Հրանտ Մարգարյանը շատ հուզվեց
«Նյու Յորքում Համաստեղին նվիրված երեկոյի ժամանակ Հրանտ Մարգարյանն ասաց, որ ընթերցողներին «Համաստեղոտել եմ»։ Հիմա ուրախությամբ ասում եմ՝ Հայկազոտում եմ։ Շատ լավ է, որ գիրքը գտնում է ընթերցողին»,- ասում է Մարգարիտա Խաչատրյանը։ Նա պատմում է, թե վաղուց հաշտվել է այն փաստի հետ, որ իր հրատարակած գրքերից հաճախ պարզապես… անհետանում են։ «Այնքան ուրախացա, որ անհետացել էր… Արամ Հայկազի «Մոռացված էջեր»-ի հատորներից մեկը,- ծիծաղելով ասում է նա ու հավելում,- նման դեպքեր հաճախ են լինում»:
Բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտա Խաչատրյանի հրատարակած «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» գրքի հինգերորդ հատորի շնորհանդեսը տեղի է ունեցել Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:
Կարդացեք նաև
«Ե» հատորում եւս տեղ են գտել մամուլում տպագրված եւ որեւէ ժողովածու չմտած պատմվածքներ, նրա երկերին նվիրված հոդվածներ, արխիվային նյութեր, որոնք ընդգրկում են 1970-72թթ. ժամանակահատվածը: Նշենք, որ այս տարի լրացավ նաեւ Արամ Հայկազի ծննդյան 115-ամյակը:
«Տարիների ընթացքում Համաստեղի եւ Հայկազի գրականության շուրջ հավաքվել է տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց մի մեծ խումբ:
Միջին տարիքի մարդիկ են, ջահելներ, որոնք սիրով են կարդում ու մասնակցում ձեռնարկներին: Փա՜ռք Աստծու, ամեն տարի այդ գրողներին նվիրված 10-12 ձեռնարկ եմ կազմակերպում։ Կարող են տանը նստել, շատ խելոք բաներ մտածել, տրտնջալ, թե երկրում գիրք չի վաճառվում, չեն կարդում, բայց ամեն ձեռնարկ ընթանում է իր տրամաբանությամբ ու համոզում՝ գիրք չի վաճառվում, բայց կարդում են: Սիրով նվիրված գիրքը գտնում է ընթերցողին: Արամ Հայկազի ծննդյան օրվա ձեռնարկի նվերը գրքի հինգերորդ հատորն էր»,- ասում է Մ. Խաչատրյանը։
120 օրինակի մեջ Մ. Խաչատրյանը հատուկ նշել էր երկու ստեղծագործություն՝ «Նշանածս կþըսէ, որ…» եւ «Թէ ինչպէս ջարդուեցանք «ոչխարներու» պէս»:
Այդ ստեղծագործություններն առնչվում են Եղեռնի թեմային:
«Նշանածս կþըսէ, որ…»-ում գրողը պատմում է ամերիկյան միջավայրում մեծացած հայ աղջկա մասին, ով մոտավոր պատկերացում ունի պատմական դեպքերի մասին։ Աղջիկը դժգոհում է, որ իր օտար ծագում ունեցող նշանածը արհամարհանքով ասում է. «Ինչ տեսակ մարդիկ էք դուք՝ հայերդ, գացիք ու ոչխարի հօտերու պէս ջարդուեցաք»: Հայկազը գրում է, որ փորձել է այդ աղջկան, նրա նման մտածողներին բացատրել՝ այնտեղ, որտեղ հնարավոր էր համախմբվել, որտեղ հայությունը գլխի ընկավ, որ դա սովորական դարձած թալանը չէր, այլ մեր արմատը կտրելու միտում ունեցող մեծ քաղաքական-պետական ծրագիր՝ «Կռուեցանք»: Այն տարիներին դեռեւս «Ցեղասպանություն» եզրույթն էլ չկար։
«Կռուեցանք»-ը հատուկ շեշտում է,- ասում է Մ. Խաչատրյանը ու շարունակում:- Երբ այս պատմվածքը լույս տեսավ, տարբեր արձագանքներ եղան: Հավաքեցի այդ շրջանի մամուլը` ինչքան որ հնարավոր է, եւ «Ալիք» թերթում գտա երկրորդ հոդվածը: Նկարագրում է Երկրորդ համաշխարհայինի սկիզբը. Ֆրանսիայի նման հսկա պետությունը մեկ ամսում հայտնվեց ֆաշիստների ոտքի տակ: Այսինքն` մեր հարյուր տարվա ինքնախժռման, ներքին արյան եռքը, որ չենք կարողանում մեզ ներել, թե ինչպե՞ս, ինչո՞ւ, որտե՞ղ վրիպեցինք, բացատրվում է այսպես՝ մշակույթը միշտ ստիպված է եղել զենք վերցնել, պաշտպանել ինքն իրեն, իսկ արարման դաշտին հավատարիմ ազգերը հարկադրված են ապրել ու արարել պարզապես անմարդկային պայմաններում։ Ցավն այն է, որ մենք չէինք ճանաչում մեր հարեւան ցեղերին (հավելեմ՝ հիմա էլ չենք ճանաչում)»:
Վերջերս Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ եւս մեկ շնորհանդես՝ նվիրված Արամ Հայկազի «Չորս տարի Քիւրտիստանի լեռներուն մէջ» անգլերեն հատորին։ Գիրքը թարգմանել է գրողի դուստրը՝ Այրիս Չեքենյանը, որը հոր գրական ժառանգության նկատմամբ երկյուղած հարգանք ու սեր է տածում։ Մի բան, որ եզակի երեւույթ է: «Արամ Հայկազի դուստրը բացառիկ է իր այս վերաբերմունքով»,- ուրախությամբ նշում է Մ. Խաչատրյանը:
Շնորհանդեսին սիրով մասնակցեցին Հրանտ եւ Ժանետ Մարգարյան ամուսինները, Արմինե Մինասյանը, մի խումբ սփյուռքահայ մտավորականներ, որոնցից մի քանիսը մտերիմ են եղել Հայկազի հետ: Հրանտ Մարգարյանը գրողի 70 եւ 110-ամյա հոբելյանների կազմակերպիչներից է ու սիրով հիշում, պատմում է նրա հետ ապրած օրերի, նրա հետ կապված դեպքերի մասին։
Շատ դժվար է թուրքերեն, քրդերեն արտահայտություններն անգլերեն թարգմանել, եւ Հրանտ Մարգարյանը բավական օգնել է Այրիսին. այդ մասին վկայում են նաեւ Այրիսի շնորհակալական խոսքերը:
Հայրենիքում հավատարիմ ընթերցողների մեծ խումբ է ձեւավորվել, որը «արտոնություն» է ձեռք բերել: Չորրորդ-հինգերորդ միջոցառումն է, երբ ձեռնարկի զգալի մասը տրամադրվում է Արամ Հայկազի գրքերի ընթերցողներին: Մարդիկ ձեռք են բերել որոշակի համարձակություն. մոտենում են ամբիոնին, գրավոր կամ բանավոր խոսում: Մ. Խաչատրյանը նշեց, որ «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» գրքի յոթերորդ հատորում հատուկ բաժին է առանձնացրել ընթերցողների խոսքի համար։
«Հրանտ Մարգարյանը մինչ քննարկումը հարցրեց՝ ի՞նչ եմ ծրագրել: Պատասխանեցի, որ բոլորովին նշանակություն չունի՝ ինչ եմ ծրագրել: Կարեւոր է՝ ինչ է լինելու շնորհանդեսի ընթացքում եւ հետո»,- պատմում է Մ. Խաչատրյանը:
Քննարկման ժամանակ ամբիոնին իրար հետեւից մոտեցան ընթերցողները։ Հրանտ Մարգարյանը շատ հուզվել էր՝ լսելով նրանց անկեղծ ու հուզիչ խոսքը:
«Ուսուցչուհի Լաուրա Ստեփանյանն ասաց, որ երրորդ ձեռնարկն է՝ բերում ու տանում է իր բանաստեղծությունը՝ նվիրված Արամ Հայկազին: Չգիտի՝ գեղարվեստական արժեք ունի, թե ոչ, բայց այսօր համարձակությունը հերիքում է, որ կարդա: Տեսնել էր պետք, թե ինչ կատարվեց դահլիճում»,- ասում է Մ. Խաչատրյանը:
Հարցիս` մինչ Արամ Հայկազին ներկայացնելը Համաստեղի գրականությամբ է զբաղվել, արդյոք մտավախություն չունի՞, թե Համաստեղին «դավաճանել է», Մ. Խաչատրյանը պատասխանում է. «Տարիներ առաջ Կարինե Ռաֆայելյանը դժգոհե՞ց, թե՞ կատակեց. «Գիտեինք՝ դու Դերենիկ Դեմիրճյանի գրականությամբ ես զբաղվում, մի կերպ ներեցինք Համաստեղի գրականությամբ զբաղվելու «դավաճանությունը», հիմա էլ Արամ Հայկա՞զ…»:
Մ. Խաչատրյանի տեղեկացմամբ` երբ հանձն է առել հայ գրականության նշանավոր դեմքին՝ Համաստեղին, ներկայացնել, առնչվել է երեք հայ մարդկանց՝ Համաստեղի, Արամ Հայկազի գրականությանը եւ Հակոբ Խաշմանյանի գործունեությանը: Նրանք մտերիմ են եղել կյանքում ու մահից հետո էլ անբաժան են:
Մ. Խաչատրյանը ծրագրել է «Արամ Հայկազ. Մոռացված էջեր»-ի յոթերորդ հատորից հետո անդրադառնալ Խաշմանյանին. «Հասցրել եմ երկու գործ անել՝ մի քանի տարի առաջ «Վեմ» ռադիոկայանում Հրանտ Մարգարյանը մի շքեղ ռադիոհաղորդում ձայնագրեց Խաշմանյանի մասին, իսկ ես մամուլից շատ հետաքրքիր ու արժեքավոր նյութեր եմ հավաքել»։
Մ. Խաչատրյանի գնահատմամբ՝ Արամ Հայկազը ապրեց որպես հայ, գրեց որպես հայ ու մեռնելուց առաջ էլ կտակեց, որ իր փոշին ցանեն Ատլանտյան օվկիանոսի վրա, որն ավելի մոտ է Հայաստանին:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ.-Հրաչյա Մաթեւոսյանը հիվանդության պատճառով չէր կարողացել ներկա գտնվել Արամ Հայկազի գրքի շնորհանդեսին: Զանգել էր Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանին եւ թելադրել. «Մարգարիտ Խաչատրյանը չի փնտրում իր Համաստեղներին, Արամ Հայկազներին: Համաստեղներն ու Արամ Հայկազներն են գտնում իրենց Մարգարիտ Խաչատրյանին»:
«Առավոտ» օրաթերթ
24.07.2015