Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Ազատության հրապարակում հավաք էր հայտարարել: Մինչ հավաքի սկիզբը, երբ դրոշներն էին բաժանում, դրոշների շարքում կային նաեւ ԵՄ դրոշները, սակայն հավաքի հրապարակում միայն եռագույներն էին:
Նշենք, որ Ազատության հրապարակում ներկա էին նաեւ Հիմնադիր խորհրդարանի անդամները՝ Գարեգին Չուգասզյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Վարդան Հակոբյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Հավաքի ավարտին ԱԻՄ առաջնորդը բացատրեց, թե ինչո՞ւ Ազատության հրապարակում ԵՄ դրոշներ չկային. «Պարզապես մենք մեր գործընկերների հետ այդ հարցը չենք համաձայնեցրել: Եվ այսօր մենք չենք ներկայանում, այլ հավաքվել ենք հանրային քննարկումների: Իսկ Եվրոպական միության արժեհամակարգը մեզ համար, այս հավաքին մասնակցած ուժերի հիմնական մասի համար հոգեհարազատ է»:
Պարույր Հայրիկյանը ներկայացրեց նաեւ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԱԻՄ-ի դիրքորոշումը: ԱԻՄ-ն ունի խորհրդարանը 100 տոկոս ներկայացուցչական դարձնելու բանաձեւ, որը պայմանականորեն կոչվում է բացարձակ ժողովրդավարության համակարգ. «Այսօր մենք ունենք բացարձակ ժողովրդավարական պետություն դառնալու բանաձեւը: Ես կարծում եմ, որ հայերի համար դա շատ շահեկան է լինելու լինել աշխարհում առաջին բացարձակ ժողովրդավարական պետությունը, դրա նախադրյալները մենք ունենք»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ մինչ այդ Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, եթե այս հավաքի ընթացքում ներկա քաղաքական ուժերը միասնական դիրքորոշում ունենան, ապա հինգշաբթի՝ հուլիսի 30-ին, իրենք Մատենադարանի հարակից տարածքից երթով կգնան դեպի Սահմանադրական դատարան:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ