Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եթե իսկապես հոգեւոր սնունդ տրվեր, այսքան անբարո հասարակության մեջ չէինք ապրի»

Հուլիս 25,2015 14:00

Ըստ Ավետիք Իշխանյանի` ժողովրդին հնազանդություն քարոզող եկեղեցու
եւ հարստահարողների միջեւ փոխադարձ պայմանավորվածություն կա

Նոր Հաճընում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված արդեն 7-րդ եկեղեցու բացման ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսն ասել էր. «Ես կարծում եմ, որ հոգեւոր կյանքի զորացումը կարող է ապահովել հանապազօրյա հացը մեր ժողովրդի համար: Երբ հոգեւոր, բարոյական կյանքն իր բարձրության վրա չի գտնվում, դժվարությունները մշտապես ուղեկից կլինեն մեր ժողովրդին: Եվ պետք է մենք ամեն ջանք ի գործ դնենք, որպեսզի հոգեւոր կյանքը զորանա»: Մեկնաբանելով Գարեգին Բ-ի այս արտահայտությունը՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Ավետարանում ասվում է՝ «Ոչ միայն հացիւ կեցցէ մարդ, այլեւ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ»: Այսինքն` Ավետարանն առաջին տեղը դնում է այն, որ մարդը պետք է նախ իր կարիքները հոգալ կարողանա, հաց ունենա, հետո նոր ունենա հավատք: Փաստորեն Հայաստանի Առաքելական եկեղեցու առաջնորդը շուռ է տալիս Ավետարանում ասվածը, խեղաթյուրելով ասում է՝ եթե հոգեւորը չլինի, չի լինի նաեւ նյութականը: Ինչ խոսք, հետաքրքիր մոտեցում է: Կուզենայի նկատել, որ նման արտահայտություն կարող էր անել իսկապես հավատացյալը, որը ընդհանրապես չի մտածում նյութական բարիքների մասին եւ ամեն օր, ինչպես թռչուններն են ուտելիք հայթայթում, այդ ձեւով է ապրում: Եթե մեր հոգեւորականները իսկապես այդ կյանքով ապրեին, գուցե այդ դեպքում իրավունք ունենային այդպես խոսելու:

Գաղտնիք չէ, որ Վեհափառը, մի շարք սրբազաններ ու քահանաներ ի՜նչ շքեղության ու ճոխության մեջ են ապրում: Դրանից հետո ինչպե՞ս կարող են մարդկանց հավատով ապրելու խորհուրդ տալ: Այդպիսի բան ասողը պետք է իրավունք ունենա, որն ապացուցել է իր կյանքով»:

Պարոն Իշխանյանը եկեղեցիների կառուցումը համեմատում է սուպերմարկետներ կառուցելու հետ. «Ցավոք, Հայաստանում ամեն եկեղեցի, որ կառուցվում է, ոչ թե որպես հոգեւոր տուն է կառուցվում, այլ որպես հասարակությունից գումար հավաքելու միջոց: Ընդ որում, դրա պահանջը իսկապես կա, որովհետեւ այն նույն մարդկանց մասին, որ ասում է Վեհափառը, թող սոված լինեն, բայց հավատով, շատ են: Նրանք, սոցիալական վատ վիճակում գտնվելով հանդերձ, իրենց վերջին կոպեկները տալիս եւ հարստացնում են եկեղեցուն՝ մոմավառություն, հարսանիք, քառասունքից երեխաներին հանել եւ այլն, այսինքն` իրենց գումարը այս «սուպերմարկետներում» ծախսում են, այսպես ասած, հոգեւոր սնունդ ստանալու համար: Մինչդեռ եթե իսկապես հոգեւոր սնունդ տրվեր, այսօր այսքան անբարո հասարակության մեջ չէինք ապրի: Այսինքն` բացարձակապես ուղիղ համեմատական չեն Հայաստանում եկեղեցի կառուցելն ու բարոյական արժեքները: Ավելին` ժողովրդին հնազանդություն քարոզող եկեղեցու եւ հայաստանյան հարստահարողների միջեւ փոխադարձ պայմանավորվածություն կա»:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ պաշտոնյաների եւ օլիգարխների միջոցառումների ժամանակ եկեղեցու դռները ժողովրդի առաջ փակելուն: «Բոլոր եկեղեցիները, որ կառուցվում են, կառուցում են իրենց անունը հավերժացնելու եւ հենց եկեղեցու համար, որ փող հավաքի եւ հնազանդության կոչ անի: Երբ պետք է՝ եկեղեցու դռները կփակեն, իրենց համար կնունք ու ծնունդ կնշեն: Այսինքն` դա Հայաստանի պաշտոնյաների եկեղեցին է»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

Իրավապաշտպանը նաեւ շեշտեց. «Հոգեւոր բիզնեսը միակ բիզնեսն է, որը չի հարկվում, ո՛չ հարկվում է գույքը, ո՛չ աշխատավարձերը, եկամուտները… Այսինքն` անվերահսկելի գումարներ են կուտակվում, որոնք ինչի՞ վրա են ծախսվում… Հավանաբար, իրենց շքեղ ապրելակերպի վրա»:

Մեր դիտարկմանը, թե եկեղեցին էլ կարող է փաստարկ բերել, որ այդպես մտածողները ջուր են լցնում «աղանդների» ջրաղացին, Ավետիք Իշխանյանը պատասխանեց. «Նախ` ես աղանդ բառը չէի օգտագործի, կասեի՝ կրոնական կազմակերպություն: Կա մարդկանց որոշակի թիվ, որ հոգեւոր պահանջմունքներ ունի, եւ դա իր խնդիրն է, իսկ պետությունը պետք է այդ առումով չեզոք վերաբերմունք ունենա բոլորի նկատմամբ: Ամեն դեպքում, կարծում եմ, որ պետք է հարկվեն բոլոր կրոնական կազմակերպությունները»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031