Լրահոս
Օրվա լրահոսը

41 հրդեհների պատճառով այրվել է 182,7հա հացահատիկի արտ

Հուլիս 24,2015 13:10

Մի քանի օրից Քաշաթաղի շրջանի հարավային թևում կավարտվի հացահատիկի բերքահավաքը, սակայն հյուսիսային թևում, որտեղ կատարվել է գարնանացան, դեռ հնձի աշխատանքները չեն սկսվել:

Ընդհանուր առմամբ շրջանում կատարվել է 13653հա հացահատիկի ցանքս, որից գարի՝ 7320 հա, ցորեն՝ 4547 հա և հաճար՝ 1876հա: Հուլիսի 24-ի դրությամբ հնձվել է 12533 հա. ստացվել է 36175տ համախառն բերք՝ 28,9ց/ հա բերքատվությամբ:

Հուլիսի 23-ին շրջանի համայնքների ղեկավարների և գյուղոլորտի պատասխանատուների մասնակցությամբ շրջվարչակազմի նիստերի դահլիճում կայացավ շրջխորհրդի նիստ, որը վարեց շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը: Նիստին ներկա էին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը, այլ պաշտոնատար անձինք:

Ս. Խաչատրյանը, բացելով խորհրդի նիստը, առաջարկեց շնորհավորել Ա. Մխոյանին՝ գյուղնախարար նշանակվելու առիթով և խոսք տվեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանին: Անդրադառնալով բերքահավաքը ժամանակին և անկորուստ ավարտելու համար իրականացրած միջոցառումներին՝ Ա. Մխիթարյանը նշեց, որ մայիս ամսին Իշխանաձոր գյուղում սկսել է գործել օպերատիվ շտաբ՝ շրջվարչակազմի ղեկավարի գլխավորությամբ: Ցանքատարածքներում գործել են հակահրդեհային հենակետեր, կազմակերպվել է շուրջօրյա հերթապահություն հրշեջների և կամավորների մասնակցությամբ:

Այնուամենայնիվ հնարավոր չեղավ խուսափել հրդեհներից: Տեղի ունեցած մեծ ու փոքր 41 հրդեհների պատճառով այրվել է 182,7հա հացահատիկի արտ: Ա. Մխիթարյանը տեղեկացրեց նաև, որ ԼՂՀ վարչապետի առաջարկով հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցածներին հատկացվել է ցորեն և գարի՝ ընդհանուր 66տ: Բացի այդ՝ կապվել է 22.000 հակ ծղոտ, որը բաշխվել է բնակիչներին:

DSCN1857 DSCN1852 DSCN1839

Բանջարաբոստանային մշակաբույսերի արտադրության, իրացման խնդիրների մասին զեկուցեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ալեքսանյանը: Տեղեկացրեց, որ շրջանում կատարվել է 127հա բանջարեղենի և 205հա պարենային բոստանի, 272հա եգիպտացորենի, 38հա կարտոֆիլի, 3հա արևածաղկի, 106հա կորնգանի, 115հա առվույտի, 93հա հատիկաընդեղենի ցանքս:

Զեկուցողը նշեց, որ բնակլիմայական աննպաստ պայմանների պատճառով գարնանացանը գրեթե մեկ ամիս ուշ է կատարվել, որն էլ իր բացասական ազդեցությունն է թողել մշակաբույսերի զարգացման, բերքատվության, բերքի իրացման վրա: Հատկապես վատ վիճակում է մոտ 40հա եգիպտացորենի ցանքատարածք:

Բերքահավաքը նույնպես սկսվել է ուշացումով, այնուամենայնիվ, արդեն վաճառվել է մոտ 40տ բանջարեղեն, 250տա ձմերուկ, 80տ կարտոֆիլ, 150տ պտուղ: Ա. Ալեքսանյանն անդրադարձավ նաև անասնակերի կուտակման աշխատանքներին՝ նշելով, որ արդեն հավաքվել է 10500հակ խոտ, 2700տ սենաժ:

Տեղեկացրեց նաև, որ ձմերուկի իրացումը դժվար է կատարվում: Ինչ վերաբերում է սերմերին, նշեց, որ երբեմն դրսից գնված սերմացուն անորակ է լինում: Այս առումով գյուղնախարարն առաջարկեց մշակել այնպիսի պտուղ և բանջարեղեն, որոնց իրացումն ավելի հեշտ է և շահավետ: Առաջարկեց նաև հողօգտագործողն ինքը լուծի սերմի հարցը՝ փորձից ելնելով:

Չնայած կատարած աշխատանքներին, այնուամենայնիվ, որոշ համայնքներում՝ Կովսական, Մուշ, Ալաշկերտ Երիցվանք և այլն, կա ոռոգման ջրի պակաս: Գյուղնախարարն իր հերթին նշեց, որ ոռոգման ջուրը պետք է խնայողաբար օգտագործվի:

Հայտնեց նաև, որ մոտակա ժամանակներում գյուղնախարարությունը կկազմակերպի սեմինար-դասընթացներ, որոնց ընթացքում մասնագետները խորհուրդներ կտան հողօգտագործողներին:

Հորդորեց նաև, ժամանակին և ագրոտեխնիկական կանոնները ճիշտ պահելով, կատարել ցանքս, ժամանակին իրականացնել անհրաժեշտ գյուղատնտեսական աշխատանքները;

Անասնապահության խնդիրներին անդրադարձավ «Քաշաթաղի անասնաբուժական կայան» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Էլբակյանը: Շրջանում հունիս ամսին հաշվառվել է 13372 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որից կթու կով՝ 5124 գլուխ: Մանր եղջերավորների թիվը հասնում է 34689-ի: Կա 3226 գլուխ խոզ, 29734 թև թռչուն, 648 միասմբակավոր, 5184 մեղվաընտանիք:

Խոսելով բուժական միջոցառումների մասին՝ Ա. Էլբակյանը տեղեկացրեց, որ «Բրոցելլոզ» հիվանդության կասկածով հետազոտվել է 5755 գլուխ խոշոր եղջերավոր, հայտնաբերվել է 5 հիվանդ անասուն: 16633 մանր եղջերավորներից հիվանդ են եղել 8-ը: Հիվանդ անասունները սահմանված կարգով ոչնչացվել են:

Գյուղնախարարին հետաքրքրեց նոր՝ այսպես կոչված անասունների «ծաղիկ» հիվանդության առկայությունը: Ա. Էլբակյանը տեղեկացրեց, որ այս հիվանդությունը սկզբում նկատվել է Հոչանց համայնքում, որտեղ գրանցվել է նաև խոզերի աֆրիկյան ժանտախտ: 115 անասուններից ծաղիկով հիվանդ են եղել 4-ը, որից 3-ը բուժվել են, մեկը ենթարկվել է հարկադիր մորթի: Այս ամսվա դրությամբ ծաղիկ հիվանդությամբ անասուններ եղել են Մշենի, Սոնասար, Գողթանիկ, Ներքին Սուս համայնքներում՝ ընդհանուր 43 գլուխ:

Ժամանակին իրականացված բուժման արդյունքում անասունների մի մասն արդեն առողջ է, մյուսները բուժվում են: Ա. Էլբակյանը նախարարին խնդրեց, որ իրենց ՊՈԱԿ-ին հատկացվի 2-րդ ծառայողական մեքենա՝ հաշվի առնելով շրջանի տարածքի մեծությունը:

Չմարված վարկային պարտավորությունների վերաբերյալ հարցեր տվեցին համայնքների ղեկավարները:

Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Ա. Բախշիյանն ասաց, որ վարկերը պետք է անպայման մարվեն, որպեսզի հնարավոր լինի բանկերից նոր, ավելի մեծ չափով ու արտոնյալ վարկեր տրամադրվեն: 2008-2009 թվականներին վերցրած և դեռևս չմարված վարկերի առումով նշեց, որ դրանք նույնպես պետք է վերադարձվեն: Այս հարցով կառավարությունը կաջակցի համայնքներին:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031