Հայտնի է, որ Երեւանի քաղաքային տրանսպորտը վատթար վիճակում է:
Այդ մասին խոսում են այն օրվանից, երբ ուղեվարձի սակագինը բարձրացնելու փորձերը ձախողվեցին: Այդուհանդերձ հետագա տարիները ցույց տվեցին, որ, իրոք, քաղաքային տրանսպորտի ոլորտում լուրջ բարեփոխումների կարիք կա՝ եթե ոչ սակագինը բարձրացնելով, ապա ուղեւորափոխադրումների համար այլ՝ արդյունավետ քաղաքականություն մշակելով:
Բայց մինչ օրս ոլորտն ինքնահոսի է մատնված: Այնինչ արդեն ուղեւորափոխադրումներ իրականացնող տնտեսավարողները պնդում են, որ, ելնելով երկրում գոյություն ունեցող պայմաններից, այլեւս ձեռնտու չէ իրենց բիզնեսը շարունակելը:
Ուղեւորափոխադրողների միության նախագահ ՀՐԱՆՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ հավաստիացմամբ՝ ուղեւորափոխադրում իրականացնող 5-ից ավելի կազմակերպություններ վերջին մեկ-երկու տարում լքել են ոլորտը՝ կա՛մ հայտնվելով սնանկացման եզրին եւ կամ էլ չցանկանալով առանց շահույթի աշխատել, 7 տնտեսավարողներ էլ դատական գործընթացների մեջ են:
Կարդացեք նաև
Օրերս էլ հերթական ընկերությունը հայտարարեց իր սնանկացման մասին: «Արշակյան եղբայրներ» ՍՊԸ-ն, որը 2007թ. շահագործում է Երեւանի թիվ 30 եւ թիվ 67 միկրոավտոբուսային երթուղիները, անցած տարի դիմել էր դատարան՝ ընկերությունը սնանկ ճանաչելու հայցով: Հայցը բավարարվել է, եւ այժմ ընկերությունը պետք է պարտքերը մարի՝ սեփական գույքն օտարելու միջոցով: Հենց այդ նպատակով էլ «Արշակյան եղբայրները» աճուրդի է հանել իր սեփականությունը համարվող 21 միկրոավտոբուսները:
Ի դեպ, հիշեցնենք, որ դեռ անցած տարի այդ նույն տնտեսավարողը ստիպված է եղել հրաժարվել իր շահագործած երեք երթուղիներից եւս մեկի սպասարկումից՝ վառելիքի թանկացման, տրանսպորտային միջոցների մաշվածության, դրանք վերանորոգելու համար միջոցների բացակայության եւ վնասով աշխատելու պատճառով:
Հրանտ Եղիազարյանը մտահոգված է, որ հեռու չէ այն օրը, երբ քաղաքային տրանսպորտը շահագործող ընկերությունները մեկը մյուսի հետեւից կսկսեն կա՛մ սնանկանալ, կա՛մ այլ գործունեությամբ զբաղվել՝ հասկանալով, որ ուղեւորափոխադրումն իրենց համար այլեւս շահույթներ չի ապահովում. «Ուղեւորափոխադրողը բիզնեսմեն է, եւ ոլորտը շահագործելու համար նրան միայն մի բանով կարելի է շահագրգռել՝ ակնկալվող շահույթով: Նա բարեգործ չէ, որ իր հաշվին կամ լավագույն դեպքում՝ առանց շահույթի աշխատի:
Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում