Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ երկրները շահագրգի՞ռ չեն ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների խորացման համար

Հուլիս 24,2015 13:54

«ԼՂՀ խնդրի մասով ՆԱՏՕ-ն բավական շեշտադրումներ կատարել է, որ Հայաստանի համագործակցություններն ավելի գրավիչ են դարձնում`հստակ շեշտադրելով ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հավասարությունը»,- այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ) կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՄԱՀՀԻ հետազոտական ծրագրերի ղեկավար Ստեփան Սաֆարյանը`խոսելով Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հեռանկարների մասին: Այդ եզրահանգմանը բանախոսը եկավ՝ վերլուծելով ՆԱՏՕ-ի վերջին երկու գագաթնաժողովների`Չիկագոյի եւ Ուելսի, ընդունած վերջնական փաստաթղթերը:

Հիշեցնենք, ՆԱՏՕ-ի վերջին`անցած տարի Ուելսում կայացած գագաթաժողովում Հայաստանը մասնակցեց նախագահի մակարդակով:

Ստեփան Սաֆարյանը խոսեց ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների հեռանկարների`ՀՀ-ի անվտանգության հնարավորությունների տեսանկյունից: Նա նկատում է, որ լինելով ՀԱՊԿ անդամ՝ Հայաստանը դինամիկ զարգացող հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ: «Այս պարադոքսի պատճառներն անհասկանալի են: Պատճառը կհամարենք Մոսկվայի թույլտվությունը, թե այն, որ Մոսկվան ինքն էլ այլընտրանք չունի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների պահպանման, միեւնույն է, փաստ է, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները դինամիկ զարգանում են»: Ըստ նրա, նաեւ տարածաշրջանում, ՆԱՏՕ-ն դիտարկվում է ռազմական անվտանգության սպառնալիքները նվազեցնելու գործոն ու թերեւս սրանք են պատճառը, որ Հայաստանը ակտիվորեն ներգրավված է ՆԱՏՕ-ի ծրագրերում:

«ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններում այնուհանդերձ տեղաշարժեր եղել են եւ դա գնահատման կարիք ունի»,- ասաց նա`հավելելով, որ ՀՀ-ն եւ ՆԱՏՕ-ն չորս անհատական գործողությունների ծրագիր են ստորագրել: Առաջին փաստաթղթերում խոսքը Եվրոատլանտյան գործընկերությունում Հայաստանի լիարժեք ներգրավման մասին էր, վերջին փաստաթղթերում դրանք չկան: «Միգուցե դա զգուշավորություն էր`ելնելով Վրաստանի օրինակից, բայց սա հետընթաց դինամիկա է: Սկզբնական շրջանում Հայաստանը շատ ավելի պատրաստակամ է եղել, քան վրաց-ռուսական պատերազմից հետո տարածաշրջանում առաջացած միգուցե օբյեկտիվ իրավիճակով»,- ասաց նա:

Ստեփան Սաֆարյանը գտնում է, որ Հայաստան-ՆԱՏՕ քաղաքական հարթության վրա համագործակցության հեռանկարների ճշգրտումը խնդրահարույց է, բայց մեծ հնարավորություններ կան այդ հարաբերությունների զարգացման ու խորացման առումով, մանավանդ, որ ԼՂՀ հարցի մասով մտահոգությունները ուելսյան գագաթաժողովում հստակեցվեցին: Միակ խնդրահարույց հարցը նա համարում է Ղրիմի հարցով ՀՀ-ի պաշտոնական դիրքորոշումը: Մինչդեռ, 2008-ին, ըստ բանախոսի, ՀՀ-ն կարողացավ խուսափել ՌԴ-ի պահանջից`Հարավային Օսեթիան եւ Աբխազիան ճանաչելու մասով:

«Անկախ անհատական գործողությունների ծրագրերի ամրագրումներից ու կատարումից, ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ Հայաստանը ռազմական եւ ռազմավարական համագործակցության լուրջ քայլեր է արել»,- կարծում է նա`հավելելով, որ փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի կշիռը իր ռազմավարական գործընկերոջ մոտ բարձրանում է, երբ ինքնուրույն քաղաքականություն է վարում, ուստի ոչ միայն անվտանգության, այլ արտաքին քաղաքականության մասով, այս հարաբերությունների խորացումը շատ կարեւոր է:

Քննարկմանը ներկա «Հայկական ատլանտյան ասոցիացիայի նախագահ» Թեւան Պողոսյանը նկատեց, որ հենց ԵՄ երկրները թույլ չեն տվել, որ Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործողությունների ծրագրերում նախնական ձեւակերպումները նույնությամբ պահպանվեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031