Մենք խմում ենք մեր ընկերների հետ չնախատեսված հանդիպման առիթով, կանխավճարի, դրամապարգեւներ ստանալու կամ չստանալու, կնոջ հետ գժտվելու կամ հաշտվելու, հարսանիքի կամ բաժանման, վատ եղանակի, պետի ծննդյան օրվա առիթով եւ հազար ու մի այլ՝ օբյեկտիվորեն կամ հատուկ մեր կողմից ստեղծված իրադրությունների դեպքում։ Դա անպատիժ չի մնում։ Շատ ալկոհոլիկներ սկսել են հատկապես այդպիսի «կոնծաբանություններից»։
Եթե մարդը չի խմում, նրա երկարակեցության հավանականությունն արդյոք ավելանո՞ւմ է։ Կարո՞ղ է արդյոք նա հույս ունենալ, որ կապրի մինչեւ խորը ծերություն` առանց հիվանդությունների։ Այս հարցերին մասնագետները պատասխանում են` մեծ մասամբ՝ այո։ Արեւմտյան Եվրոպայի երկրներում եւ ԱՄՆ-ում որոշ ապահովագրական ընկերություններ չխմողներից զգալիորեն քիչ են վերցնում ապահովագրական անդամավճար` նախապես ենթադրելով, որ դրանք չեն լինի այն հաճախորդները, որոնք հիվանդանալով` ապահովագրական ընկերությանը գցում են ծախսերի տակ։
Կարդացեք նաև
Պատանիներն իրենց հաշիվ չեն տալիս այն բանում, որ սպիրտով յուրաքանչյուր ըմպանակ ազդում է օրգանիզմի վրա որպես թույն, եւ որ չկա այնպիսի օրգան, որ ալկոհոլի մշտական ազդեցությունից չկորցնի իր ֆունկցիաները, դուրս չգա շարքից։
Մարդու օրգաններից ամենից շատ տուժում է տեսողությունը։ Անդառնալի փոփոխությունները վնասում են ցանցաթաղանթը եւ աչքի նյարդը։ Ճգնաժամային դեպքերում հնարավոր է տեսողության կորուստ։
Բորբոքային պրոցեսները տանում են ձայնալարերի բորբոքման, ի հայտ է գալիս ալկոհոլային խռպոտություն, իսկ ծայրահեղ դեպքում` ձայնի կորուստ։
Շնչառական համակարգի վրա ազդում է թոքերի բորբոքման, տուբերկուլյոզի առաջացման վտանգներով։ Ալկոհոլիկների մոտ այդ հիվանդություններն ընթանում են առանձնապես ծանր. չէ՞ որ առկա է օրգանիզմի ընդհանուր հյուծվածությունը։ Այն մարդկանց շրջանում, որոնց մասնագիտությունը ենթադրում է ազատ հնարավորություն ալկոհոլային խմիչքների նկատմամբ (օրինակ` մատուցողների շրջանում), տուբերկուլյոզը բավական հաճախադեպ երեւույթ է դառնում։
Ալկոհոլի օգտագործման հետեւանքով ճարպային բջիջները այլասերվում են։ Դրանց փոխարեն առաջանում է սպիավոր հյուսվածք, որը սեղմում է մնացած բջիջներին, ինչը եւ հանգեցնում է դրանց մեկուսացմանը։ Լյարդը փոքրանում է, դառնում է պինդ։ Գործը կարող է հասնել այնտեղ, որ լյարդը դադարի կատարել օրգանիզմում թույները չեզոքացնելու իր ֆունկցիան։ Ալկոհոլը վնասազերծելու համար լյարդը օգտագործում է իր աշխատանքի համար անհրաժեշտ 80% թթվածին։ Օրգանիզմը հյուծվում է։ Եթե այցելուն չի լսում բժշկին եւ չի դադարում խմել, լյարդի ցերոզը արագ հասցնում է նրան կործանման։
Ալկոհոլի մշտական գրգռումից մարսողական ուղին բորբոքվում է։ Բորբոքումը դրսեւորվում է այրոցով, անոթի ժամանակ` սրտխառնոցով, հաճախ ցավերով: Առանձնապես ալկոհոլի ներգործությանն է ենթարկվում ստամոքսի լորձաթաղանթը։ Այն դառնում է անհարթ, գորշ, նրա վրա առաջանում են թարախապալարներ եւ թարախակույտեր, ինչի հետեւանքով առաջանում է արյունահոսություն, կամ նույնիսկ ստամոքսի պատերը ծակվում են։ Հետագայում լորձաթաղանթի վրա կարող է առաջանալ ուռուցք։ Փոփոխության են ենթակա նաեւ տասներկումատնյա աղին, աղիները եւ ենթաստամոքսային գեղձը: Ալկոհոլի օգտագործումը հանգեցնում է այն բանին, որ մարսողական ուղին վատ է մարսում կերը՝ ախորժակն ընկնում է: Ամենից լուրջ փոփոխություններ տեղի են ունենում կենտրոնական նյարդային համակարգում` խանգարումներ մտածողության, կամքի եւ զգացմունքների ոլորտում, հոգեկան շեղումներ եւ այլն։ Ալկոհոլի ազդեցությունը պերիֆերիկ` ծայրամասային նյարդային համակարգի վրա արտահայտվում է գլխավորապես դրանց բորբոքմամբ, հաճախ նույնիսկ դրանց մեռուկացմամբ։
Սրտամկանը գերաճում է, պատվում ճարպաշերտով։ Անդառնալի փոփոխություններ են կրում նաեւ զարկերակները։ Վրա է հասնում կարծրախտը, այստեղից` ինֆարկտները եւ արյունազեղումները։
Ալկոհոլի ազդեցությունից երիկամները աշխատում են շատ լարված, իսկ դա վատ է, հատկապես, եթե դրանք բորբոքված են` ալկոհոլը վատացնում է դրանց վիճակը եւ հանգեցնում ցերոզի։
Ոգելից խմիչքները բացասաբար են ազդում հիպոֆիզի, վահանաձեւ գեղձի եւ մակերիկամի վրա։ Առաջին փուլում՝ հորմոնների ուժեղ արտադրություն, հաջորդում՝ չափից ավելի գրգռվածություն, ներքին սեկրեցիայի գեղձերի գործունեության խանգարում։ Ալկոհոլը բացասաբար է ազդում նաեւ սեռական օրգանների վրա։ Տղամարդկանց մոտ արտահայտվում է սեռական հակման կորստով, սերունդ ունենալու անկարողությամբ։
Ոգելից խմիչքները օգտագործելուց առաջանում է նաեւ ավիտամինոզ։
Ալկոհոլը, ինչպես ընդունված է համարել, բուժամիջոց չէ գրիպի, մրսածության դեպքերում եւ այլն։ Տաքի զգացողությունը խաբուսիկ է, այն զգացվում է միայն սկզբում։ Իրականում ալկոհոլը միայն իջեցնում է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը մանրէների, վիրուսների նկատմամբ եւ այլն։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
24.07.2015