1993թ. ամերիկացի կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը» ֆիլմը (Schindler՚s List) արժանացավ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին: Ֆիլմը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ապրող Օսկար Շինդլերի մասին է, որը փրկում է հազարավոր մարդկային կյանքեր:
Ֆիլմի պրոդյուսերներն են Ժերարդ Մոլենը, Սթիվեն Սփիլբերգը եւ Բրանկո Լուսթինգը: Վերջինս հրեական ծագմամբ խորվաթ պրոդյուսեր է: Նա օրերս Երուսաղեմում կայացած միջոցառման ժամանակ Հոլոքոստի «Յադ Վաշեմ» կենտրոնին է հանձնել «Շինդլերի ցուցակի» համար ստացված «Օսկարը»: «Ես ցանկանում էի, որ ֆիլմի հանդիսատեսները իրենց աչքերով տեսնեն այն ամենը, ինչի միջով ժամանակին ես անցել եմ: Այս «Օսկարը» խորհրդանշում է բոլոր գետոների ու մահվան ճամբարների այն զոհերին, ում բաժին է հասել այդ ողբերգությունը»,- հայտարարել է Բրանկո Լուսթինգը, որը Օսվենցիմի եւ Բերգեն Բելզենի համակենտրոնացման ճամբարների նախկին «բնակիչ» է:
Միջոցառմանը հրավիրված է եղել նաեւ Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը: Նա իր ելույթում ասել է. «Հոլոքոստը վերապրած Բրանկո Լուսթինգը իր գոյությամբ վկայում է այն մասին, որ համաշխարհային հանրությունը կարիք ունի կրթության եւ հանդուրժողականության: Միայն զարգացած մարդիկ կարող են «զենք» լինել ընդդեմ բռնության, ռասիզմի եւ ծայրահեղականության: «Յադ Վաշեմը» վայր է, որտեղ հանդիպում են լույսն ու խավարը, սարսափն ու հույսը, անցյալն ու ներկան: Իսկ պատմությունն իսկական կյանքի դպրոց է»:
Հոլոքոստի «Յադ Վաշեմ» կենտրոնի տնօրինությունը կարեւորել է պրոդյուսերի այդ քայլը՝ իր համար կարեւորագույն մրցանակը կենտրոնին նվիրելու առումով:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
24.07.2015