Այսօր «Հայելի» մամուլի ակումբում «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարուխանյանը եւ խարդախության մեղադրանքով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 6 տարով դատապարտված, այնուհետեւ համաներումով պատիժը 1,5 տարով կրճատված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը հանդես եկան հայտարարությամբ:
Առիթը Վոլոդյա Ավետիսյանի վաղաժամկետ ազատման հայցի՝ անկախ հանձնաժողովի մերժումն էր: Մինչ հայտարարությունը հրապարակելը Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանն ասաց. «Ես ոչ մի հույս չունեի, որ լուծումը դրական կլինի: Ցավոք սրտի, հանձնաժողովն, այո, քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիայի դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու դիմում-միջնորդությունները մերժում է: Ընդ որում, ընթացակարգը շատ փակ է ու պարզ չէ, թե դա ինչպես է իրականացվում: Տվյալ դեպքում հանձնաժողովի անդամներից ընդամենը մեկ հոգի է այցելել, զրույց ունեցել Վոլոդյա Ավետիսյանի հետ, որը տեւել է հինգ րոպեից ոչ ավելի: Հարցեր են տրվել Վոլոդյա Ավետիսյանի անցած կյանքի վերաբերյալ՝ ինչ է եղել, որտեղ է ծառայել: Հարց է տրվել ընտանիքի անդամների, երեխաների վերաբերյալ. քանի երեխա ունի, ով է ընտանիքի անդամներից աշխատում եւ դրանով սահմանափակվել է: Մերժման ոչ մի հիմնավորում չկա: Իմ ձեռքին այդ փաստաթղթի պատճենն է, որտեղ որպես մերժում «որոշեց» հատված չկա: Կա տեղեկություն, թե ում են ներկայացրել, կան դատապարտյալների անուն-ազգանուններ, որոնցից, եթե չեմ սխալվում, մեկ հոգունը բավարարվել է, մյուսներինը՝ մերժվել: Ոչ մի պատճառաբանություն: Ընդամենը երկու-երեք տող», – ասաց Արա Զաքարյանը:
Գագիկ Սարուխանյանն իր հերթին ասաց. «Այդ հանձնաժողովը, որքան էլ այն անկախ կոչեն, այնուամենայնիվ, կատարում են պատվեր: Դա մի ձեւական կառույց է, որպեսզի դրա միջոցով բաց թողնվեն այն մարդիկ, որոնց պետք է բաց թողնել: Այս մերժումը հստակ ասում է այն մասին, որ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ պետական բարձր մակարդակով հաշվեհարդար է»:
Վերջում Գագիկ Սարուխանյանը արեց հայտարարությունը: «Ես գրավոր տեքստ չեմ պատրաստել եւ հայտարարում եմ բանավոր: Վաղվանից, առավոտյան ժամը 11:00-ից, «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախումբն «Ազատության» հրապարակում սկսում է անժամկետ նստացույց: Մենք վերաձեւավորվում ենք, սկսում ենք պայքարի նոր փուլ եւ Վոլոդյա Ավետիսյանի բարձրացրած խնդիրները շարունակվում են», – հայտարարեց Գագիկ Սարուխանյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ