«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում դժվար ժամանակներ են. այս հիվանդանոցում որոշ բուժաշխատողների եւ տնօրինության միջեւ լարված հարաբերություններ են:
«Առավոտի» հետ զրույցում մի քանի բժիշկներ, որոնք չցանկացան՝ իրենց անունը հրապարակենք, ասացին, որ հիվանդանոցի տնօրեն Լիդա Մուրադյանի հետ նախկինում հրաշալի հարաբերություններ են եղել, նա շատ ուշադիր, հոգատար ղեկավար է եղել, սակայն վերջին շրջանում «լեզու չեն գտնում»: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ թեեւ իրենք դեմ են եղել իրենց աշխատավարձերի նվազեցմանը, այնուամենայնիվ, տնօրինությունը բուժանձնակազմի աշխատավարձերը կրճատել է, այս եւ տնօրինության հետ տարբեր հարցերում հակասություններ ունենալու պատճառներով մի շարք բժիշկներ պատրաստվում են դուրս գալ աշխատանքից եւ արդեն այլ բուժկենտրոններում են աշխատանք փնտրում: Աշխատավարձերի կրճատումը տնօրինությունը պատճառաբանել է, որ հիվանդների թիվը նվազել է, հետեւաբար եկամուտներն էլ են նվազել: Նկատենք, որ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը սրտաբանության, սրտի վիրահատությունների մասնագիտացված հիվանդանոց է, այն միակն է հանրապետությունում, որ մանկական սրտի վիրաբուժություն է կատարում: Սրտի խնդիրներով հիվանդների մեծ մասը առաջին հերթին հենց այս հիվանդանոց են դիմում, ուստի ենթադրվում է, որ հիվանդների պակաս չպիտի լինի:
«Առավոտի» հետ զրույցում բուժկենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը վստահեցրեց, որ որեւէ «կոնֆլիկտ» չկա բուժանձնակազմի հետ, իսկ աշխատավարձերի կրճատումը համաձայնեցված է եղել կոլեկտիվի հետ: Տիկին Մուրադյանն ասաց, որ իրենց 430 հոգանոց կոլեկտիվում կլինեն մարդիկ, որոնք որոշ դժգոհություններ կունենան, սակայն, ընդհանուր առմամբ, աշխատավարձերի նվազեցմանը՝ 10%-ի չափով, ստիպված են գնացել, ու կոլեկտիվը դեմ չի եղել. «Բոլորին իրազեկել ենք, աշխատողների 95%-ը գիտակցաբար մոտեցավ, բայց անպայման կլինեն դժգոհող մարդիկ, մեկը չարակամ է, մյուսը՝ վատ տրամադրված, էն մյուսն ուզում է մի վատ բան անի, ընդհանուր կոլեկտիվը շատ համախմբված է: Իրենց ասել եմ, որ մենք 6 ամիս կամ զրոյացված, կամ թեթեւ վնասով ենք աշխատել, ամռան ամիսներին հիվանդների թիվը կրճատվել է, աշխատողների թիվն էլ շատ է՝ կամ պիտի կրճատեինք 30-40 հոգու, բայց մեղքս եկան, հետո էլ լավ պատրաստել էինք իրենց՝ որպես մասնագետներ, չուզեցի ազատել աշխատանքից: Որպեսզի աշխատանքից չազատենք, աշխատավարձերը կրճատեցինք՝ սկսած ինձանից մինչեւ պահակ: Բայց խոստացել եմ, որ սեպտեմբերից հենց հիվանդների թիվը ավելանա, պետպատվերի հետ կապված էլ գործերը լավանան, այդ գումարները փոխհատուցելու եմ: Մայրապետերինն արդեն փոխհատուցել եմ, նրանց աշխատավարձերը ցածր են, դրա համար էլ իրենց այդ 10%-ն այս ամիս փոխհատուցեցի»:
Ինչ վերաբերում է վնասներին, ապա նշենք, որ այս հիվանդանոցը մշտապես 1000 խոշոր հարկատուների ցանկում է լինում, այս տարվա հունվար-մարտ ամիսներին՝ նույնպես, մարտից հետո հարկայինը դեռ չի հրապարակել խոշոր հարկատուների ցանկը: Տիկին Մուրադյանից հետաքրքրվեցինք, թե որքա՞ն վնասներ է կրել հիվանդանոցը եւ ե՞րբ, քանի որ գոնե մինչեւ ապրիլ ամիսը խոշոր հարկատու էր: Այս առնչությամբ տիկին Մուրադյանն ասաց. «Ամիս է եղել՝ վնասը 6 միլիոն է կազմել, ամիս է եղել՝ 8 միլիոն, 14 միլիոն: Մենք մայիսը զրոյով ենք փակել, եկամուտն ու ծախսը հավասարակշռել ենք, հուլիսին էլ ենք հավասարակշռել, կարող է նույնիսկ պլյուս մի քանի միլիոն էլ լինի»:
Նշենք, որ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ է գործում: Այս հիվանդանոցում խոսում են, որ ավանդաբար եկամտաբեր այս կենտրոնը հիմա սկսել է վնասներ ցույց տալ, քանի որ այն միտումնավոր ուզում են սնանկացնել, որպեսզի հիվանդանոցը սեփականաշնորհի հենց տնօրենը՝ Լիդա Մուրադյանը: Այս առնչությամբ էլ տիկին Մուրադյանն ասաց. «Նման բան չկա, այս կենտրոնը եղել է, կա, կլինի: Ես չգիտեմ՝ 10 տարի հետո ի՞նչ կլինի, բայց քանի ես ու Հրայրը (նկատի ունի հայտնի սրտի վիրաբույժ Հրայր Հովակիմյանին-Ն. Բ.) այստեղ ենք, այս հիվանդանոցը երբեք չի գնա մասնավոր սեփականության: Ուշադրություն մի դարձրեք, աշխատավարձերի 10% կրճատումն էլ ժամանակավոր է: Այս հիմնարկը չի սեփականաշնորհվելու: Ես մի անգամ զայրացել եմ, ժողովի ժամանակ ասել եմ՝ պետք է մենք բոլորս գանք համաձայնության, 10%-ը կորցնում ենք, վաղը էլի կունենանք, պետք է համբերենք, եթե չենք համբերում, կտանի սնանկացման: Ես ասել եմ՝ կարող է ասեն՝ քանի որ դուք սնանկանում եք, բերեք մասնավորեցնենք, բայց դա չի լինելու: 36 տարի տնօրեն եմ, կյանքում չեմ ասել, որ ես ուզում եմ սեփականաշնորհել: Այս հիմնարկը պիտի մնա պետական, դեմոկրատական կառույց»:
Մեր այն հարցին՝ գուցե պետպատվերի գումարները չե՞ն ծածկում հիվանդանոցի ծախսերը, տիկին Մուրադյանը սկզբում ասաց, որ պետպատվերը բավարար է, հետո ավելացրեց. «Բայց քանի որ թանկացումներ եղան, այն պարագաները, որ մենք գնում ենք մատակարարներից, նրանք էլ թանկացրել են, իսկ պետպատվերը մնացել է նախկին գներով, նախկին արժեքը իրեն չի արդարացնում, մենք էլ գնային փոփոխություն չենք արել: Հիվանդանոցում 80%-ը պետպատվեր է, նրանց տված գները առավելապես չեն ծածկում ծախսերը, իսկ մենք նույնիսկ զեղչեր ենք անում, ուրիշ ճար չկա, մարդկանց պիտի օգնենք: Հասկանում ենք, որ մարդիկ չեն կարող ամբողջությամբ վիրահատության գումարը վճարել, օգնում եմ, որպեսզի չդժգոհեն. չեմ սիրում, որ հիվանդը գնա բողոքի նախարարությանը, թե՝ փող չունեմ»:
Տնօրենը վստահեցրեց, որ իրենք ներկայացրել են այն պարագաների ցանկը, որոնք թանկացել են, եւ հիմա առողջապահության նախարարությունում աշխատում են գնային քաղաքականության ուղղությամբ: Տնօրենի ներկայացմամբ՝ իրենց ձեռնտու չէ պետգնումներով սահմանված կարգը՝ ով էժան առաջարկի, նա էլ տենդերը կշահի, քանի որ սրտի վիրահատությունն այն դեպքն է, որ որակյալ պարագաներ են հարկավոր, իսկ որակյալները թանկարժեք են:
Բացի այդ, Մուրադյանը նաեւ ասաց, որ Երեւանի քաղաքապետարանում էլ է հարցը բարձրացրել. «Այստեղից էլ ուղղորդում են, հրահանգել են, որ հիվանդները ճիշտ տեղը գնան, որ մեզ մոտ չպակասի շտապօգնությամբ տեղափոխված հիվանդների թիվը»:
Ի դեպ, շտապօգնության մասին. տարբեր հիվանդանոցների բժիշկներ մեզ պարբերաբար ահազանգում են, որ բուժկենտրոնի ղեկավարը կարողանում է «համաձայնության» գալ շտապօգնության հետ՝ կանչերով ավելի շատ հիվանդներ տվյալ հիվանդանոց են տեղափոխում:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.07.2015