Այսօր լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ սահմանային լարվածությանը. «Որոշակի լարվածություն կա, կրակոցների թիվն ավելացել է: Հակառակորդը ոչ միայն Արցախում, այլ նաեւ ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ է կրակում
Նախարարն ասաց, որ վերջին օրերին հակառակորդը նաեւ խոշոր տրամաչափերի ականանետներից է կրակում. «Իհարկե կրակոցները ստույգ եւ ճշգրիտ չեն եղել, սակայն իրավիճակը վերահսկվում է: Այսօր հայ զինվորն ունի բարձր մարտական ոգի, հայկական բոլոր ստորաբաժանումներն օժտված են համապատասխան բարոյահոգեբանական մակարդակով: Թող հայ ժողովուրդը վստահ լինի, որ հայկական բանակը իր առաջ դրված խնդիրը՝ խաղաղությունը, անվտանգությունը ապահովել եւ ապահովելու է»:
Հարցին՝ համանախագահների հայտարարությունից հետո, երբ նաեւ Ադրբեջանի եւ ՀՀ նախագահների հանդիպման անհրաժեշտության մասին խոսք եղավ, Ադրբեջանը դարձյալ շարունակում է խախտել հրադադարը, հակառակորդը ադեկվա՞տ է իրավիճակին՝ նախարարը պատասխանեց. «Հակառակորդի հետ մենք հարաբերություններում այսպիսի բան ենք նկատում՝ նա փորձում է այսպիսի միջոցառումներով՝ լարվածության ստեղծմամբ, իր համար շահադիտական պայմաններ կորզել: Մեր պայմանները հետեւյալն են՝ մենք կարող ենք հաջողությունների հասնել ԼՂՀ հակամարտության կարգավորման գործում՝ երկխոսության պայմաններում՝ հիմքում ունենալով այն, որ պետք է զերծ մնալ ուժի կիրառումից, որովհետեւ եթե ուզում ենք լուծել հարցը, պետք չէ ուժ կիրառել: Մենք միակողմանի ազդեցության տակ երբեւիցե ընկնող չենք, որովհետեւ ուժային ազդեցության տակ մեզ փորձեցին դնել արցախյան ազատամարտի ժամանակ, եւ մենք կարողացանք պաշտպանել ինքներս մեզ:
Ես կհորդորեի, որ մեր հակառակորդներն այս պահին, երբ մենք բոլորս ցանկանում ենք, որպեսզի հանդիպումներ լինեն, բանակցային գործընթացը կառուցողական ընթացք ստանա, զերծ մնալ հռետորաբանությունից, տարբեր տիպի անկապ խոսակցություններից՝ չգիտեմ էս կանենք, էն կանենք, քարը քարի վրա չենք թողնի: Քարը քարի վրա չթողնողը երեւի թե Արցախյան ազատամարտի ժամանակ ամեն ինչ կթողներ եւ կգար կպաշտպաներ իր հայրենիքը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ