Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռաիսի դիտարկմամբ, Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման արդյունքում Իրանը կկարողանա հարաբերություններն իր հարևանների հետ էլ ավելի զարգացնել:
«Պետք է նշեմ, որ Իրանի քաղաքականության առաջնահերթություններից մեկը համագործակցությունն է իր հարևանների հետ: Մենք Հայաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք, ուստի հանդիպումներն էլ ավելի կզարգանան»,- այսօր «Մեդիա կենտրոնում» «Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը ինչ ազդեցություն կունենա տարածաշրջանում և հայ-իրանական հարաբերություններում» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց դեսպանը:
Անդրադառնալով Ժնևում օրեր առաջ ստորագրված Իրան-Վեցյակ համաձայնագրին, դեսպանը նկատեց, որ բավականին բարդ բանակցություններ էին. «Ամեն դեպքում այդ բանակցությունների ընթացքում հաջողվեց հայտարարի գալ: Այդ համաձայնագրի կարեւորագույն հանգամանքն այն էր, որ անվտանգության նախագիծը, որը գործադրվում էր Իրանի դեմ՝ կչեղարկվի: Միաժամանակ Իրանին ներկայացրել էին` որպես տարածաշրջանի ամենավտանգավոր գործոն, այդ համաձայնագրի շրջանակում համաշխարհային հանրությունը հասկացավ, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ նպատակների համար է, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը համաձայնություն հայտնեցին, որ Իրանը կարող է հարստացնել իր ուրանը»:
Նա մի անգամ շեշտեց, որ Իրանի ժողովրդի հետ երբեք չեն կարող ուժի լեզվով խոսել. « Իրանի ժողովուրդը 35 տարվա դիմադրությամբ ապացուցեց աշխարհին, որ բանակցությունների կողմնակից է: Ոչ ոք չի կարող իրանցու հետ սպառնալիքի ու ուժի լեզվով խոսել»:
Կարդացեք նաև
Հարցին, թե համաձայնագիրը ինչ հնարավորությունների դուռ կբացի հայ-իրանական հարաբերությունների համար, պարոն Ռաիսին վստահեցրեց.
«Անշուշտ, այդ համաձայնագրի կայացումը շատ կարևոր ազդեցություն կունենա տարածաշրջանի համար»:
Դեսպանի տեղեկացմամբ, առաջիկայում իրանցի բարձրաստիճան պաշտոնատար անձինք` Իրանի փոխնախագահի գլխավորությամբ կժամանեն Հայաստան` ի պատասխան ՀՀ վարչապետի Իրան կատարած այցի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ