ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հյուրընկալեց Սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին:
Հանդիպանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ողջունելով Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչներին, մշակութային խմբերի ղեկավարներին, լրագրողներին և երիտասարդ առաջնորդներին Ազգային ժողովում, Գալուստ Սահակյանը կարևորեց նրանց այցելությունը հայրենիք ու խորհրդարան՝ նշելով, որ տարիներ շարունակ սիրով է հանդիպում ամառային դպրոցի մասնակիցների հետ:
Օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր գնահատեց Սփյուռքի նախարարության նախաձեռնությունը՝ Հայրենիքում նման կրթական ծրագիր կյանքի կոչելը և ընդգծեց Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների դերը հայապահպանության կարևոր գործում: Նա նշեց, որ հայ ժողովուրդը բազում համազգային խնդիրներ ունի լուծելու և այդ ուղղությամբ իրականացնելիք բազում ծրագրեր: «Սփյուռք» ամառային դպրոցը նման հաջողված ծրագիր է: ԱԺ նախագահը կարևորեց ծրագրի շրջանակներում արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցումը նման անմիջական շփումների միջոցով: Նա մասնավորապես ասաց. «Կարող եմ անվարան ասել, որ «Սփյուռք» ամառային դպրոցը հուսալի ծրագիր է, որը պետք է ամրացնի մեր գաղափարախոսությունը, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, որ Սփյուռքում կարողանում եք պայքարել մեզ հետ միասին, իմացե՛ք, որ միշտ Ձեր կողքին ենք»:
Կարդացեք նաև
Գալուստ Սահակյանը սփյուռքահայ հյուրերին ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» նախաձեռնությունը՝ ընդգծելով Սփյուռքի հայկական համայնքների և կրթօջախների դերը դրա իրականացման գործում:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը հորդորեց «Սփյուռք» ամառային դպրոցի ուսուցիչներին շարունակել իրենց ազգապահպան առաքելությունը ավելի մեծ եռանդով ու սիրով:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովի նախագահին ավանդական դարձած ընդունելության համար: Նախարարը ևս կարևորեց արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման հնարավորությունը և հուլիսի 29-30-ը այդ նպատակով նախարարության նախաձեռնությամբ իրականացվելիք համաժողովը:
Գերատեսչության ղեկավարը հորդորեց ծրագրի մասնակիցներին, որ Սփյուռքում իրենց զավակներին սովորեցնեն հայոց լեզուն, սրբորեն պահեն ու պահպանեն մեր մայրենին՝ ազգապահպանության ամենամեծ գրավականը:
Հանդիպման վերջում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների հարցերին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ