Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տերտերյանը «կվերադառնա» Հայրավանք

Հուլիս 25,2015 12:30

Կոմպոզիտորի տնից կմեկնարկի նրա երազած միջազգային փառատոնը

Ավետ Տերտերյանը հուլիսի 29-ին կդառնար 86 տարեկան: Կոմպոզիտորն առավելապես հայտնի է իր սիմֆոնիաներով, որոնք իրենց նորարարությամբ եւ հայկական հոգեւոր երաժշտության մոնոդիաների ինքնատիպ կիրառմամբ նոր խոսք էին ոչ միայն հայկական կոմպոզիտորական արվեստում, այլեւ խորհրդային եւ համաշխարհային երաժշտության մեջ: Որոշ սիմֆոնիաներում նա օգտագործել է դուդուկ, զուռնա, թառ եւ այլն: Կոմպոզիտորի լուսահոգի կինը՝ երաժշտագետ Իրինա Տիգրանովնան, ժամանակին «Առավոտին» ասել էր. «Ավետ Ռուբենիչը հրաժարվել է դասական հարմոնիայի համակարգից ու նրա պարտադիր կանոններից: Նրա ոճը միաձուլված է արտասահմանյան ավանգարդիզմի եւ ազգային երաժշտության հետ: Տերտերյանի համար մեկ հնչյունը ամբողջ թեմայի նշանակություն ունի: Նա երաժշտությունը կարող է ստեղծել ու ապրեցնել այդ մեկ հնչյունով…»:

ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Սանկտ Պետերբուրգի «Մշակույթը եւ ապագան» աջակցման ու զարգացման հիմնադրամը հանճարեղ կոմպոզիտորի ծննդյան օրը Հայրավանքում գտնվող նրա տանը կանցկացնեն «Տերտերյանի ժամանակը» միջազգային փառատոնը:

«Առավոտը» հանդիպեց «Մշակույթը եւ ապագան» հիմնադրամի հիմնադիր նախագահ, Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական եկեղեցու ատենապետ եւ տեղի հայ համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանի հետ:

karen-mkrtchyan

Կարեն Մկրտչյան

«Մշտապես ուսումնասիրել եմ տերտերյանական երաժշտությունը, բայց, չգիտես ինչու, մտածում էի, որ կոմպոզիտորին կհասկանան միայն 21-րդ դարավերջին: Ինձ մոտ եկան ճանաչված թատերական քննադատ Մարիա Բաղդասարյանը եւ բեմադրիչ Լեւոն Շուրինը, որոնք, պարզվում է, Տերտերյանի արվեստի երկրպագուներն են, ու զրույցի արդյունքում Եկատերինբուրգում եւ այլ քաղաքներում անցկացրինք տերտերյանական ընթերցումներ: Մոտս գաղափար հղացավ Հայաստանում էլ, հատկապես Հայրավանքում գտնվող կոմպոզիտորի տանը կազմակերպել միջազգային փառատոն, ինչը Ավետ Ռուբենիչի երազանքն է եղել: Փառատոնին, բնականաբար, կլինեն ճանաչված երաժիշտներ, լրագրողներ, «Կուլտուրա» TV-ն ժապավենին կհանձնի փառատոնը, իսկ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը կնկարահանի ֆիլմ` հետագայում տարբեր մրցույթների ներկայացնելու ակնկալիքով»,- հայտնեց պարոն Մկրտչյանը: Նրա ձեւակերպմամբ՝ «Տերտերյանական երաժշտության մեջ խտացված են անցյալը, ներկան ու ապագան, եւ 21-րդ դարում աշխարհը Հայաստանը ճանաչելու է Տերտերյանով»: Նա հավաստիացրեց նաեւ, թե փառատոնը կդառնա ավանդական, կոնկրետ՝ 2016թ. ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության ու Երեւանի օպերային թատրոնի հետ միասին, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ փառատոնը կկայանա Դիլիջանում:

Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավարից խնդրեցինք ներկայացնել տեղի հայերի կյանքը, մասնավորապես՝ մշակութային անցուդարձը: «Սանկտ Պետերբուրգում եւ մարզում ապրում է 100.000 հայ, ես էլ համայնքը ղեկավարում եմ շուրջ 10 տարի: Համայնքի վերածնունդը սկսվել է 1987թ., երբ հայր Եզրաս Ներսիսյանը ժամանեց Լենինգրադ: Այդժամ վերաբացվեցին Պետերբուրգի հայկական երկու եկեղեցիները, կիրակնօրյա դպրոցը, հիմնվեց երկլեզու «Հավատամք» ամսաթերթը (գլխավոր խմբագիր՝ Արմեն Մերուժանյան): Թերթին կից բացվեց տպարան, որտեղ մինչեւ այսօր տպագրվել է շուրջ 100 անուն գիրք: Դրանք ներկայացնում են մեր պատմությունը, գիտությունը, մշակույթը, մի խոսքով՝ բազմադարյա Հայաստան աշխարհի պատմական ժառանգությունը»:

Պարոն Մկրտչյանը նշեց, որ համայնքի ուժերով Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում գործում է հարուստ աստվածաբանական գրադարան, ճեմարանում եւ Վազգենյան դպրանոցում բացվել են համակարգչային դասարաններ, կարճ ասած՝ օգնում են Հայաստանին` շեշտը դնելով դպրոցների ու մանկապարտեզների վրա: Հիշեց 2010 թվականը, երբ նշվում էր համայնքի 300-ամյակը, ասաց, որ այդ տոնական միջոցառումներն իրենց ներկայությամբ պատվել են ՌԴ եւ ՀՀ նախագահները, բացվել են Օրբելու եւ ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի կիսանդրիները: 2011թ. եկեղեցուն կից կառուցվել է հայ-ռուսական «Վերնատուն» մշակութային կենտրոնը, որին կից ստեղծվել է Երիտասարդական ֆիլհարմոնիկ նվագախումբը (դիրիժոր՝ Միհրան Աղաջանյան): «Նվագախմբում կան 100 երաժիշտներ, որոնք Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ են: Նվագախումբը լավագույն բեմերում հնչեցնում է հայկական երաժշտություն»,- փաստեց Կարեն Մկրտչյանը: Ներկայացրեց նաեւ Երիտասարդաց միության «Նոր սերունդը», որի սաները մասնակցում են գեղեցկության մրցույթներից մինչեւ սպորտային ու մշակութային միջոցառումների: Անդրադարձ եղավ կիրակնօրյա դպրոցին՝ շուրջ 200 աշակերտներով: Ինչ վերաբերում է 8 տարի գործող հայկական թիվ 259 գիմնազիային (տնօրեն՝ Աստղիկ Քոչարյան), որտեղ ուսանում են 10 ազգերի երիտասարդներ, այն առաջիկայում կանվանակոչվի ռուսական կայսրության մինիստր Լորիս Մելիքովի անունով, ով հայտնի է իր ռեֆորմներով, շատ շուտով Երեւանյան պուրակում կբացվի Կոմիտասի արձանը (հեղինակ՝ Լեւոն Բեյբության): Հարցին` ի՞նչ միջոցառումներ են անցկացվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով, պարոն Մկրտչյանը պատասխանեց. «Միջոցառումների մեկնարկը տրվել է 2014թ. ապրիլի 24-ին:

Աշխարհում ոչ մի տեղ քանակական եւ որակական տեսակետից Սանկտ Պետերբուրգի նման միջոցառումներ չեն անցկացվել: Նշեմ մեկ-երկուսը. Մարիինյան թատրոն, Ազգային գրադարան, Ֆիլհարմոնիայի կապելլա, գիտաժողովներ Միխայիլ Պիատրովսկու գլխավորությամբ, միջազգային մրցույթներ համալսարանում, կոնսերվատորիայում, Գեղարվեստի ակադեմիայում…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031