«Ռեինկարնացիա» խմբին վերաբերող բոլոր նորություններն այսուհետև հասանելի կլինեն նաև բջջային հավելվածի միջոցով, քանի որ Հայաստանում առաջին անգամ երաժշտական խմբին նվիրված բջջային հավելված է ստեղծվել:
Խմբի պրոդյուսեր Արամ Սուջյանի փոխանցմամբ՝ նման հավելված ունենալու գաղափարը դեռևս երկու տարի առաջ է ծնվել, սակայն այն հնարավոր է եղել կյանքի կոչել այս տարի:
Ա. Սուջյանի տեղեկացմամբ՝ հավելվածը նախատեսված է Android և IOS համակարգերով աշխատող հեռախոսների համար:
Կարդացեք նաև
Խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանն ասում է, որ նմանատիպ հավելվածները լայն տարածում ունեն Արևմուտքում, սակայն «Ռեինկարնացիա»-ի հավելվածը Հայաստանում առաջինն է իր տեսակով, և խմբի գործունեության մասին տեղեկատվությունը հասանելի կլինի ողջ աշխարհով մեկ: «Միշտ հարց է առաջանում, թե ինչպես կարելի է ավելի հեշտ, հարմար և անվճար հասցնել տեղեկատվությունը խմբի մասին: Կարծում եմ՝ սա լավ տարբերակ է»,- ասում է խմբի մենակատարը:
«Ցանկացողներն այս հավելվածով կարող են մշտապես ծանոթանալ «Ռեինկարնացիա»-ին վերաբերող նորություններին, լսել խմբի նոր երգերը, դիտել տեսահոլովակները, ծանոթանալ առաջիկա համերգներին և միջոցառումներին, ինչպես նաև ուղիղ հեռարձակմամբ հետևել խմբի համերգներին, որոնց ինչ-ինչ պատճառներով ֆիզիկապես չեն կարողացել ներկա գտնվել: Այն կներառի նաև համացանցային ռադիոկայան, որով կհեռարձակվեն խմբի ինչպես նոր, այնպես էլ հին երգերը, որոնք Ռոլանդը կցանկանա եթերում հնչեցնել»,- տեղեկացնում է խմբի պրոդյուսերը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ