Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ի ինչի՞ն է պետք Հարավային Կովկասը

Հուլիս 24,2015 13:23

«ՆԱՏՕ-ն ցանկանում էր տեսնել ետխորհրդային տարածքը, որպես կայունության գոտի, քանզի ԽՍՀՄ փլուզումից հետո առնվազն երեք թեժ կետ կար այդ տարածքում: Սեւ ծովը «բացելու» հնարավորությունը, քանզի այն խորհրդային տարիներին մնում էր ռուսական փակ լիճ, տարածաշրջանում Իրանի առկայության գործոնը»,- սրանք մի քանիսն են այն գործոններից, որոնք, ըստ Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանի, փաստում են, թե ՆԱՏՕ-ի ինչի՞ն է պետք Հարավային Կովկասը: Այդ մասին այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ) կազմակերպված «ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում եւ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց բանախոսը:

Նա մանրամասն ներկայացրեց ՆԱՏՕ-ի համագործակցությունը Հարավային Կովկասի առանձին երկրների հետ, այդ թվում նաեւ պատերազմական իրավիճակներում համագործակցությունը: Նկատեց, որ 2011 թվականից Վրաստանը ՆԱՏՕ-ի հայցվոր երկիր է, բայց գործողությունների ծրագիրը դեռ Վրաստանին չի տրվել եւ դեռ հեռու է իրականությունից: Պատճառն այն է, որ ՆԱՏՕ-ն գիտակցում է, որ դրանով կբախվի ՌԴ-ի լուրջ հակազդեցությանը: Նաեւ Վրաստանի տարածքում կան երկու կոնֆլիկտային գոտիներ, որոնք խնդիր են:

Աղասի Ենոքյանի գնահատմամբ, Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ավելի մեղմ, աչքի չընկնող տարբերակներ է ընտել, դարձյալ որպեսզի ՌԴ-ի հակազդեցությունը չառաջացնի: Միեւնույն ժամանակ, նա նկատում է, որ բավական ինտենսիվ աշխատանքներ են ընթանում: Ըստ բանախոսի, Ադրբեջանի հիմնական խնդիրը, որ ձգտում է ՆԱՏՕ, Թուրքիայի հետ ռազմական եւ ռազմավարական համագործակցությունն է: «ՆԱՏՕ-ն, սակայն, այս իմաստով, փորձում է հավասարակշռել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները: Ադրբեջանը վաղուց պնդում է, որ իր երկրում ՆԱՏՕ-ի ներկայացուցչություն է պետք բացել, Բայց Բրյուսելը դանդաղում է, փորձելով դա զուգահեռել Հայաստանի հետ»,- ասաց նա:

Գալով Հայաստանին, նա նկատեց, որ Հայաստանի ղեկավարները միշտ հայտարարել են, թե ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կարող է վնասել ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերություններին. «Ու եթե նայում ենք համագործակցության դինամիկային, շատ դեպքերում Հայաստանը հետեւում է Վրաստանի եւ Ադրբեջանի օրինակին»:

ՆԱՏՕ-ի եւ եվրոպական կառույցների պասիվության պատճառը տարածաշրջանում, Աղասի Ենոքյանը կարծիքով, այն է, որ Հարավային Կովկասն ընկալվում է իբրեւ միասնական տարածք. «Նաեւ ԽՍՀՄ-ը չկա եւ ՆԱՏՕ-ի դերակատարումն է փոխվել: Տարածաշրջանում ՆԱՏՕ-ն ներկայացված է Թուրքիայով, բայց իր անվտանգության խնդիրները լուծելու համար Թուրքիան ՆԱՏՕ-ի օգնության կարիքը չունի, այդ հարցերը նա հոգում է տարածաշրջանի առանձին երկրների հետ: Նաեւ ՌԴ-ի եւ Իրանի գործոնները կան»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031