Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «ՀՀ իշխանությունները շատ լավ հասկանում են, որ ՀԱՊԿ-ն անվտանգության երաշխիք չէ»

Հուլիս 24,2015 14:37

«Որեւէ կասկած չունեմ, որ ՀՀ իշխանությունները շատ լավ հասկանում են, որ ՀԱՊԿ-ն անվտանգության երաշխիք չէ: Ավելին, այն կազմակերպություն չէ, այլ երկրների խումբ, որոնք Մոսկվայի հետ պայմանավորվածություններ ունեն»,- այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ) կազմակերպված քննարկման ժամանակ կարծիք հայտնեց «Համաձայնություն» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Այլ հարց է`բավարար, թե ոչ, բայց Դավիթ Շահնազարյանի կարծիքով, ՀՀ-ն ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններով դիվերսիֆիկացնում է իր անվտանգությունը:

Նա համաձայն չէ Աղասի Ենոքյանի այն դիտարկմանը , որ Ադրբեջանն ուզում է ՆԱՏՕ-ի ներկայացուցչություն ունենալ. «Դա հնացած տվյալ է: Ներկայիս քաղաքականության պայմաններում չկա նման բան, հաշվի առնելով նաեւ, որ մինչեւ վերջերս Ադրբեջանը ֆինանսական օգնություն էր տրամադրում Իսլամական պետությանը»: Նա համաձայն է Թեւան Պողոսյանի հետ`Ադրբեջանն ավելի դանդաղ է աշխատում ՆԱՏՕ-ի հետ:

«Հայկական ատլանտյան ասոցիացիայի» նախագահ Թեւան Պողոսյանը նախ նկատեց, որ ՆԱՏՕ-ն 28 երկրների ու տարբեր շահերի ու առաջնահերթությունների կառույց է, որտեղ ով որքան կարողանում է իր շահն է հետապնդում: Նա չհամաձայնեց, որ Հարավային Կովկասի երկրներից Հայաստանն ամենապասիվն է ՆԱՏՕ-ի հետ համագործակցություններում: Թեւան Պողոսյանը թվարկեց բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ նկատեց, որ միայն Հայաստանն է մասնակցում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ծրագրերին:

Shahnazaryan_Safaryan_Mehra

Թեւան Պողոսյանը բավական դրական է գնահատում ՀՀ ՊՆ-ի`ՆԱՏՕ-ի հետ բարեփոխումների ծրագիրը, ԱԺ-ն է բավական ակտիվ աշխատում, ԱԻՆ-ը, ԱԱԾ-ն, ոստիկանությունը: ԱԳՆ-ի մասով նա թերացում է արձանագրում: «Ո՞ւր կգնա`չգիտեմ, եթե կարողանանք հետեւողական շարունակենք, միգուցե ստացվի»,- ասաց նա:

ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերություններում Հայաստանը դարձել է գլոբալ անվտանգության ապահովողներից մեկը`փաստում է Դավիթ Շահնազարյանը:

Ըստ նրա, ՌԴ-ն գնալով բարդ իրավիճակում է հայտնվում ու առաջիկայում ՀՀ-ի ու Վրաստանի համար լայն հնարավորություններ են լինելու ՆԱՏՕ-ի հետ համագործակցության առումով: Ադրբեջանի պարագայում, հակառակը, քանի որ այդ երկրի քաղաքականության հիմնական վեկտորը, Դավիթ Շահնազարյանի համոզմամբ, ռուսականն է`ելնելով ռեժիմների նմանությունից, այդ երկրներում մարդու իրավունքների ներքին խնդիրներից եւ հակաամերիկյան քաղաքականությունից. «Սա կարծես, ՀՀ իշխանությունն էլ է լավ հասկանում»:

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ» Ռուբեն Մեհրաբյանը համակարծիք է Դավիթ Շահնազարյանի հետ ու կարծում է, որ ՀՀ-ում անհրաժեշտ են քաղաքական եւ հասարակական սուբյեկտներ, որոնք կարող են լինել ՆԱՏՕ-ի գործընկերը, քանզի ՆԱՏՕ-ն, բացի ռազմական-քաղաքականից նաեւ արժեքների վրա հիմնված դաշինք է:

Քաղաքագետ Գեւորգ Մելիքյանն էլ նշեց, որ ըստ որոշ հետազոտությունների՝ ՆԱՏՕ-ն ինքը շահագրգիռ չէ տարածաշրջանում ակտիվանալ, բայց դրա միակ պատճառը ՌԴ-ն չէ: Այդ կարծիքին էին Աղասի Ենոքյանը եւ Ռուբեն Մեհրաբյանը: «Եթե ցանկանար`ճանապարհներ կգտներ, օրինակները կան: ՀՀ-ն պետք է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնի, բայց սա ՀՀ-ի ընտրությունն է եղել`կապված տարբեր աշխարհաքաղաքական իրողություններով»,- կարծում է նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Երբ թուրքերը Կիպրոսը զավթեցին, ՆԱՏՕ ն չխառնվեց, հիմա ուղղակի շատ կասկածելի է որ մեզ համար պիտի խառնվի: Ռուսների հետ թուրքերը գոնե խուսափում են ռազմական խնդիր ունենալուց, որովհետեւ խաշուն կերել են, դրանից բացի իրենք քաջ գիտակցում են որ պարտքեր ունեն վերադարձնելու՝ Հայկական տարածքները, որի մասին Ստալինն ու Մոլոտովը բացահայտ պահանջներ էին դնում, բայց հենց ՆԱՏՕ ի երկրները վճռական արգելք հանդիսացան դրան: Այդ հարցի մասին հիմա չի խոսվում, սակայն չի նշանակում որ մոռացված են իրականում: Հարմար ու հնարավոր պահը երբ գա, ռուսը չի հապաղի իրենը վերցնելու: Թերեւս այս տարբերակը մեզ համար օգտակար լինի: Բոլոր դեպքերում, մեր սիրուն աչքերի համար արեւմուտքը որեւէ զոհողության չի գնա, հատկապես որ իրենց հակառակն է ձեռնտու (հզոր թուրքիա՝ ռուսաստանի դեմ:) Բայց դե, ես “մասնագեթ” չեմ …. Դ. Շահնազարյանը երեւի ավելի խորքերն է տեսնում!

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031