Այսօր ՊՆ նախարար Սեյրան Oհանյանը հանդիպեց «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ:
Նախարարը ողջունելով սփյուռքահայերին՝ ասաց, որ մենք հենվում ենք մեր անցած ճանապարհի վրա, որովհետեւ հերոս ժողովուրդ ենք: Նա ասաց, որ դժվար ժամանակաշրջանում ենք ապրում, եւ հայ ժողովուրդը ակնկալում է Սփյուռքի աջակցությունը. «Ուզում ենք մեր կողքին լինեն, որ զգանք, որ միայնակ չենք»:
Նա ասաց, որ Հայկական բանակը, տեսնելով մեր ողջ Սփյուռքի միասնությունը, ավելի վստահ է, որ իր հետեւում կանգնած է հայ ժողովուրդը:
Կարդացեք նաև
Նախարարը երեխաներին առաջարկեց, որ եթե հարցեր ունեն, չկաշկանդվեն: Սփյուռքահայ երեխաներից մեկը՝ Արթուր Հարությունյանը, որը բնակվում է Մոսկվայում, նախարարին հարցրեց՝ «Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ կռիվ կլինի՞ եւ եթե լինի, Ռուսաստանը կօգնի՞»: Նախարարը պատասխանեց, որ մենք ամեն ինչ անում ենք, որ կռիվ չլինի. «Եթե ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի»,- ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ ամեն օր Հայկական բանակը զբաղվում է կատարելագործմամբ:
Նա հիշեցրեց, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. «Եթե պատերազմ հանկարծ լինի, մենք Ադրբեջանի հետ կռվելու որեւիցե խնդիր չունենք: Ինչ վերաբերում է ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի աջակցությանը, ապա նրանք պարտավորված են ՀԱՊԿ-ի համակարգի շրջանակներում գոյություն ունեցող փաստաթղթերով ներդրում ունենան Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար: Բայց մեր ամենամեծ անվտանգության ապահովումը հայ ժողովրդի ներուժի օգտագործումն է: Եթե կռիվ լինի՝ Հայկական բանակը հենց դրա համար է իր գոյություն ու զարգացումն ապահովում, մենք պատրաստ ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ