«Ժամանակի» զրուցակիցն է մշակութաբան Վարդան Ջալոյանը։
– Պարոն Ջալոյան, նախօրեին Գագիկ Ծառուվյանի հերթական եկեղեցու բացումն էր Նոր Հաճընում։ Օլիգարխների կողմից վերջին տարիներին եկեղեցաշինությանը զարկ տալը չի՞ նշանակում արդյոք, որ նրանք իրենց ապօրինություններն են քողարկում դրանց հետեւում, իսկ եկեղեցին էլ ինչ-որ առումով լեգիտիմացնում է դրանք։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում։
– Պետք է նշել, որ վերջին տասը տարվա ընթացքում օլիգարխների ստատուսը փոխվել է։ Որպես օրինակ նշեմ «Հարսնաքարի» նշանավոր դեպքը, երբ հասարակության վրդովմունքի ազդեցության տակ հրաժարական տվեց Ռուբեն Հայրապետյանը։ Բայց եթե մենք դիտարկենք Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցածը, ապա տեսնում ենք, որ չնայած հասարակության վրդովմունքին՝ վերջինս մնաց իր պաշտոնում։ Սա նշանակում է, որ օլիգարխները զգում են, որ պետական չինովնիկների համեմատ՝ իրենց դրությունը պակաս կայուն է։ Այս առումով եկեղեցաշինությունը իրենց համար ապահովություն է, որպեսզի արժանանան հասարակության բարեհաճությանը։ Եկեղեցի կառուցողը կարծես դառնում է անձեռնմխելի։
Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ եկեղեցին շատ պահպանողական կառույց է, եւ այդ պահպանողականության շնորհիվ, օրինակ, պահպանվում է ստատուս քվոն։ Օրինակ՝ իրենք չեն կառուցում մանկապարտեզներ կամ համերգասրահներ, թանգարաններ եւ այլն, չնայած թվում է, որ հասարակությունը նաեւ մշակույթի, արվեստի, գրականության կարիքն ունի, մինչդեռ եկեղեցու նշանակությունը, արվեստի եւ գրականության համեմատ,
պահպանողական է, եւ այս առումով իրենից ներկայացնում է այն բոլոր գաղափարները, որ իրենք անվանում են պահպանողական կամ ազգային։ Եվ, իհարկե, պաշտպանում են այդ տեսակի որոշակի գաղափարախոսություն։
– Սակայն Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ժողովուրդն է իրենից պահանջում եկեղեցի կառուցել։ Անհեթեթ չէ՞ ժողովրդի անունից նման բան ասելը։
– Եթե վերցնենք հանրային մյուս ոլորտները, մենք տեսնում ենք, որ եկեղեցիներ կառուցում են ոչ հենց այնպես, այլ մյուս ոլորտների հաշվին։ Օրինակ՝ եկեղեցին կարող է դիտարկվել որպես մի տեղ, որտեղ մարդիկ կարող են գալ եւ հանդիպել իրար։ Բայց նույնը մարդիկ կարող են անել արվեստի, մշակույթի միջոցով, որը նույնպես կարող է համախմբել մարդկանց։
Բայց եկեղեցու առանձնահատկությունն այն է, որ մարդիկ պասիվ են՝ ի տարբերություն նկարչական կամ երաժշտական խմբակների։
Սիրանույշ ՊԱՊՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում