Նա Հայաստան կգա, հավանաբար, օգոստոսին
Գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը չի խախտելու յուրաքանչյուր մենամարտից հետո Հայաստան գալու եւ իր բազմահազար երկրպագուների հետ շփվելու ավանդույթը:
Արթուր Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ ժամկետից շուտ փառահեղ հաղթանակ տոնելուց հետո Արթուրը հայրենիք կգա, հավանաբար, օգոստոս ամսին:
«Արթուր Աբրահամը դեռ որոշ գործեր ունի Գերմանիայում: Նրա եւ Ուլի Վեգների հանդիպումներ են պլանավորված գերմանական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Նա այս օրերին պետք է նկարահանվի մի նախագծում: Դա ֆիթնեսի ուղեցույց տեսահոլովակ է: Բացի այդ, Արթուրը ցանկանում է մի քանի օր էլ հանգստանալ ծովափնյա որեւէ հանգստավայրում»,- ասաց Սիրան Գրիգորյանը եւ ավելացրեց, որ Աբրահամը օրեր առաջ 2 տարով երկարաձգել է իր աշխատանքային պայմանագիրը «Զաուերլանդ իվենթ» պրոումոթերական կազմակերպության հետ: Այնպես որ` նրա երկրպագուները դեռ երկու տարի «Արթուր Արքային» կտեսնեն ռինգում: Բայց թե առաջիկա մենամարտն ում հետ եւ որտեղ կլինի, մամուլի քարտուղարի խոսքերով` դեռ հայտնի չէ:
Կարդացեք նաև
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.07.2015