«Հայաստանը շատ լավ միջանցք կլինի Պարսից ծոցը Սև ծովին կապելու առումով»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մուհամմադ Ռայիսին: Նրա կարծիքով՝ այդ նախագիծը երկարատև ջանքեր է պահանջում:
«Հնարավոր է՝ այդ ուղու կառուցումը ժամանակի առումով մի քիչ երկար տևի, բայց դուք շատ լավ գիտեք, որ կոմունիկացիաները շատ լուրջ ազդեցություն ունեն երկրի տնտեսության վրա»,- ասաց դեսպանը:
Նա նկատեց, որ էլեկտրաէներգիայի փոխանակման, Մեղրի ՀԷԿ-ի եւ Հյուսիս–Հարավ միջանցքի կառուցման ու էլի մի շարք այլ նախագծեր ստորագրվել, բայց մնացել են թղթի վրա, մինչդեռ դրանց իրականացումը դրական մեծ ազդեցություն կթողներ Հայաստանի տնտեսության վրա:
Հարցին, թե «հայկական միջանցքը» Իրանը դիտարկո՞ւմ է որպես ապագայի ծրագիր, թե սոսկ բարի ցանկություն է, դեսպանը հիշեցրեց, որ այս ուղղությամբ բանակցություններ նախկինում եղել են. «Նախատեսված է 3 միլիարդ 200 միլիոն այդ ծրագիրն իրականացնելու համար: Խոսքը վերաբերում է երկաթգծին, որն ակնկալում է ներդրող: Տրանսպորտի նախարարությունը մի քանի անգամ նիստեր է կազմակերպել այդ հարցով, բազմաթիվ բանակցություններ է վարել, սակայն լուրջ ներդրող առ այսօր չի գտնվել»:
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկն էլ դեսպանին հիշեցրեց Իրանի էներգետիկայի նախարարի՝ ավելի վաղ կատարած հայտարարությունը՝ իրանական գազը Եվրոպա արտահանելու մասին՝ Հայաստան-Վրաստան-Սև ծով երթուղով: Ապա հարց հնչեց, թե դեսպանը տեսականորեն տեսնու՞մ է նման հնարավորություն. «Բավականին երկարատև բանակցություններ են եղել, այդ հարցը քննարկվել է Իրան-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում… իսկ ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է համապատասխան ենթակառույցները բավարարել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ