Այսօր լրագրողների հետ զրույցում Aravot.am-ը ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին հարցրեց՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն հայտարարությունը, թե Նախիջեւանի շրջանից Երեւանի ցանկացած ռազմական օբյեկտ կոչնչացնեն՝ իրական վտանգ պարունակո՞ւմ է, թե՞ հոգեբանական ճնշման համար են հայտարարում: Նախարարը պատասխանեց. «Նրանց խոսքերի մեջ նշվում էր, թե քարը քարի վրա չենք թողնի: Իհարկե, եթե վերցնում ենք մեր երկու կողմերի ուժերը եւ մեր հակամարտությունը, յուրաքանչյուրն ինչ-որ ունակություն ունի: Բայց այս տարիների ընթացքում մենք խելացի կերպով կազմակերպում ենք մեր պաշտպանությունը, նաեւ հակազդում բոլոր ոտնձգություններին, որոնք կան: Ավելին՝ մեր զինծառայողների հմուտ գործողություններով, սպառազինության եւ զինտեխնիկայի արդիականացման, նոր միջոցների ձեռքբերմամբ մենք զսպման մեխանիզմներ ենք ստեղծում: Քարը քարի վրա չթողնողը երեւի թե մինչեւ 1994-ի պատերազմը կթողներ ամեն ինչ, տարբեր երկրներ եւ կգար ու կլիներ իր հայրենիքում, իր հայրենիքը կպաշտպաներ»:
Սեյրան Օհանյանն ասաց, որ օրեր առաջ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ հանձինս նախագահի եւ ՊՆ նախարարի, արտահայտություններ են արել, որ Հայաստանը քարը քարի վրա չեն թողնի: Նախարարի խոսքերով՝ «Մենք մտածում ենք, որ նրանք զբաղվում են կառուցողական խնդիրներով՝ փոխանակ քարը քարի վրա դնեն, փորձում են քարը քարի վրա չթողնել: Այդ փորձը, իմիջիայլոց, մենք էլ ունենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ