Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում». Սեյրան Օհանյանը՝ հակառակորդին ծնկի բերելու մասին

Հուլիս 24,2015 16:41

Այսօր ՊՆ նախարար Սեյրան Oհանյանը հանդիպեց «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ:

Նրանցից մեկը, որը բնակվում է ՌԴ-ում, Սեյրան Օհանյանին հարց ուղղեց՝ եթե պատերազմ լինի, Հայկական բանակը պատրա՞ստ է մեր նախնիների պատմական հողերը վերադարձնել: Նախարարը պատասխանեց. «Այսօր մենք պատրաստ ենք մեր հայրենիքը պաշտպանելու: Մեծ Հայաստան դառնալու ճանապարհին հայ ժողովուրդը միշտ ատամները կրճտացնելով ըմբոստացել է, որ ապագան ավելի անվտանգ տեսնի: ԼՂՀ անվտանգության պահպանությունը, շատ բնակավայրերի ազատագրումն ապացուցել է, որ մենք այդ ճանապարհին ենք: Անկասկած, մենք մեր անվտանգության ապահովումը կապում ենք ողջ հայ ժողովրդի ապագայի հետ: Ձեր ասածը կարճ ժամանակամիջոցում հնարավոր չէ իրականացնել, որովհետեւ այդպիսի պայմանների ստեղծման համար պետք է պայմաններ ստեղծենք, որ այսօր մեր ունեցածը պահպանենք, Հայաստանը հզորացնենք»:

Նախարարը նշեց, որ եթե հնարավորություն լինի, ընդլայնվելու մասին էլ կմտածենք, բայց այսօր պատրաստ ենք պաշտպանել մեր հայրենիքը եւ տարբեր կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել:

Մի սփյուռքահայ աղջիկ էլ շնորհակալություն հայտնեց նախարարին՝ ասելով, որ գնացել է, նոր է հասկացել, թե ինչքան հզոր բանակ ունենք, ինչքան հպարտանալու բան ունենք. «Ես հասկացա, որ իզուր չէ: Իմ եղբայրները ծառայել են Հայկական բանակում, զինվորական գրքույկն ունեն եւ շատ ուրախ ու հպարտ եմ, որ գալիս են Հայաստան՝ ծառայելու: Պարոն Օհանյան, ձեր ամեն մի բառը, ամեն մի խոսքը, որով հորդորում եք հայ զինվորներին, ազդում է նաեւ այն մարդկանց վրա, որոնք ապրում են օտար ափերում, նրանք էլ են լցվում մեծ հայրենասիրությամբ»: Նա ասաց, որ տեսանյութեր է դիտել ու շատ է ոգեւորվել. «Հպարտանում ենք, որ հայ ենք, հպարտ ենք ձեզանով»:

Նախարարն աղջկա խոսքերին արձագանքեց. «Մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում: Արցախյան պատերազմը ցույց է տվել, որ մենք շատ քիչ, փոքր ուժերով հակառակորդի մեծ ստորաբաժանումներ կարողացել ենք ծնկի բերել, հաղթել, նաեւ խաղաղության համապատասխան պայմաններ ստեղծել»:

Նախարարն ասաց, որ հաճախ աղջիկներն իրեն հարցնում են՝ Հայկական բանակում աղջիկ կարո՞ղ է ծառայել, թե՞ չէ. «Ես ասում եմ, որ իհարկե, հայ տղամարդիկ չեն թողնում, որ աղջիկները ծառայեն, բայց կան բազմաթիվ աղջիկներ, որոնք ծառայում են ոչ միայն բժշկական, կապի եւ ավտոմատ ծառայողական համակարգերում, այլ նաեւ հատուկ ստորաբաժանումներում, մարտական ստորաբաժանումներում, ունենք լավ պատրաստված դիպուկահարներ: Բացի դրանից, հայ աղջիկները վերջին տարիներին ընդունվում են Ռազմական ուսումնական հաստատություններ, այնտեղ, որտեղ տղաներն են սովորում: 3 հոգի արդեն ավարտել է, 11 հոգի հիմա սովորում է»:

«Կեցցեն հայ աղջիկները»,- նախարարի խոսքին արձագանքեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031