Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետի խորհրդականի դեմ հայցով դատարանում սպասում են նաեւ aravot.am-ին

Հուլիս 25,2015 14:30

Հուլիսի 15-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակվել էր «Վիրավորանք հասցնելու համար լրատվության նույն միջոցով հրապարակային ներողություն խնդրելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները լրատվության նույն միջոցով հերքելու եւ փոխհատուցում վճարելու մասին» հայցով նախնական դատական նիստը:

Հայցվորը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանն է, նրա ներկայացուցիչը՝ փաստաբան Տիգրան Մուրադյանը:

Պատասխանող է ճանաչվել ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական, Արցախյան ազատամարտի պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը, երրորդ անձ է ճանաչվել «Առավոտ» ՍՊ ընկերությունը:

Հայցվորը պահանջում է Վոլոդյա Հովհաննիսյանից հրապարակային ներողություն խնդրել www.aravot.am-ում եւ որպես փոխհատուցում իրեն հասցված վիրավորանքի համար` պահանջում է նաեւ կես միլիոն ՀՀ դրամ գումար:

Վոլոդյա Հովհաննիսյանը, ըստ հայցվորի, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել իր հասցեին, մասնավորապես` ասել է «ցինիկ ու լկտի մարդու կողմից», «իրենից ոչինչ չի ներկայացնում» եւ այլ արտահայտություններ «Սուրիկ Խաչատրյանին սպառնում են» մայիսի 12-ի հրապարակման մեջ:

Քաղաքապետի նախկին թեկնածուն մի պահանջ էլ ուներ. նա պահանջում է պատասխանողից մեր լրատվամիջոցի միջոցով հրապարակայնորեն հերքել «Մի ոչնչություն սպառնում է մարզպետի գլուխը ջարդելով» արտահայտությունը, որը ըստ նրա` զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալ է, եւ դրա համար էլ մեկ միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում:

Ի դեպ, մեր տեղեկություններով` դատարանում փաստաբանը հայցադիմումում միջնորդել է մեկուկես միլիոն հայցագնի չափով արգելանք դնել պատասխանողի գույքի վրա:
Նշյալ հրապարակումը, ըստ հայցվորի, կարդացվել է 4144 անգամ:
Հայցվորը դատարանին տեղեկացրել է, որ դիմել է նաեւ «Առավոտ» ՍՊ ընկերությանը` գրությամբ, որին լրատվամիջոցը պատասխանել է. «Հարգելի պարոն Կարապետյան, տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի մայիսի 12-ին www.aravot.am ինտերնետային կայքում տեղադրված «Սուրիկ Խաչատրյանին սպառնում են» վերնագրով հոդվածում Տաթեւիկ Հարությունյանի կողմից մեջբերված են բացառապես Վոլոդյա Հովհաննիսյանի խոսքերը: Ձեր նշված արտահայտությունների կապակցությամբ ձայնագրությունը պահպանված է»:

Ըստ հայցվորի` պատասխանողը իր արտահայտություններն անելիս հավասարակշռություն եւ բարեխղճություն չի դրսեւորել:
Դատական նախնական հաջորդ նիստը սեպտեմբերի 30-ին է:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031