Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողները Սերժ Սարգսյանին տեսան միայն  Բերդի բժշկական կենտրոնում

Հուլիս 24,2015 19:12

Հուլիսի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Նա Բերդ քաղաքում մասնակցեց նորոգված հիվանդանոցի բացման արարողությանը: Վերանորոգված բժշկական կենտրոնի բացումը խորհրդանշող ժապավենը կտրեցին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եւ Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, բարձրաստիճան այլ անձինք շրջեցին վերանորոգված հիվանդանոցի շենքում, ծանոթացան կատարված աշխատանքներին, բուժհիմնարկում ստեղծված պայմաններին : Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված վարկային ծրագրի շրջանակներում կատարվել են Բերդի ԲԿ-ի պոլիկլինիկական երկհարկանի եւ ինֆեկցիոն մեկ հարկանի մասնաշենքերի վերակառուցման, ինչպես նաեւ կցակառույցի շինարարության աշխատանքները: Դրանք կատարել է «Արտաշատշին» ՍՊԸ-ն:

Բերդի ԲԿ-ն հագեցել է բժշկական ժամանակակից տարբեր սարքավորումներով՝ բարձր արտադրողականություն ունեցող բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիր, եռաչափ ուլտրաձայնային հետազոտման սարք, որը կարող է իրականացնել նաեւ սրտի եւ անոթների հետազոտություն, սպիրոմետր՝ ծրագրային փաթեթով, վիրահատարանի համար նախատեսված լուսատու, վիրահատական սեղան, լաբորատոր սարքեր, թոքերի արհեստական օդափոխության սարք եւ այլն: «Առողջապահական համալիրի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում Բերդի ԲԿ-ում կատարվել է 940,2 միլիոն դրամի ներդրում: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին ասացինք, որ Բերդի ԲԿ-ում մասնագետ բժիշկների պակաս կա, ինչպե՞ս է լուծվում այդ հարցը: Նա մատնացույց արեց Բերդի ԲԿ-ում վերջերս աշխատանքի ընդունված, ծագումով Բերդի տարածաշրջանից ջահել բժշկուհու եւ ասաց, որ տեղացի երիտասարդ բժիշկներն արդեն գալիս են հայրենի Բերդում աշխատելու, առաջիկայում նրանց կմիանա անզգայացնողի մասնագիտությամբ երիտասարդ բժիշկ:

скачанные файлы

Նախագահ Սերժ  Սարգսյանն այնուհետեւ այցելել է  Վերին Կարմիրաղբյուր, որտեղ բացվել է  մանկապարտեզի շենք: Գյուղի  մանկապարտեզի նախկին,  փայտաշեն շենքը կառուցվել էր 1923թ.:  Մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը սկսվել է  1991-ին, սակայն այն անավարտ է մնացել: Դրա հիմքի վրա  «Տավուշշին» ՍՊԸ-ն  119,8 միլիոն դրամ ֆինանսավորմամբ  կառուցել  է  մանկապարտեզի շենք:  Այն  բաղկացած  է երկհարկանի եւ մեկհարկանի մասնաշենքերից, որոնց ընդհանուր  մակերեսը  453քմ է:  Մանկապարտեզին հատկացվել է 5,2 միլիոն դրամի գույք:  Մինչ մանկապարտեզի շենքի վերակառուցումը Վ. Կարմիր Աղբյուրում մանկապարտեզ է հաճախել 35 երեխա, շենքի վերակառուցման արդյունքում մանկապարտեզ կհաճախի  71 երեխա:
скачанные файлы

Սերժ Սարգսյանը հուլիսի 24-ին այցելել է նաեւ սահմանամերձ Չորաթան, ծանոթացել «Տավուշ տեքստիլ» ընկերության արտադրամասի աշխատանքներին:

Ծագումով  Արծվաբերդ գյուղից ռուսաստանաբնակ գործարար Սուրեն Երիցյանի հիմնած «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ն այս տարի  Չորաթան գյուղում ձեռք է բերել երկու կիսակառույց, խարխուլ վիճակում գտնվող անասնագոմ: Ներկայումս վերակառուցված մեկհարկանի արտադրամասի ընդհանուր մակերեսը 2000 քառակուսի մետր է: Ընկերությունն արդեն Չորաթանում ստեղծել է 50 աշխատատեղ՝ ամսական 100 հազար դրամ աշխատավարձով: Մեզ հետ զրույցում Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանն արտադրամասի բացումը, աշխատատեղերի ստեղծումը սահմանամերձ գյուղի համար փրկություն համարեց: Չորաթանում օրական արտադրվում է 16 հազար զույգ ձեռնոց, որոնք արտահանվելու են Ռուսաստան եւ Բելոռուս: Արտադրամասի հարեւանությամբ վերակառուցվում է եւս մի արտադրամաս: Ընկերությունը նախատեսում է  առաջիկա 5 տարիների ընթացքում Տավուշի մարզում կատարել 40 մլն ԱՄն դոլարի ներդրում, որից 5 միլիոնը՝ 2015-2016 թվականների ընթացքում: «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ն նախատեսում է առաջիկայում արտադրամասեր բացել մարզի Արծվաբերդ, Այգեձոր, Կողբ, Պառավաքար եւ Բերդ համայնքներում:

скачанные файлыՏավուշի մարզի Բերդի  տարածաշրջան  Սերժ Սարգսյանի  այցը  լուսաբանում էին Հայաստանի հեռուստաընկերությունների,  այլ լրատվամիջոցների շուրջ 30 լրագրողներ եւ հեռուստաօպերատորներ:  Նախագահի լրատվական ծառայությունն ավտոմեքենաներով ապահովել էր  լրագրողների մեկնումը  Բերդ, Չորաթան, Վերին Կարմիր Աղբյուր: Լրագրողները՝ այդ թվում aravot.am-ի թղթակիցը,  ՀՀ նախագահին եւ նրա հետ Բերդի տարածաշրջան այցելած պաշտոնյաներին տեսան միայն  Բերդի  բժշկական կենտրոնում, Չորաթան եւ Վ. Կարմիր Աղբյուր լրագրողների այցը   նախագահի այցից ավելի վաղ էր կազմակերպվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031