:
Հիմա վերադարձել եմ ու չգիտեմ՝ ինչպես պիտի շարունակեմ ապրել: Իմ կյանքում անսպասելի բան է փոխվել: Ես տեսա մեր կորցրած երկիրը, որտեղից սկիզբ են առնում Աստվածաշնչյան դրախտի չորս գետերը:
Եվ ես տեսա այդ չորս գետերը:
Տեսա նաեւ Արդահանից մինչեւ Մուշ մեր փոխարեն ապրող քրդերին. փոքրիկ բացառությամբ՝ մեր Մայր հայրենիքում ոչ մի թուրք չտեսա:
Քրդերը մեզ եղբայր էին անվանում՝ ասելով, որ իրենց ձեռքերն արյունոտ են եւ մեղավոր են իրենք հայերի առջեւ, ասում էին պաշտոնյաները, ասում էր պարզ ժողովուրդը, եւ որ շուտով պետություն են կառուցելու եւ մեր պարտքը վերադարձնելու են մեզ:
Ես չգիտեմ, թե նրանք ինչ են մեզ վերադարձնելու, բայց մի բանում համոզված եմ՝ քրդերը կստեղծեն պետություն:
Տեսնելով նրանց ահեղ վճռականությունը՝ մեծից մանուկ, ես համոզվեցի, որ նրանք կստեղծեն իրենց պետությունը: Եվ կստեղծեն մեր հայրենի հողի վրա:
Տարօրինակ մի բան. պատմությունից եւ իմ ապուպապերի պատմածից ես ճանապարհին տեսնում էի բոլոր հայկական գյուղերը: Ամեն ինչ իր տեղում է, միայն մենք չկանք:
Մենք մեծ Հայաստանի մի փոքր անկյունում, Աստծուն փառք, ստեղծել ենք մեր պետությունը եւ երգում ենք: Հազարավոր բանաստեղծություններ ենք հորինել եւ երգում ենք. Մուշ, Մուշ, Մուշն անուշ, Մուշն է բոլորից անուշ, մեր պապերից մնաց հուշ, քո անունն են դրել Մուշ։ Ինչպիսի գեղեցիկ բանասիրական պատմություն: Բանասիրության երկիր:
Ինչ գեղեցիկ երգ է: Եվ ինչքան գեղեցիկ երգեր ենք հորինել մենք, բայց մեր երկիրը՝ Մարդու երկիրը, թողել ենք ուրիշին:
Հիմա ի՞նչ անեմ ես իմ մանկության երազանքի հետ: Երանի չկատարվեր երազանքս:
Բայց ոչ, ճիշտ է, որ կատարվել է: Համո Սահյանն ասում էր. Թող մի քիչ կուրծքս ցավի, որ սրտիս տեղն իմանամ…
Ես իմ սրտի տեղն իմացել եմ: Եվ ահա թե ինչ է ասում սիրտս.
– Մեզ նոր Սարդարապատ է պետք: Մեզ նոր Ղարաբաղ է պետք: Մեզ պետք է ազգային միասնություն, միայն այդ ճանապարհով մեր հարեւան քրդերի հետ լեզու կգտնենք համազգային համախմբվածությամբ:
Եղավ այնպես, որ Համահայկական խաղերի առաջին ջահը վառեցինք Անիի Մայր Տաճարում, եւ մի պոլսահայ հրաշալի աղջիկ՝ Սիբիլ անունով, երգեց՝ Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ:
Հուզված էինք բոլորս: Հատկապես որ Մայր Տաճարի խորանի քարերը սկսել են շարժվել, ու եթե Աստված չանի, փուլ գա այդ տաճարը, ո՞վ է տեր կանգնելու, եթե ոչ՝ մենք:
Գրեցի այս տողերը եւ հասկացա, որ երբ մանկության երազանքը կատարվում է, դրանից հետո չի ավարտվում ոչինչ: Դրանից հետո կա այլ երազանք: Եկել է այլ ժամանակ, եւ այլեւս պետք չէ ասել՝ տեսնեմ Անին ու նոր մեռնեմ:
Եկել է ժամանակը երգելու՝ տեսնեմ Անին, այնտեղ ապրեմ…
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.07.2015